Կարծիք

26.10.2011 22:38


Բարոյալքման վերջին ցնցումները

Բարոյալքման վերջին ցնցումները

Երբ հայտնի դարձավ, որ կառավարությունը խորհրդարանին առաջարկել է Հայ առաքելական եկեղեցուն պատկանող գույքի համար հարկային արտոնություններ նախատեսող օրենսդրական փոփոխություններ ընդունել, ակամա հիշեցի Հովհաննես Թումանյանի հետևյալ տողերը.

«Ժամ ենք գնում ամեն օր.

Բայց միշտ ցավեր նորանոր,

Միշտ մի աղետ, մի վնաս

Գալիս են մեզ անպակաս»:

Վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցին և նրա առաջնորդները ենթարկվում են աննախադեպ քննադատության: Ընդ որում, քննադատությունը հաճախ հիմնավոր է, երբեմն էլ նկատվում է, որ ոմանք պարզապես առիթ են գտնում եկեղեցուն հարվածներ հասցնելու համար: Եվ այս իրավիճակում Առաքելական եկեղեցու առաջնորդներն ամեն ինչ պետք է անեին առաքյալների կողմից հիմնադրված մեր եկեղեցու հեղինակությունը բարձր պահելու համար։ Սակայն, հակառակ բոլոր քննադատություններին, հիմա էլ մի այնպիսի նախաձեռնությամբ են հանդես եկել, որը հաստատ Հայ առաքելական եկեղեցու հեղինակության բարձրացմանը չի նպաստի:

Ես ինքս ինձ համարում եմ Հայ առաքելական եկեղեցու անդամ և ծանոթանալով օրենսդրական այն փոփոխություններին, որն առաջարկում է կառավարությունը՝ իհարկե՝ եկեղեցու գիտությամբ, ինձ, մեղմ ասած, այնքան էլ լավ չզգացի: Դատեք ինքներդ. կառավարությունն առաջարկում է Հայաստանյայց առաքելական եկեղեցուն սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող արհեստանոցները, դրանց զբաղեցրած ու հատկացված հողատարածքներն ազատել գույքահարկից և հողի հարկից: Ամենաուշագրավն այն է, որ դրանց թվում ընդգրկվել են ֆուտբոլի խաղադաշտեր, մարզադաշտեր, սպորտային համալիրներ, ճաշարաններ, սրճարաններ, հանգստյան տներ, առողջարաններ, կինոթատրոններ, խանութ և տաղավարներ, արտադրամասեր, կոմբինատներ, արհեստական լիճ և լճի տակ գտնվող մառաններ, բնակելի տներ, բնակարաններ, առանձնատներ, արոտավայրեր և այլն, և այլն: Համաձայնեք, որ այս ցանկն արդեն իսկ կասկած է առաջացնում: Կառավարությունը և եկեղեցին պնդում են, թե այս նախաձեռնությունը կօգնի Հայ առաքելական եկեղեցուն։ Բայց շատշատերը կարող են տրամաբանական հարց ուղղել, թե ինչո՞վ է շահելու եկեղեցին, եթե ինչոր մեկի տունը, առանձնատունը ազատվեն գույքահարկից, եթե այս կամ այն սրճարանն ազատվի հարկերից: Եկեղեցու դիվանապետն ասում է, թե եկեղեցին միջոցների սղություն ունի, և ամեն ինչ պետք է անել այդ միջոցները հայթայթելու համար:

Առաջին հայացքից էլ պարզ է, որ այս օրենսդրական նախաձեռնությունից հաստատ շահելու են ինչոր մարդիկ, որոնք իրենց հարստությունը բազմապատկելու են: Բայց սա դեռ հարցի մի կողմն է: Իսկ եթե մի օր էլ կաթոլիկ եկեղեցին կամ Ռուս ուղղափառ եկեղեցին նման խնդրանքով դիմեն կառավարությանը, ի՞նչ է անելու այս դեպքում կառավարությունը:

Հետո մի օր էլ Տիգրան Սարգսյանը կարող է ասել, թե Հայաստանի համար անչափ կարևոր նշանակություն ունեցող «Նաիրիտը» գտնվում է ծանր վիճակում, և նրան պետք է 50 տարով ազատել հարկերից ու գույքահարկից: Մի խոսքով՝ անհեթեթ իրավիճակ է ստեղծվում: Իսկ ամենավատն այն է, որ այս իրավիճակը խորացնում են նրանք, ովքեր պաշտոնի բերումով պետք է ամեն ինչ անեն այս տխմար իրավիճակից օր առաջ ազատվելու համար:

Ուզենք թե չուզենք՝ կրկին ստիպված ենք հիշել այն տխրահռչակ «Բենթլին», որը նվեր էր ստացել Գարեգին Երկրորդը: Դե, եթե եկեղեցին այդ աստիճանի ծանր վիճակում է, որ նման օրենսդրական միջամտության կարիք է զգում, ապա ինչո՞ւ անմիջապես այդ թանկարժեք ավտոմեքենան չվաճառվեց, իսկ ստացված գումարն էլ չօգտագործվեց բարեգործությունների համար:

Տիգրան Սարգսյանը եթե ցանկանում է օգնել եկեղեցուն, այլ ոչ թե կոնկրետ մարդկանց, եթե իրոք ուզում է, որ Հայ առաքելական եկեղեցին միջոցներ ունենա բարեգործություններով զբաղվելու համար, ապա առաջին հերթին պետք է հասկանա, որ եկեղեցու միջոցները հիմնականում պետք է գոյանան նվիրատվություններից և մոմավաճառությունից: Դժվար չէ կռահել, որ նվիրատվությունները շատ կլինեն, եթե մարդկանց կենսամակարդակն էլ բարձր լինի։ Սակայն երբ նույն Տիգրան Սարգսյանը, Սերժ Սարգսյանի հովանավորությամբ, ջարդուփշուր է անում մեր տնտեսությունը, կրճատում տնտեսվարողների թիվը, բիզնեսին հեռացնում Հայաստանից, ապա հասկանալի է դառնում, որ նյութապես բարեկեցիկ ապրող մարդկանց թիվն էլ գնալով սակավանում է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Եկեղեցու մոմավաճառներն էլ չեն թաքցնում, որ վերջին շրջանում մոմերի վաճառքն էլ է կտրուկ նվազել: Եվ մենք գիտենք, թե դրա պատճառը որն է: Եկեղեցի մտնողները, մեղմ ասած, նյութական բարեկեցության մեջ չեն ապրում: Եթե 5-6 տարի առաջ նրանք իրենց թույլ էին տալիս միանգամից վառել 5-6 մոմ, ապա հիմա բավարարվում են մեկով կամ երկուսով: Շատերն էլ մտնում են եկեղեցի, առանց մոմ վառելու աղոթում են և հեռանում: Ահա այս է Տիգրան Սարգսյանի ջանքերով Հայաստանում ստեղծված պատկերը, և նա դեռ ամեն ինչ անում է այս իրավիճակը խորացնելու համար:

Նորմալ կառավարությունը պետք է թեթևացնի փոքր բիզնեսի հարկային բեռը, պետք է արտոնություններ սահմանի միջին բիզնեսի համար, պետք է գուրգուրի արտադրողներին, որ եկեղեցին էլ, պետությունն էլ հզորանան: Իսկ այն, ինչ անում է Տիգրան Սարգսյանի կառավարությունը, պարզապես հարված է թե՛ պետությանը, թե՛ եկեղեցուն: Ընդգծեմ, որ եկեղեցի ասելով՝ նկատի չունեմ որոշ հոգևորականների, որոնց հովանու ներքո ոմանք օլիգարխների կվերածվեն: Կարճ ասած՝ այս անհեթեթ իրավիճակից պետք է շատ արագ դուրս գալ: Եթե մենք շարունակենք այս ամենը դիտել կողքից և միայն ցավ ապրել, ապա երկրին ոչնչով չենք օգնի: Եվ եթե ոմանք ինչ–որ վախեր ունեն, թե եկեղեցու առաջարկին դեմ գնալով՝ դեմ են գնում Աստծուն, ապա ճիշտ կանեն, եթե մի փոքր ավելի ուշադիր կարդան Աստվածաշունչը: Փարիսեցիները, ցանկանալով փորձել Հիսուսին, մի անգամ նրանց մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին, որոնք Աստծու որդուն հարցին՝ պե՞տք է վճարել կայսրի հարկերը, թե՞ ոչ: «Յիսուս հասկացավ նրանց խորամանկությունն ու ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորներ, ինձ հարկի դահեկան ցույց տվեք»: Եւ նրանք մի դահեկան բերեցին: Եւ նա ասաց նրանց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»: Նրանք ասացին` կայսրինը: Այն ժամանակ նրանց ասաց. «Գնացեք, տվեք կայսրինը` կայսեր եւ Աստծունը` Աստծուն»: Երբ այս լսեցին, զարմացան եւ թողեցին նրան եւ գնացին» (Մատթ. 21. 18-22):

Եթե Հիսուսը հրեաներին առաջարկում էր վճարել կայսրի հարկերը, ապա ինչո՞ւ պետք է հրաժարվենք վճարել մեր պետության հարկերը: Նրանք, ովքեր դեռ տարակուսանքի մեջ են, լավ կանեն, եթե մեկ անգամ ևս ընթերցեն Ավետարանի այն հատվածը, որտեղ պատմվում է այն մասին, թե ինչպես է Հիսուսը վտարում տաճարում առևտուր անողներին:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը