Քաղաքական

24.10.2023 08:36


Ալեն Սիմոնյանի որդու քավորի ընկերությանը խախտումով է շինթույլտվություն տրվել

Ալեն Սիմոնյանի որդու քավորի ընկերությանը խախտումով է շինթույլտվություն տրվել

Hetq.am-ը գրում է. «Ծաղկաձորում ԱԺ նախագահի որդու կնքահոր մասնակցությամբ կառուցվող համալիրի շինթույլտվությունը խախատումով է տրվել։ Փաստն արձանագրել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որի հիման վրա վարչական վարույթ է սկսել։

Այս տարվա հուլիսին «Հետքը» հրապարակել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած կնքահոր՝ Էդգար Ավագյանի մասնակցությամբ 40-ից 50 մլն դոլար գնահատված համալիրի կառուցման մասին։ «Հետք»-ը պարզել էր, որ Ծաղկաձորի ՔՊ-ական քաղաքապետ Նարեկ Հարությունյանը կառուցապատողներին շինթույլտվություն տվել էր խախատումներով։ Համայնքապետը չէր սպասել փորձաքննությունների եզրակացությանը և օրենքի խախտմամբ շինարարության թույլտվություն էր տրամադրել, դրանով հնարավորություն էր տվել կառուցապատողներին ժամանակից շուտ սկսել շինարարությունը։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը լրատվամիջոցի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը կառուցապատողներին շինարարության թույլտվությունը տրամադրել է առանց ՇՄԱԳ և համալիր փորձաքննությունների դրական եզրակացության։ Ավելին, մեր հարցումից հետո նախաձեռնված ստուգման արդյունքում տեսչական մարմինը համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված ևս մեկ խախտում է հայտնաբերել։ Ծաղկաձորի համայնքապետը նույն կառուցապատման աշխատանքային նախագիծը հաստատել է նախագծման թույլտվության պահանջի խախտումով»։

Այս խորագրի վերջին նյութերը