Կարծիք

28.10.2011 20:25


Ազգային գաղափարախո–սությո՞ւն, թե՞ համաշխարհայ–նացման ճահիճ

Ազգային գաղափարախո–սությո՞ւն, թե՞ համաշխարհայ–նացման ճահիճ

Արդյոք մենք ճանաչո՞ւմ ենք այն աշխարհը, որում ապրում ենք։ Այսօրվա աշխարհում ո՞րն է մեր՝ հայերիս տեղը։ Որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում։ Մենք, որ մեր բնօրրանի սոսկ մի փոքրիկ հողակտորի վրա զույգ պետություն ունենք և ամբողջ աշխարհում՝ ցրված զավակներ, ի՞նչ ճակատագիր պիտի ունենանք։ Այս աշխարհի հզորների դեմ չհայտարարված պատերազմում ինչպե՞ս ենք մեր կարևոր տեղը հաստատելու Երկրագնդի վրա։ Ինչպե՞ս ենք կարողանալու տեր կանգնել քաղաքակրթության ակունք մեր լեռնաշխարհին, որտեղից ամեն գնով ցանկանում են մեր բազմահազարամյա հետքը ջնջել ու մնացածներիս էլ քշել։

Այս հարցերի պատասխանը մեծ չափով տալիս է Արթուր Արմինի «Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը» գիրքը։ Սա փլիսոփայական ուղերձ է՝ դրված գեղարվեստական ձևի մեջ, որտեղ խտացված է մեր օրերում տարածված ուսմունքներից բոլորովին տարբեր մի աշխարհաճանաչողություն։ Գրքի հիմնական շեշտադրումը, կարծում եմ, այստեղ արտահայտված այն միտքն է, որ սովորական մարդը աշխարհը տեսնում է այնքանով, որքանով իր հինգ զգայարաններն ի զորու են ընկալել։ Սակայն կա մի վեցերորդ զգայարան, որով մարդ եթե օժտված է, ապա ընկալում է բաներ, որոնք մյուսներին հասու չեն։ Ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, տեսողությունից զուրկ մարդն է աշխարհի մասին պատկերացում կազմում միայն լսելիքով, համուհոտով, շոշափելիքով, և եթե մի օր օժտվի տեսողությամբ, կհասկանա, թե որքան է իր զգայարանների մատուցածը տարբերվել տեսողություն ունեցողների աշխարհից։ Կարծում եմ՝ այս գիրքը փորձ է ընթերցողին (ըստ իր ունեցած գիտելիքների, տրամաբանելու կարողության, մինչ այդ կրթության ու քարոզչության միջոցով իր համար համոզմունք դարձած գաղափարներից դուրս նորն ընկալելու ունակության) ցույց տալու այդ «ներքին աչքի» գոյությունը, որով նրա ճանաչած աշխարհն անսովոր ու   միանգամայն նոր լույսվ կերևա, և որի միջոցով հայ մարդը «կվերհիշի» իր արմատները, կգիտակցի իր առաքելությունն ու զորությունը։

Առաջին՝ «Արագած լեռան բարձունքներում» գլխի վերնագրից արդեն իսկ պարզ է դառնում՝ այսօրվա Հայաստանի ամենաբարձր գագաթն է արևի լեռը, և այնտեղ ապրող գերբնական էակներն էլ հենց տիեզերական գաղափարաբանության կրողներն են։ Հեղինակին անձնավորող հերոսը, որ իր ընկերախմբով մեր լինելության ուղեկից լեռն էր բարձրացել, հանկարծ միայնակ հայտնվում է լեռան ոգիների՝ արևապաշտ հայուկների շրջապատում։

«Փիլիսոփայական տեսությունը գեղարվեստական ձևի մեջ շարադրելը շահեկան է, և մի շարք հեղինակներ նման ոճային կառուցվածքների դիմել են»–գրում է հեղինակը։ Անգամ այս երկրային կյանքում ձեռք բերած փորձի ու գիտելիքների ընդհանրացումով, մտքի գերկենտրոնացումով իր ուղեղում ծագած գաղափարները նա ներկայացնում է որպես հայուկների լռելյայն մտափոխանցումը։ Նրանք հերոսին են ներկայանում երկու՝ ցեղապետ Փառնակի մարդկային կամ Արէ քրմապետի թափանցիկ, ոգեղեն,  վեցմետրանոց հսկայի կերպարանքով։

Հետագա «զրույցները» բացահայտում են հայուկների «ինքնությունը»։ Նրանք Երկրի վրա բանականություն հաստատելու նպատակով Հայա էության անունով այստեղ են եկել կործանված Հայետոն մոլորակից։ (Այս անունը հերոսին հիշեցնում է Փայետոնը։ Հիշենք հունական առասպելը Ֆաետոն–Փայետոնի մասին, ու համադրենք՝ հայր բառը հնդեվրոպական լեզուներից անգլերենում father է հնչում, հուրը՝ fire, հայկական Հրահատի համարժեքն էլ իրանական Ֆարհադն է։ Լոռու բարբառի խոսվածքներում էլ, օրինակ, հողը ֆըեղ է հնչում։ Իսկ այն գաղափարը, թե բանականությունը, ինչպես նաև կյանքն ընդհանրապես, կարող էր Երկիր ներթափանցել տիեզերքից, բնավ էլ նորություն չէ։ Մանավանդ որ այս գրքում տիեզերքը ներակացվում է որպես մի հավաքական համակարգ՝ բաղկացած անհամար միավորներից, որոցից մեկն էլ մեր աշխարհն է՝ իր հերթին բաղկացած անվերջ մասերի բաժանվող ամբողջություններից)։

Ըստ այս գրքի՝ տիեզերքը, մարդու նման, ապրող էակ է, և ունի անբեկանելի օրենքներ, Աստված աբստրակտ՝ երևակայական էություն է, և նրան ու իր արարածներին կապում է հոգևոր միտքը։ Այն ամենը, ինչ որ մարդը բառերով չի կարող նկարագրել՝ բնազանցական՝ մետաֆիզիկական երևույթները, արտահայտել է հեքիաթի, առասպելի, անձնավորման լեզվով։ Իսկ սա նշանակում է, որ հին պատումները, որոնք մեզ են հասել «Սասնա ծռեր» էպոսի բազմաթիվ տարբերակներում, առասպելական զրույցներում, հին ասքերի պատառիկներում, Խորենացու «Պատմության» էջերում, կարծում եմ՝ նաև հին հանելուկներում, տիեզերքի մասին հին պատկերացումների շտեմարան են և բացահայտում են նրա այն կողմը, որը բնությունը մարդուց «թաքցնում» է։ (Ինձ, օրինակ, ապշեցրեց Արթուր Արմինի «Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ «Սասնա ծռեր» էպոսը» գրքում վիշապի էության բացահայտումը. դա Գալակտիկայի կենտրոնում մեր դարի գիտնականներին այսօր մտահոգող «սև խոռոչն» է, որը վախ է առաջացնում, թե մի օր ամենակուլ շրջապտույտի մեջ կառնի ու կոչնչացնի տիեզերքը)։

Գրքում գիտական նորագույն տվյալների հիման վրա վեր է հանվում ազգ երևույթի էությունը։ Դա բնավ էլ «ինդուստրիալ հասարակության» ձեռքբերումը չէ, ինչպես այժմ են անցնում դպրոցներում ու բուհերում։ Ազգը կենսաբանական հատկանիշ է, ի տարբերություն ժողովրդի, որը պարզապես տարածքով, լեզվի իմացությամբ, տնտեսության ժամանակավոր ընդհանրությամբ բնորոշվող հանրություն է (օրինակ խորհրդային ժողովուրդը, որը ԽՍՀՄ կոչված երկրում գոյություն ունեցավ շուրջ 70 տարի)։ Հեղինակը մարդ տեսակին համեմատում է թռչուն տեսակի հետ. ինչպես որ թռչունների մեջ են առանձնանում ենթատեսակներ՝ արծիվ, ճնճղուկ, սագ և այլն,  այնպես էլ մարդկության մեջ՝ տարբեր ազգեր։ Յուրաքանչյուր ազգ, ըստ էության, մեկ ենթատեսակ է։ Այդ ենթատեսակին բնորոշ է իր լեզուն, որ համահունչ է նրա գենի ԴՆԹ–ին, և բնական միջավայրը՝ տարածքը։ Ըստ էության՝ եբբ այս երկու պայմանները խախտվում են, ազգի գենոտիպը կարող է նահանջել, և ի հայտ կգան ֆենոտիպին բնորոշ դրսևորումներ։ Ճիշտ այնպես, ինչպես ֆիկուս կոչված բույսի դեպքում է՝ բնությունը գենոտիպով նրան 1,5 մետրանոց տերևներ է պարգևել, սակայն տնային ծաղկամաններում դրանք 15 սմ–ից ավելի չեն մեծանում, այսինքն գենոտիպով իրենց վերապահված հատկություններից 10 անգամ ավելի թույլ են լինում։

Կարծում եմ, այս մտքերը պետք է որ հայերի մեջ խոհեր առաջացնեն մեր ազգի բնօրրան հայրենիքի ճակատագրի և նրա հողից ուժ առնելու հայի բնատուր հատկության, օտար լեզուներով կրթություն ստանալու վնասների և այլ խնդիրների վերաբերյալ։

Վերլուծելով հասարակական վարքագծերը, հեղինակը ցույց է տալիս, որ մարդն օժտված է երկու տիպի անձնականությամբ՝ անհատական կամ հոտային։ Առաջինը հատուկ է արիական ազգերին, որոնց համար գլխավորը «բարոյահոգեբանական արժեհամակարգից բխած օրենքն է, որը կարող է լինել ցեղի կայացման մասին դիցապատումների տեսքով կրոնահավատամքային աշխարհաճանաչողություն»։ Հոտային մտածողությունն առավելաբար հատուկ է քոչվոր ցեղերին (թեկուզև հազարավոր տարիներ առաջ անցած լինեն նստակեցության), որոնց համար գլխավորն առաջնորդն է, որի հետևից էլ անքննադատ գնում է «հոտը»։

Մտածում ես՝ բնականաբար՝ մարդկային մեծ զանգվածների, խոշոր կայսրություններ ղեկավարելու համար ամենահարմարը երկրորդն է, և պատահական չէ, որ այսօր տարածված համաշխարհային կրոնները դրա վրա են հիմնված։ Քո փոխարեն ամեն ինչ որոշում է կա՛մ աստված, կամ նրան հավասարեցված առաջնորդը, իսկ քեզ մնում է միայն ապրել նրանց պահանջներին համապատասխան։ Սակայն մի՞թե դա է մարդու կոչումը…

Հեղինակն այստեղ մեջ է բերում հայոց վերջին՝ Արձան քրմապետի խորհրդանշական պատմությունը արծվի ու աղվեսի «բարեկամության» մասին։ Մեռնող արծիվը, որ իրեն հատուկ ազնվությամբ վստահում է իր հետ բարեկամության ուխտ կնքած աղվեսին, նրան խնդրում է անխնամ չթողնել իր ձագերին։ Խորամանկ աղվեսն էլ ոչ թե նրանց միանգամից հոշոտում է ու ձեռքերը լվանում, այլ այնպես է դաստիարակում, որ մոռանան թռչելն էլ, արևն էլ, երկինքն էլ, ազատության ձգտումն էլ։ Եվ լեռնային հավերի վերածված թռչունները, բազմանալով աղվեսների հսկողության ներքո, կերակրում են գիշատիչների բազմաթիվ սերունդների։

Մի հանդիպման ժամանակ Արթուր Արմինը հիշեց Գարեգին Նժդեհի խոսքը այն մասին, թե մեր պատմության խաթարված ընթացքը վերականգնելու համար բավական է ընդամենը մեկ սերունդ՝ շուրջ 20 տարի։ Այդքանը բավական է, որպեսզի «արծվի» գիտակցության մեջ նորից հառնի խիզախության ոգին, ընկալի ազատության անհրաժեշտությունը, հասկանա, որ իր կոչումը անարժանների համար համեղ կերակուր դառնալը չէ։

Այսօր Հայաստանում հասարակության մի մասը «լավ կյանքի» ակնկալությամբ կույր–կույր գնում է Արցախը մեր թշնամուն զոհաբերելու գնով սեփական իշխանությունը վերականգնել ձգտող  կուռքի ետևից, հայոց անփոխարինելի լեզվի իրավունքները մեր պետության մեջ խախտվում են ամեն քայլափոխի, Հայաստանի պաշտոնական գիտությունը մեր ազգի պատմությանը 3000-5000 տարվա ծիծաղելի ժամանակահատված է վերագրում, երկրում տիրում է կրոնախևության մի մթնոլորտ՝ արտահայտված մի կողմից քայքայիչ աղանդների գործունեությամբ, մյուս կողմից Հայ առաքելական եկեղեցու դերի ուռճացմամբ։ Ավագների մի հատվածը երազում է լենինյան և ստալինյան «դիսցիպլինայի» ու «արդար գաղափարների» դարաշրջանի վերադարձի մասին, «սեքսուալ» նորագույն փոխառությունը բռնել է «գեղեցիկ» ու «հմայիչ» բառերի տեղը, հասարակության մի մասը սկսել է երկրպագել «ժողովրդավարություն» աստծուն՝ առանց խորանալու, թե դրա ինչ որակներն են իրեն հրամցվում,  իսկ բազմազանության հենքի վրա ստեղծված աշխարհում համաշխարայնացում–գլոբալացում կոչված համահարթեցնող հրեշը երախն է առնում ամենաարժեքավոր բաները։

Մենք կամ կվերածնվենք, կամ կհայտնվենք այդ ամենակուլ երախում։ Իսկ վերածնվել կարող ենք ազգային գաղափարախոսության հաղթարշավով։ Շատերն ասում են՝ չունենք։ Իհարկե՝ ունենք, և դա ամեն պահի դրսևորվում է մեր վարքագծում։ Պարզապես այսօր լավ չգիտենք, թե ինչպես այն մաքրենք «դարերի փոշուց» ու գործածության մեջ դնենք։ Հայաստանում ծնված ու կրթություն ստացած, այժմ ամերիկաբնակ, «Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի» պատվավոր դոկտոր և նույն ակադեմիայի իսկական անդամ Արթուր Արմինի (Բաբայան) «Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը» գիրքը, կարծում եմ, նման առաքելություն ունի։ Այստեղ մեջբերում եմ հենց հեղինակի խոսքը. «Ազգային գաղափարաբանությունը լինելիության ծրագիր է, և ոչ թե մի ազգատեսակի գերակայության քարոզ մյուսների նկատմամբ։ Իսկ առանց ծրագրի հնարավոր չէ գոյատևել»։

Արմենուհի Փալանդուզյան

Այս խորագրի վերջին նյութերը