Լրահոս

28.10.2011 14:15


Արման Մելիքյան. «Վստահ չեմ, որ մեր իշխանությունները լավ են հասկանում եվրասիականության էությունը»

Արման Մելիքյան. «Վստահ չեմ, որ մեր իշխանությունները լավ են հասկանում եվրասիականության էությունը»

–Եվրասիականությունը Հայաստանում, երևի թե, վատ ճանաչում ունի։ Մենք պետք է լավ հասկանանք, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ Վստահ չեմ, որ մեր իշխանությունները լավ են հասկանում դրա էությունը։ Չեմ ասում՝ այն լավն է, թե վատը, որովհետև այն կարող է տարբեր դրսևորումներ ունենալ՝ կախված կոնկրետ իրագործման ճանապարհներից,–հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով Եվրասիական համագործակցությանն ու դրա հետ կապված Հայաստանի շահերին՝  ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Մելիքյանը նշել է, որ Եվրասիական համագործակցության քաղաքականությունը կարող է երկու ճանապարհով զարգանալ՝ Պուտինի ու Ղազախստանի նախագահ Նազարբաևի առաջարկներին համապատասխան։ Պուտինի առաջարկածը նպատակ ունի պահպանել ՌԴ տարածքային ամբողջականությունը, միավորելու Ռուսաստանի ժողովուրդներին, ինչպես նաև տարածաշրջանում նրա գերիշխանությունն ապահովելու քաղաքական հայեցակարգ է։ Այնինչ Ղազախստանի համար սա զուտ տնտեսական խնդիրներ լուծելու միջոց է։

–Եթե եվրասիական դաշինքը կազմավորվի նազարբաևյան տարբերակով, կարծում եմ՝ սա ավելի հրապուրիչ կլինի Հայաստանի տնտեսական շահերի համար։ Բայց սա կունենա լրացուցիչ վտանգներ, որովհետև այդ պարագայում եվրասիական դաշինքի մեջ թյուրքական գործոնի դերը ավելի մեծ կլինի։ Չի բացառվում, որ նաև Թուրքիայի դերը մեծանա այդ տարածքում։ Ուստի մենք պետք է միաժամանակ նաև մտածենք թե՛ Թուրքիայի, թե՛ մնացյալ թյուրքական աշխարհի հետ մեր հարաբերությունները բարենորոգելու մասին,– նման կարծիք է հայնտնել Մելիքյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը