Քաղաքական

15.11.2023 23:07


Սերգեյ Բագրատյանի կինն ավազի ապօրինի հանք է շահագործում

Սերգեյ Բագրատյանի կինն ավազի ապօրինի հանք է շահագործում

Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ «Հետքը» պարզել է, որ հանքարդյունահանողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։ Դա շարունակվում է նաև այսօր։

Մասիս համայնքի Ռանչպար գյուղից Արաքս գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում՝ Քասախ գետի ափերով պարփակված տարածքում 2023 թ. սկզբից ավազի արդյունահանում է կատարվում։ Արբանյակային լուսանկարների միջոցով երևում է, որ հանքարդյունահանում իրականացում է առնվազն 2023 թ. ապրիլից։

Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ հողամասի սեփականատերը Հուսիկ Բաղդասարյանն է։ Տարածքում ձկնաբուծական տնտեսություն է գործել, որը երկար տարիներ նպատակային նշանակությամբ չի օգտագործվել։ 2022 թ.-ին 64 հա հողատարածքը վարձակալության իրավունքով գրանցվել է «Արարակ» ՍՊԸ-ի անվամբ։

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ այս ընկերությունը 2022 թ.-ի հունիսին ստեղծել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կինը՝ Նաիրա Հակոբյանը։ ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը պատկանում են նրան։

Ռանչպար գյուղ մեր այցելության ժամանակ արձանագրեցինք, որ ավազի արդյունահանում է կատարվում։ Ավազով բեռնված բեռնատարներ էին դուրս գալիս հանքավայրից։ Տարածքում աշխատում էին ավազ տեսակավորող տեխնիկա և ամբարձիչներ։ Սարքավորումների էլեկտրական սնուցման համար տարածքում ենթակայան էր տեղադրված։

Հանքարդյունահանում սկսելուց առաջ այն նախաձեռնողը պարտավոր է հանքերևակման համար դիմել Շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի ՇՄԱԳ փորձաքննություն անցնի։ Դրանից հետո համայնքում պետք է հանրային լսումներ անցկացվեն։ Հանքի պաշարների ուսումնասիրությունից հետո ևս մեկ ՇՄԱԳ փորձաքննություն պետք է իրականացվի, որի դրական եզրակացությունից հետո շահագործողը ստանում է արդյունահանման թույլտվություն (ընդերքօգտագործման իրավունք)։

Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում «Արարակ» ՍՊԸ-ի անվամբ ՇՄԱԳ փորձաքննության ո՛չ նախագիծ կա, ո՛չ էլ՝ եզրակացություն։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում հրապարակվում է հանքարդյունահանման թույլտվություն ստացած ընկերությունների ցանկը։ Այդ ցանկում «Արարակ» ՍՊԸ-ի մասին հիշատակում չկա։ Ի դեպ, ՊԵԿ-ը հայտնաբերել է, որ «Արարակ» ՍՊԸ-ն առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի դուրս գրելու ապրանքներ է տեղափոխել։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը