Կարծիք

27.10.2011 13:51


«Տիրացուն» նաև ահաբեկում է

«Տիրացուն» նաև ահաբեկում է

Գաղտնիք չէ, որ եկեղեցու որոշ սպասավորներ, երբ բանավեճերի ժամանակ սպառում են փաստարկների և հակափաստարկների իրենց պաշարը,  անմիջապես անցնում են գողականին և անեծքներին:

Երեկ վարչապետ Տ. Սարգսյանի խոսքը դա էր հիշեցնում: Նա շատ լավ հասկանում  է, որ իր պաշտոնավարման ժամանակ երկրի տնտեսությունը կործանվեց: Նա շատ լավ հիշում է, որ միակ մարդն էր, որն  ասում էր, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստան չի հասնի: Նա հիշում է, իր էկոնոմիկայի նախարարին, որի հետ ձեռք-ձեռքի տված Հայաստանի դատարկվող քաղաքներում և գյուղերում տարածաշրջանային կենտրոններ էր հիմնում, և նա շատ լավ գիտի, որ իր պաշտոնավարման տարիներին արտագաղթը ահռելի չափեր է ստացել:

Ինչ-ինչ բայց Տ. Սարգսյանը գիրք կարդացած մարդ է, հետևաբար փայլուն հասկանում է, որ առանց պատասխանատվության այսպիսի արաքները չեն մնում: Գոնե միջազգային լրատվական թողարկումներ նայում է:

Երեկվա նրա խոսքի  հիմնական մոտիվացիան վախն էր: Սովորական մարդկային վախը` իր արաքների և անխուսափելի պատասխանատվության համար:

Երեկվա նրա խոսքը մեկը մեկին հիշեցնում էր ընդամենը երկու ամիս առաջ Քադաֆիի բոցաշունչ ելույթները, որտեղ նա վստահ էր, որ ժողովուրդն իր հետ է, ու միասին կհաղթեն: Իրեն էլ չէր մոռանում կոչել «Բեդուին մարտիկ»: Թե ինչ արեց ժողովուրդը նրա հետ` չհիշեցնենք:

Տ. Սարգսյանը երեկ խոսում էր ՀՀԿ-ի անունից:  Այստեղ շատ բնական  մի հարց է ծագում` ինչու՞ ՀՀԿ-ն պետք է քո ետևից գնա և քեզ համար գնա կործանման: Այս հարցը շատ կարճ ժամանակ հետո ՀՀԿ-ն տալու է: Տրիպոլիի ժողովուրդն էլ էր  մի որոշ ժամանակ վախեցած լռում…:

Տարբեր շրջանակներ երեկ ողջ երեկո քննարկում էին Տ. Սարգսյանի ասածները` փորձելով գտնել հիմնական ուղերձները:  Բայց պետք չէ խորը վերլուծություններ անել: Վարչապետի խոսքի ամենակարևոր միտքն այն էր, որ նա մնացել է Պարույր Հայրիկյանի, Խոսրով Հարությունյանի, Արտաշես Գեղամյանի և ևս տասնյակ նմանների հույսին: Պարոնայք, սա էր ամենակարևորը, ամենահիմնական միտքը: Լուրջ բան մի փնտրեք:

Ու որքան շուտ ճշտվի այդ մնացած 10-ի անունը, այնքան լավ: Երեկ Տիգրան Սարգսյանը քաշեց ջրբաժանը. Երկիրը կոտրած տաշտակի առաջ կանգնեցնողների և դրա դեմ պայքարողների միջև:

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը