Լրահոս

16.10.2023 15:04


Բերման են ենթարկվել Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտորն ու պատմության ամբիոնի վարիչը՝ թմրանյութ պահելու կասկածով

Բերման են ենթարկվել Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտորն ու պատմության ամբիոնի վարիչը՝ թմրանյութ պահելու կասկածով

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները ծառայության ընթացքում հերթական անգամ հայտաբերել են կասկածելի 2 քաղաքացու, որոնք Մինսկի փողոցում տարօրինակ վարքագիծ են դրսևորել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարեկները մոտեցել են այդ քաղաքացիներին, և նկատել են, որ նրանցից մեկը գրպանից իրեր է դուրս հանել ու նետել:

Տեղում պարեկները վնասազերծել են նրանց և պարզվել է, որ նետել է 3 փաթեթ և 2 գլանակ:

Նշված անձինք թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով պարեկների կողմից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նոր-Նորքի բաժին:

Ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, որը պարզել է, որ դեն նետված գլանակներում և փաթեթներում եղել են թմրանյութի նմանվող զանգվածներ, գլանակներից մեկում էլ եղել են կիսամոխրացած հետքեր:

Դեպքի փաստով Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշված անձինք ոստիկանության Նոր-Նորքի բաժնից ներկայացվել են Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածները 38 և 37-ամյա տղամարդիկ են, որոնցից մեկը հայաստանյան հայտնի ու ճանաչված բուհերից մեկի պրոռեկտոր է, մյուսն էլ՝ փիլիսոփայության և պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար:

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ պարեկները բերման են ենթարկել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտորին ու փիլիսոփայության և պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատարին։

Այս խորագրի վերջին նյութերը