Մեկնաբանություն

27.11.2011 21:48


Մառշռուտնու շոֆեռը «բոբո» չի, նա՛ էլ մարդ է

Մառշռուտնու շոֆեռը  «բոբո» չի, նա՛ էլ մարդ է

Շատ քչերն են այսօր Հայաստանում դրական տրամադրված երթուղայինների վարորդների` հիմնականում դյուրագրգիռ «մառշռուտնու շոֆեռների» նկատմամբ: Համաձայնե՛ք. հաճախ չէ, որ կհանդիպես մարդու, ով գովաբանում է այս կամ այն երթուղայինի վարորդին` ընդգծելով նրա բարեկրթությունը կամ քաղաքավարությունը: Ընդհակառակը, ավելի շուտ կլսես սուր բողոքներ այնպես, ինչպես «արա դե հերիքա ծխես էլի, խեղդվա՛նք»,  «ա դե տե՛նըմ ես շարժվելու տեղ չկա, խի՛ ես կանգնըմ» (ընդ որում սրանից հետո, որպես կանոն, սկսվում է, մեղմ ասած, վիճաբանություն վարորդի և ուղևորի/ների միջև, որը կանգառ առ կանգառ հանդարտվում ու նորից է բորբոքվում, և այսպես մինչև երթուղու վերջին կանգառը), «մի քիչ կամաց քշի, կարողա՞ գիտես կարտոշկա ես տանըմ» և այլն:

Բոլոր այս բողոքները ստացել են իրենց արձագանքը ամենատարբեր ոլորտներում. երթուղայինում սիգարետ ծխելը օրենսդրորեն է արգելվել, կանգնած կամ ավելի ճիշտ «խցկված», իսկ ավելի ճիշտ` երթուղայինի պատուհաններին  «ծեփված» երթևեկելու հարցը արձագանք է գտել «Facebook» սոցիալական կայքում (ինչպես հայտնի է, «Ես ոչխար չե՛մ» անվանումով համապատասխան խումբ է ստեղծվել ) և այլն:

Իհարկե, օբյեկտիվորեն ոչ ոքի համար էլ հաճելի չէ «ծխախոտային ամպի» ուղեկցությամբ երթևեկելը, իրեն «կարտոշկա» կամ «ապրանք» զգալը և այլն, սա, բնականաբար, ցանկալի չէ նաև ի՛նձ համար և ես միայն ողջունում եմ ցանկացած քաղաքացիական նախաձեռնություն, որը ծնվում է այս բոլոր անհարմարություններին վերջ տալու համար: Բայց ես չեմ ողջունում այն, որ այս ամբողջ քննադատությունը չգիտես ինչու ուղղված է միմիայն այդ խեղճ ու կրակ վարորդների վրա:

Ինչու՞ ոչ ոք չի փորձում իրեն պատկերացնել այդ վարորդի տեղում: Ինչու՞ ենք բոլորս կարծում, թե նրանց հաճելի է այս ամենը: Ինչու՞ է մեզ թվում, որ վարորդը հաճույք է ստանում ուղևորներին իրար վրա սեղմված տեսնելուց կամ նրանց հետ վիճելուց, նրանց կոպտելուց կամ հանդիմանելուց: Ինչու՞ է մեզ թվում, որ եթե վարորդը ասում է «կանգառից դուրս չեմ կարող կանգնել», ուրեմ նա «կռախ» է ու չի ուզում լավություն անել:

Օրերս սովորականի պես երթուղայինով վերադառնում էի տուն: Հանկարծ սկսվեց քննարկում, ապա նաև վիճաբանություն ուղևորի ու վարորդի միջև հենց այն նույն խնդիրների շուրջ, ինչի մասին արդեն հիշատակեցի: Առանց այդ էլ նյարդային վարորդը չդիմացավ և սկսեց հուսահատ պատմել, թե ախր ինքն ինչ մեղք ունի, որ իրեն այդպես կոպտում են ու «մուննաթ» գալիս իր վրա: Նա պատմեց, որ լավ կյանքից չէ, որ այս աշխատանքին է, որ իր վրա օրեկան 23 հազար դրամ «պլան» է դրված, որ նա տանը 3 երեխա ունի, ովքեր հաճախ չեն էլ տեսնում իրենց հորը, որովհետև վերջինս ստիպված է մինչև ուշ գիշեր աշխատել (ռուսի ասած «վկալիված»), որպեսզի կարողանա «պլան»-ից բացի «գոնե մի երկու կոպեկ տուն բերել, որ ընտանիքը սոված չմնա»:

Սա իրական դեպք է ու ես ոչ մի բառով չեմ չափազանցնում վարորդի անկեղծորեն ասած խոսքերը: Համոզված եմ, որ այս վարորդը (թե որ գծի երթուղայինի մասին է խոսքը՝ էական չէ արդեն. Հարցը երևույթն է) միակը չէ, ով նման իրավիճակում է. նրանց մեծամասնությունն է նման կյանք վարում: Իսկ հիմա պատկերացրեք` դու՛ք էլ նման ծանր պայմաններում ապրեք, ավելի ճիշտ գոյատևեք, ամբողջ օրը նյարդայնացած` գծի տիրոջ «պլան»-ը կատարելու և ընտանիքը կերակրելու համար գումար հայթայթելու մտածմունքներով, և Աստված մի արասցե` ինչ որ ՃՏՊ-ի մեջ ընկնեք ու վնասված մեքենաների ծախսերը հոգալու համար տոկոսով պարտք վերցնեք «եսիմում»-ից:

Թե ով է մեղավոր այս ամենի մեջ` գծի տե՞րը, կապի և տրանսպորտի նախարա՞րը,  ՀՀ նախագա՞հը, թե՞ մենք բոլորս։ Դժվար է միանշանակ պատասխան տալ։ Հարցը համակողմանի լուծում է պահանջում։

Երևանը նոր քաղաքապետ ունի։ Տեսնես նա մի բան կանի՞։

Սարգիս Շիրխանյան

Այս խորագրի վերջին նյութերը