Քաղաքական

13.11.2023 15:35


ՀՅԴ ներկայացուցիչները եվրոպական մի շարք պետությունների ղեկավարների հետ հանդիպմանը բարձրաձայնել են արցախահայության մասին

ՀՅԴ ներկայացուցիչները եվրոպական մի շարք պետությունների ղեկավարների հետ հանդիպմանը բարձրաձայնել են արցախահայության մասին

Նոյեմբերի 10-11-ը, Իսպանիայի սոցիալիստ աշխատավորների կուսակցության հյուրընկալմամբ, Մալագայում գումարվել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության (Party of European Socialists-PES) կոնգրեսը։ Կոնգրեսը այդ խոշոր միջկուսակցական կազմակերպության գլխավոր ժողովն է, որը ճշտում է կազմակերպության քաղաքական առաջնահերթությունները, գործունեության ուղենիշները, ընտրում նոր ղեկավարություն։ ՀՅ Դաշնակցությունը, իբրև դիտորդ անդամ, PES-ին անդամակցում է 2015 թվականից։ ՀՅԴ պատվիրակությունը ներկայացնում էին Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը և ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախմբի նախագահ Հակոբ Գազանճյանը։

ՀՅ Դաշնակցության պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է Կոնգրեսի աշխատանքներին, որի շրջանակներում շուրջ երկու տասնյակի հասնող հանդիպում-քննարկումներ ունեցել՝ այդ թվում եվրոպական մի շարք պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների և Եվրոպական խորհրդարանի սոցիալիստ պատգամավորների հետ։

Հանդիպումների ընթացքում ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչները, հաշվի առնելով Արցախյան հիմնախնդրի ներկա հանգրվանում ստեղծված իրավիճակը, կարևորել են արցախահայության իրավունքների լիակատար պաշտպանության, միջազգային գործուն մեխանիզմների կիրառմամբ նրանց վերադարձի իրավունքի ապահովման, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության, հակամարտության համապարփակ և արդար կարգավորման անհրաժեշտության, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման ու ադրբեջանական հետագա ռազմական սադրանքների կանխման, ինչպես նաև իրագործված ցեղասպան գործողությունների, մարդկության հանդեպ հանցագործությունների ու էթնիկ զտման համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառման ու նրանց միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու քաղաքական առաջնահերթությունները։

ՀՅ Դաշնակցությունը, ինչպես Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցի միջոցով, այնպես էլ կուսակցության միջազգային հարաբերությունների ողջ կարողականությամբ շարունակելու է Հայաստանի ու Արցախի հանրապետությունների շահերի պաշտպանության աշխատանքները։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը