Քաղաքական

15.11.2023 15:09


Պետության ապագան կասկածի տակ դնող իշխանության հետ բյուջեից խոսելը դժվար է. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

Պետության ապագան կասկածի տակ դնող իշխանության հետ բյուջեից խոսելը դժվար է. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

ԱԺ-ում քննարկվում է 2024 թ. բյուջեի նախագիծը: Իր ելույթում «Հայաստնա» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է հատկապես, կրթության, մշակույթի ոլորտներին: Ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի հայրենակիցներ,

Պետության ապագան կասկածի տակ դնող քաղաքական ղեկավարության, ապատիկ հասարակության, անվտանգային զրո երաշխիքներով այս իրականության մեջ, երբ ոչ միայն չի սպիանում կորսված Հայրենիքիդ ցավն ու այլ ամեն վայրկյան բախվում ես արժեքային և ինսիտուցիոնալ կոլապսի հետ, դժվար է բյուջեից խոսելը: Բայց անհրաժեշտ է, որովհետև թվերից անդին բյուջեն տվյալ երկրի փիլիսոփայությունն է, երկիրը կառավարելու, ինչ և ինչպես անելու տեսլականը:

Խոսելու եմ հիմնականում հոգևոր ոլորտից՝ այն համոզումով, որ այս համակողմանի գոյութենական ճգնաժամը հնարավոր է հաղթել, եթե կարողանանք խորապես մտածված մշակութային ու կրթական քաղաքականություններով ձևավորել պետականության, Հայրենիքի ու ինքության գիտակցում ունեցող քաղաքացի՝ հայ մարդ:

Բյուջեի ուղերձի հաստատումը, թե «Այն ամբողջությամբ համահունչ է կառավարության ծրագրին և սահմանված առաջնահերթություններին», նվազագույնը պարկեշտ չէ, եթե արձանագրենք, թե կառավարության ծրագրի և իշխող քաղաքական ուժի մի շարք խոստումներ ինչ ողբերգական հանգրվան ունեցան։ Այս պահին դրանց չեմ անդրադառնա, կխոսեմ ԿԳՄՍ ոլորտներից։

2024 թ․ պետբյուջեում ԿԳՄՍ նախարարության մասով թվային պատկերի որոշ աճ իրապես կա, բայց մինչ այդ փորձենք անցնող 10 ամիսների կտրվածքով հասկանալ ոլորտային ծրագրերի կատարողականի որակական, բովանդակային կամ արդյունքային ցուցանիշները և դրանք պրոյեկտենք 2024 -ի բյուջեի նախագծի վրա:

Այսպես, կրթության ոլորտում կապիտալ ծախսերի կատարողականն ընդամենը 42% է: Կարո՞ղ ենք սա դիտարկել որպես ոլորտի թմբկահարված «բարեփոխումների» կամ կառավարության ծրագրով խոստացված «հանրակրթության ամբողջական և շեշտակի փոփոխությունների» ցուցիչ, պատասխանը ձեզ եմ թողնում:

Նախադպրոցական կրթություն ծրագրի կատարողականը 26.60% է, «Մոդուլային» տիպի մանկապարտեզների շենքային ապահովումը՝ 19.26%:

Հիշեցնեմ կառավարության ծրագրային հաստատումները՝ Հանրակրթության որակյալ արդյունքի ապահովումն անհնար է առանց վաղ մանկության զարգացման պատշաճ համակարգի և նախադպրոցական ծառայությունների ամբողջական հասանելիության, ըստ այդմ մինչև 2026 թվականը կկառուցվեն կամ կհիմնանորոգվեն առնվազն 500 մանկապարտեզ և նախակրթարան՝ դրանք ապահովելով անհրաժեշտ գույքով և սարքավորումներով:

Մի քանի ցուցանիշ Հանրակրթության ոլորտից: Վերջինիս կատարողականը 22.72 % է: Ապահով դպրոց ծրագիրի կատարողականը 23.67% է, դպրոցների գույքով և տեխնիկայով ապահովումը՝ 15.56%, ավագ մակարդակի կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը 16.16%, կրթական օբյեկտների շենքային ապահովվածության բարելավումը 6.07%, սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների մանկավարժների փոխհատուցումը 7.15%, կրթության որակի ապահովումը 38.91%: Արտադպրոցական դաստիարակության ծրագիր 30.67%։ Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում՝ 48.38%։

Կավելացնեի նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման խնդրահատույց ընթացքը, նոր դասագրքերի տպագրության ձախողված մեկնարկը, մասնագիտական հանրության կողմից 7-րդ դասարանի պատմության դասագրքի վերաբերյալ բազմաթիվ գիտական անճշտությունների և խեղթյուրումների բացահայտումը, հանրակրթության կառավարման նոր համակարգով պայմանավորված իրավական հակասությունները, որոշ հաստիքների ցածր աշխատավարձերը:

Մինչդեռ մինչև 2026 թվականը խոստացվել է կառուցել կամ հիմնանորոգել ամբողջությամբ հագեցած առնվազն 300 դպրոց, ինչպես նաև ներդնել ուսուցչի աշխատանքային առաջխաղացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմ՝ հնարավորություն ընձեռելով բոլոր ուսուցիչներին ունենալու առնվազն աշխատավարձի 30-50 տոկոս բարձրացում։

10 ամսվա կտրվածքով նախնական և միջին մասնագիտական կրթություն ծրագրի կատարողականը 18.03% է, ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը 14.07%, ուսումնական հաստատությունների շենքերի կառուցումը 19.22%: Ոլորտում կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակների հատկացումը 45%-ի շրջանում է:

Այս ցուցանիշներն ակնհայտորեն հեռու են նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը գրավիչ և մատչելի դարձնելու, դրանց շենքային պայմանները բարելավելու, դրանք Հայաստանի զարգացման ուղղություններին և աշխատաշուկայի պահանջարկին համապատասխանեցնելու կառավարության խոստումներից:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրի կատարողականը 24.36% է:

Կառավարության ծրագրով արդյունավետ, հավասարակշռված ու թափանցիկ կառավարումը դիտարկվում էր որպես Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների ինստիտուցիոնալ հենք։ Իսկ իրականում բուհերն առավել, քան երբևէ կուսակցականացված են՝ կառավարման խորհուրդների քպ-ացումն անհերքելի է, իսկ քաղաքական հայացքների համար դասախոսների հետապնդումը հրապարակային է, ցինիկ և անպատժելի։ (ինչը տեղի ունեցավ նաև ինձ հետ)

Պարզապես հոռետեսական է նաև մշակույթի ոլորտում կապիտալ ծախսերի վիճակագրությունը:

Թանգարանների և պատկերասրահների հիմնանորոգման ներդրումների կատարողականը 3.15% է, թատրոնների և համերգային կազմակերպությունների շենքերի կապիտալ վերանորոգմանը՝ 7.73% է։ Հուշարձանների ամրակայում, նորոգումը կատարվել է 30.69%-ով, մշակութային արժեքների վերականգնումն ու պահպանումը՝ 44.59%-ով: 31.72% է մարզերի մշակութային զարգացման ծրագրի կատարողականը։

Իհարկե, կհակադարձեք, թե դեռ ժամանակ կա, բայց այս տեմպերով թե տարեկան, թե 5–ամյա ծրագիրն ու խոստումները դժվար թե իրականանան: Հիշու՞մ եք․ ամիսներ առաջ էկոնոմիկայի նախարարն այս շենքում խոստովանեց, որ Կառավարության հաստատված ծրագրերի ընդամենը կեսն է կատարվում։

Բայց, անկեղծորեն, ծրագրեր կան, որ նախընտրելի է որ չիրագործվեն: Օրինակ՝

Երևան քաղաքում հանգստի գոտիների և այգիների կառուցման և հիմնանորոգման աշխատանքները կատարվել են ընտամենը 9.13%, ինչն իմ կարծիքով շատ էլ լավ է։ Ավելի նախընտրելի է, որ քաղաքաշինական հնարավոր բոլոր նորմերի խախտումով կատարվող գավառական փինաչիությունը տեղի չունենա, քան թե քամուն տրվեն մեր սուղ միջոցները՝ տպավորություն ստեղծելով, թե գործ են անում։ Երևանը դարձել է համատարած կարկատան, անխնամ ու փնթի քաղաք… Ի դեպ, ինչո՞ւ պատասխանատվություն չեն կրում այն պաշտոնյաները, տեսչական և վերահսկողական մարմինները, ովքեր մեր հարկերի և բյուջեի հաշվին վարձատրվում են, ընդունման և հանձնմանն ակտեր են ստորագրում։ Համոզեք ինձ, որ սա փողերի լվացում, վատնում կամ փոշիացում չէ։ Մտեք դպրոցներ, մանկապարտեզներ, բակեր, բազմաբնակարան շենքեր, այգիներ, ասֆալտ…համատարած անորակ շինարարություն է, չափանիշների չգոյություն։ Դատախազությունը չի տեսնում, նրանը՝ ապօրինի քաղաքական հետապնդումներն են:

Հայաստան-Սփյուռք կարևորագույն մի ուղղություն, ուր վստահաբար կարող եմ ասել, որ գործ ունենք ձախողված մի ոլորտի մասին։ Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագրերը կատարվել են 43 %-ով։ 7 միլիոնանոց Սփյուռք ունեցող Հայաստանի համար անթույլատրելի, ռազմավարական սխալ էր՝ Սփյուռքի նախարարության լուծարումն ու այն հանձնակատարի գրասենյակով փոխարինումը։ Եթե ակնառու արդյունքներ գրանցվեին, նոր գաղափարներ և ծրագրեր, գուցե այս գնահատականը չհնչեցնեք։

Հիշում եք երկու տարի առաջ օրենքով ամրագրեցինք հանձնակատարի ինստիտուտը, ի՞նչ արդյունքներ ունենք, քանի՞ երկրում հանձնակատարներ նշանակվեցին։ Օ արդյունք։ Իսկ գուցե խնդիրը հենց հանձնակատարն է, Սփյուռքի հետ աշխատելու նրա կարողությունը, մեթոդները, պատկերացումների խոցելիությունը, անցյալում կատարված աշխատանքների կույր մերժումը։

Վերոհիշյալ և մի շարք այլ ոլորտների կատարողականի այս պատկերը խոսում է պետական մարմինների անարդյունավետ, ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի, անիրատեսական պլանավորման, կամ ի սկզբանե ականջահաճո և անպատասխանատու պոպուլիստական վարքագծի մասին, նաև հերքում վերջնարդյունքների վրա հիմնված կառավարման և ֆինանսավորման համակարգերի գոյությունը, ինչը դարձյալ կառավարության ծրագրի խոստում էր։

Անարդյունավետ կամ մսխված ծախսերի տասնյակ էջեր կարելի է լցնել՝ Սնուպ դոգին նվիրած 8մլն դոլարից մինչև 9%-ոց քաղաքապետի 220 000 դոլարանոց բեմադրությունը կամ լուծարված ՏՏ ընկերություններին 180 մլն հատկացումը։

Թեև այս իրականության մեջ անասելի դժվար է պետական պաշտոնյաների և հանրության ընկալումներում սերմանել հատկապես մշակույթի՝ որպես ռազմավարական պոտենցիալի գիտակցումը։

Այդուհանդերձ մեկ առաջարկություն ունեմ. ձեր ուշադրությունն եմ հրավիրում ԿԳՄՍ նախարարության ենթակայության մշակութային, հատկապես թանգարանային և գրադարանային կազմակերպությունների աշխատողների ցածր աշխատավարձի վրա, որը հանրապետության պետական հատվածի միջին աշխատավարձից մոտ 70 000 դրամով ցածր է:

Եվ մեկ դիտարկում. փորձեք 2024 թվականի բյուջեն կառուցել առանց պոպուլիզմի՝ սահմանելով իրատեսական նպատակներ, իրական ցուցանիշներ ու ֆինանսավորման գործուն մեխանիզմներ»։

Այս խորագրի վերջին նյութերը