Քաղաքական

14.11.2023 16:55


«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանն առևտրի, բախման ու քաշքշուկի առարկա դարձնելու մասին է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանն առևտրի, բախման ու քաշքշուկի առարկա դարձնելու մասին է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Օրվա իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում Արցախը հայտնվեց Ադրբեջանի ձեռքում։ Իր բնօրրանից զրկվեց շուրջ 120 հազար արցախցի։

Արցախում մեր հայրենակիցների էթնիկ զտման հեղինակային իրավունքն Ալիևի հետ կիսում է Նիկոլ Փաշինյանը, քանզի վերջինս 2022–ին Պրահայում կանաչ լույս վառեց Բաքվի առաջ՝ պաշարման, հետո նաև ցեղասպանային գործողություններ իրականացնելու համար։

ՔՊ-ական իշխանության հակաարցախյան քաղաքականությունն Արցախի նկատմամբ չի ավարտվել։ Բազում խնդիրներ ունեն Հայաստան տեղափոխված արցախահայերը, որոնց կարգավիճակի հարցն անգամ օդում կախված է թողնում կառավարությունը։ Բացի այդ՝ ամեն ինչ արվում է, որպեսզի մոռացության տրվի Արցախը։ ՀՀ քաղաքացիներին առաջարկում են ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել։

Ավելին՝ իշխանական քարոզիչներն ու հաստիքային ֆեյքերը մի տեսակետ են ինտենսիվորեն տարածում, թե պետք է ուրախանալ, որ Արցախը հանձնվել է, քանզի վերջապես հնարավորություն կա Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մերձենալ և խաղաղ ապրել։

Մի նոր բառակապակցություն է դրվել շրջանառության մեջ՝ «Խաղաղության խաչմերուկ»։ Ասում են՝ Հայաստանը կարող է դառնալ այդ խաչմերուկը և երջանիկ ապրել։ Տողատակում էլ չեն մոռանում փոխանցել այն միտքը, որ դա հնարավոր է դարձել Արցախի կորստից հետո։ Այսինքն՝ առաջարկում են ուրախանալ Արցախի կորստով և ապրել «Խաղաղության խաչմերուկի» հեռանկարով։

Իրականում ուրախանալու պատճառ չկա։ Վիճակն առավել քան տխուր է։

Մինչև «խաչմերուկին» հասնելը «խաղաղություն» բառի հետ «դարաշրջան» բառն էին օգտագործում։ Կյանքը ցույց տվեց, որ «խաղաղության դարաշրջան» ասելով նկատի ունեին բազմաթիվ զոհերը, Արցախի կորուստը, 120 հազար հայերի բռնի տեղահանումը, Հայաստանի տարածքների կորուստը։

Ու հիմա երբ խոսում են Հայաստանը «խաղաղության խաչմերուկ» դարձնելու մասին, սարսափով պետք է սպասել, որ ներկա քաղաքականության պահպանման և այս իշխանությունների մնալու դեպքում Հայաստանի համար նույն կամ ավելի վատ ճակատագիր է սպասվում, ինչը եղավ Պրահայից հետո Արցախի հետ։ Հոկտեմբերի 5–ին Գրանադայում հենց այդ բացասական զարգացումների ճանապարհային քարտեզն է ընդունվել։

Նրանց բոլոր բառերն ու խոստումները պետք է հակառակ իմաստով հասկանալ։

«Խաղաղության խաչմերուկն» իրականում Հայաստանն աշխարհաքաղաքական կենտրոնների ու ռեգիոնալ տերությունների միջև առևտրի, բախման ու քաշքշուկի առարկա դարձնելու մասին է, ինչը չի կարելի թույլ տալ։ Իսկ դրա թիվ մեկ նախապայմանն իշխանափոխությունն է։

Այս խորագրի վերջին նյութերը