Մեկնաբանություն

29.10.2011 15:40


Իսկ եթե Սերժ Սարգսյանին էլ մի լավ գործ առաջարկեն

Իսկ եթե Սերժ Սարգսյանին էլ մի լավ գործ առաջարկեն

Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, մեկնաբանելով իր հրաժարականի պատճառը, փաստացի հաստատեց,  որ համայն հայության մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնից հեռանում է, քանի որ մեկնում է Ռուսաստան։ Ճիշտ է, նա ավելացրեց, թե անձնական բնույթի խնդիրներով է նաև պայմանավորված իր որոշումը, բայց հասկանալի է, որ անձնականի պահը մեջտեղ բերելը ձևական «ատմազկա» էր։

Մամուլում արդեն գրվել է այն մասին, որ «Գազպրոմից» շատ բարձ աշխատավարձով գործ են խոստացել Կ. Կարապետյանին։ Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանում պաշտոնը դարձել է դրսում բարձր աշխատավարձով գործ կպցնելու և որևէ երկրում տնավորվելու միջոց, իսկ Երևանն էլ որբի գլուխ է և ում քեֆն ինչպես ուզի՝ կարող է «դալլաքություն» անել այդ գլխի վրա։

Դատելով ամենից՝ հայ պաշտոնյաներից ոմանց համար պաշտոնը ոչ թե պատասխանատվություն է և պետությանը ծառայելու պատիվ, այլ սեփական բարեկեցության մակարդակի բարձրացմանը նպաստող միջոց, ու հենց ավելի շատ վաստակելու հնարավորություն է ստեղծվում՝ նրանք անմիջապես լքում են տարածքը և բոլորիս «գուդբայ» ասում։ Ավելին՝ պաշտոնը մեզանում, թերևս, նպաստում է այն բանին, որ դրսում տեղավորվելու ավելի լավ տարբերակներ ստեղծվեն, քանզի որքան բարձր է պաշտոնը, այնքան ավելի լայն են այն տնօրինողի արտաքին կապերը և, հետևաբար, ավելի մեծ է լավ գործ գտնելու շանսը։

Այս ամենի վրա զարմանալ պետք չէ, քանի որ երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը վկայում է՝ Սերժ Սարգսյանի թիմի և ընդհանրապես գործող իշխանության հիմնական գաղափարախոսությունը «կանաչն» է՝ փողը, և ով ինչպես կարողանում, փողի ու լավ կյանքի տեղ է փնտրում։ Այսինքն՝  մեր երկիրը իշխանավորների համար պարզապես խոպան տարածք է և խոպանչու հոգեբանությամբ ապրողները այն դիտում են որպես լավ ցատկահարթակ՝ այլ պետություններում այստեղ կուտակած փողերը մսխելու համար։ Միգուցե սա Տիգրան Սարգսյանի երազած «Հայկական աշխարհի» մոդելի գործնական դրսևորումների՞ց է։ Միգուցե։ Չեմ կարող հաստատ պնդել։

Հետաքրքիր է. իսկ Մոսկվայի, Սիկտիվկարի կամ, ասենք, աֆրիկյան որևէ երկրի քաղաքի «mayor»–ը կգա՞ մեզ մոտ ատոմակայանում կամ կոնյակի գործարանում աշխատելու, եթե նույնիսկ ավելի բարձր աշխատավարձ խոստանան նրան այստեղ, քան նա ստանում է իր երկրում։ Մտածելու բան է։

Եթե մարդն ուրախ դեմքով և առանց աչք թարթելու հայտարարում է, թե Երևանի կառավարման «դրայվի» զգացողությունն ուզում է փոխարինել ռուսական «օվերդրայվով», ապա պատկերացնել կարելի է, թե ինչպիսի «փլեյբոյներով» են լցված իշխանական կաբինետները։

Քաղաքապետի հրաժարականի պատմությունը ևս մեկ անգամ բացահայտում է այն արժեհամակարգի էությունը, որով առաջնորդվում են բարեպաշտության, համեստ ապրելակերպի ու հայրենասիրության քարոզի տակ թաքնված «բարեշրջիչները». ցինիզմն ու «պոֆիգիզմը» դարձել են խաղի կանոն։

Փաստորեն, երբ Ս. Սարգսյանի թիմն անկախության տոնակատարությունների ժամանակ գովազդում էր «Հայաստանը դու ես» կարգախոսը, մտքում ի նկատի ուներ այն «հարիֆ» քաղաքացուն, ով դեռ չի կարողացել այստեղի խոպանում փող աշխատել ու ռուսաստաններում կամ ղազախստաններում ոտքի տեղ անել։

Ի դեպ, ուշագրավ էր Կարեն Կարապետյանի հրաժեշտի հարցազրույցում հնչեցրած այն ձևակերպումը, թե ինքը շարունակելու է մնալ Ս. Սարգսյանի թիմի անդամ։ Ով էլ կասկածե՜ր։ Երբ նախագահականի երիտշրջապատը գնա Մոսկվա, այն ժամանակ Երևանը «Գազպրոմի» հետ փոխած Կարենը, որպես թիմի անդամ, հավանաբար նրանց համար «մին լյավ» «դրայվ» կկազմակերպի, և մոսկովյան «կայֆերի» ժամանակ թիմակիցները ծիծաղով կհիշեն, թե ինչպես էր նախկին քաղաքապետը «դիստորշընը» միացրած ապամոնտաժում շարքային երևանցիների կրպակները և «լոնգ լիվ ռոք–ն–ռոլ, լոնգ լիվ Երևան» ծրագրի շրջանակներում «շողուլի» բերում հազարամյակների պատմություն ունեցող քաղաքի տեսքը, այն քաղաքի, որտեղ չէր պատրաստվում ապրել, այն քաղաքի, որն օդի ու գազի խառնուրդից թեթև գնահատվեց։

Ռուսաստան մեկնելու ծրագրերի առկայությունն էր երևի պատճառը, որ քաղաքապետը հանգիստ սրտով թանկացրեց մետրոն. մեկ է ինքը չէր օգտվելու դրանից։

Կարեն Կարապետյանը հրաժարական տվեց (կամ էլ՝ «տվացրին»)՝ չհասցնելով կատարել Երևանի ուղևորափոխադրումների վիճակը բարելավելու խոստումը, բայց փոխարենը հասցրեց ընկերների հետ հիմնած հսկայական ռեստորանը շահագործման հանձնել։

Ասում են, թե Կարապետյանն ավելի շուտ հրաժարական կտար, քանի որ «Գազպրոմի» առաջարկն ավելի շուտ էր ստացել, բայց չի ուզեցել դա անել, քանի որ ուզեցել է մոտ 1 ամիս առաջ տեղի ունեցած աղջկա հարսանիքին Երևանի քաղաքապետի կարգավիճակով մասնակցել։ Դա էլ երևի մեր պաշտոնյաների «բոմոնդական զամաշկեքի» յուրօրինակ դրսևորումներից է։ Ինչևէ։

Լավ, ամեն ինչ մի կողմ։ Մի հարց է հիմա ինձ հետաքրքրում. հնարավո՞ր է, որ ՀՀ նախագահ աշխատող Սերժ Սարգսյանն էլ դրսից բարձր աշխատավարձով գործի առաջարկ ստանալու դեպքում լքի Հայաստանը՝ հեռանալիս հայաստանցիներիս նետելով, թե Հայաստանը դու ես։ Անկեղծ ասած՝ դեմ չեմ լինի, եթե այդպիսի մի բան տեղի ունենա։ Սա այն դեպքը կլինի, երբ առանձին վերցրած մեկ արտագաղթողի փաստը առավելապես դրական երևույթ կգնահատեմ։ Եթե այս միտքը շատերին դուր եկավ, ապա առաջարկում եմ նախաձեռնողականություն ցուցաբերել և ազգովին խնդրել «Գազպրոմի» Միլլերին, որպեսզի նա Սերժ Սարգսյանի համար բարձր աշխատավարձով մի աշխատատեղ ստեղծի և նպաստի «Հայկական աշխարհի» ներկայացուցիչների շատացմանը։

Պարզ է, որ առաջարկս իրականություն դառնալու դեպքում Սարգսյանն ավելի թանկ կնստի Միլլերի վրա, քան Կարապետյանը, բայց կարծում եմ, որ կարելի է նույնիսկ Հայաստանի բյուջեից փոխհատուցել այն տարբերությունը, որը կլինի Կարապետյանի ու Սարգսյանի աշխատավարձերի միջև։ Հավատացնում եմ, որ մեր բյուջեից Սարգսյանի աշխատավարձի ֆոնդին փոխանցվելիք գումարն ավելի շատ չի լինի, քան դրսից բերվող վարկերի հաշվին կառավարող ու ՀՀ–ն պարտքի տակ գցող Բաղրամյան 26–ի տիրակալի այստեղ մնալու պարագայում։

Էս տարբերակով հա՛մ Հայաստանը կփրկվի, հա՛մ Սարգսյանն ավելի լավ կապրի։ Կարապետյանի գնալը վկա։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ «ֆեյսբուքում» կարելի է մի հատ խումբ բացել՝ «Միլլերից պահանջում ենք Սերժ Սարգսյանին ամսեկան 10 միլիոն դոլար աշխատավարձով աշխատանք առաջարկել «Գազպրոմում»» անվանմամբ ու ստիպել, որ ռուս միլիարդատերը գոնե ձևականորեն այդ առաջարկն անի մեր «ֆուտբոլասերին»։ Եթե դրանից հետո ՀՀԿ «ճկուն» ղեկավարը չընդունի Միլլերի առաջարկը, ուրեմն նա հաստատ Հայաստանում ավելի շատ է աշխատում ամսեկան, թե չէ կհամաձայներ։

Հ.Գ.–2։ Կարեն Կարապետյանն այդքան փող ծախսեց ու որպես քաղաքապետ «ֆեյսբուքում» ահագին գովազդ տեղադրեց, որպեսզի «լայքեի» միջոցով «ֆրենդեր» հավաքի։ Հիմա ի՞նչ է լինելու իր ֆեյսբուքյան էջում ու արդյոք «ֆրենդերի» հետ նա այսուհետև շփվելու է որպես «mayor», թե՞ «գազավիկ»։

Տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան դրությամբ նրա քաղաքապետական գովազդը դեռ պտտեցվում էր սոցիալական ցանցում։ Հավանաբար ճամպրուկային տրամադրությունների պատճառով մոռացել են «ստոպ» տալ գովազդը կամ էլ Կարապետյանն ուզում է մինչև վերջ ֆռռացնել իր նկարը «ֆեյսբուքում» և նորանոր արցունքներ քամել ֆանատներից։

թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ կարող եք թողնել այստեղ՝ ttp://blog.7or.am/archives/7611#comments

Այս խորագրի վերջին նյութերը