Քաղաքական

09.11.2023 14:53


Ադրբեջանի ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը ցեղասպանության տեսակ է․ Լուիս Մորենո Օկամպո

Ադրբեջանի ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը ցեղասպանության տեսակ է․ Լուիս Մորենո Օկամպո

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կարծում է, որ պետությունները միտումնավոր կերպով անտեսում են ցեղասպանությունների վտանգը, որպեսզի պարտավորվածություն չկրեն դրանք կանխելու համար։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մորենո Օկամպոն նշել է, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնի տեղահանումը ևս ցեղասպանության ձև է՝ շեշտելով, որ ցեղասպանությունը միայն մասսայական սպանությունը չէ։

Պարոն Օկամպո, Դուք օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության նախագահին տրամադրեցիք եւ ապա հրապարակեցիք ձեր մասնագիտական տեսակետը՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը եւ ամբողջական պաշարումը համարելով ցեղասպանություն։ Ի՞նչ գործընթաց կարելի էր այդ ժամանակ սկսել՝ առաջիկա աղետի առաջն առնելու համար։

Զեկույցը կարևոր էր, քանի որ մենք հանրային կարծիք ստեղծեցինք: Այնուամենայնիվ, պետությունները ինչ-որ զարմանալի բան են անում․ նրանք միտումնավոր անտեսում են ցեղասպանության վտանգը, որպեսզի խուսափեն ցեղասպանությունը կանխելու պարտավորությունից․ սա այն է, ինչին մենք հանգեցինք:

Հիմնականում պարզեցինք, որ պետությունները փորձում են խուսափել ցեղասպանություն բառից։

Նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերցրեց իմ զեկույցը և սկսեց գործունեություն ծավալել, այն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտը, առանց ցեղասպանության մասին հիշատակելու, ասաց, որ միջազգային մակարդակով պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղը։ Բայց արդեն ուշ էր։ Նրանք դա ասացին, իսկ երեք օր անց Ալիևը հարձակվեց։

Ինչպե՞ս եք մեկնաբանում սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցածը։ Թվում է, թե շատերը, ցեղասպանություն ասելիս, միայն կոտորած են պատկերացնում։ Բայց մի քանի օրում հարյուր հազարից ավել մարդ, թողնելով ամեն ինչ, լքեց սեփական հայրենիքը։

Դա նույնպես ցեղասպանություն է` համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի B կետի (խմբի անդամին մարմնական կամ հոգեկան ծանր վնաս հասցնելը)։

Խուան Մենդեսի նոր զեկույցը կա, որում ասվում է, որ այն փաստը, որ 100 հազար մարդ հեռացել է, ցույց է տալիս հոգեբանական վնասը, քանի որ նրանք թողել են ամեն ինչ։ Ուրեմն դա ցեղասպանության տեսակ է, ցեղասպանությունը միայն սպանություն չէ:

Այո, սպանությունը զանգվածային չէր, բայց հոգեկան վնաս կա՝ ամբողջ համայնքը լքեց իր հայրենի հողը։

Այս խորագրի վերջին նյութերը