Կարծիք

07.10.2023 14:08


Պատերազմն Իսրայելում կարող է հասնել անմիջականորեն մեր սահմաններին

Պատերազմն Իսրայելում կարող է հասնել անմիջականորեն մեր սահմաններին

Արևելքում կրկին պատերազմ է, այս անգամ՝ արաբ-իսրայելական: Արևելքում պատերազմները չեն ավարտվում, ուղղակի հրադադարներն են լինում երկար կամ կարճ:

Այս ամենը հայերիս հետ ունի ուղղակի կապ. առաջին՝ պատերազմի կրակը, որը մեզանից շատ հեռու չէ, կարող է ընդլայնել իր տարածման արեալը հասնելով մեր անմիջական սահմաններին: Երկրորդ՝ ինչպես Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությամբ, այնպես էլ Երրորդ համաշխարհային սկսված պատերազմը կարող է ավելի թեժանալ Արցախի սպանությամբ: Ամբողջ աշխարհի առջև և բոլորի մասնակցությամբ սպանվեց Արցախը, ինչից օրեր հետո տարածաշրջանում խաղաղությունը ոչ թե եկավ, այլ կարծես երկար ժամանակով հեռանում է հաշվի առնելով արաբ-իսրայելական հակամարտության աշխարհաքաղաքական խորքը, դրանում ուղիղ կամ անուղղակի ընդգրկված մեծ խաղացողներին:

«Արցախը տանք հանգիստ ապրենք» սխալական մտածողությունը, փաստորեն, տարածված է ոչ միայն Հայաստանյան որոշ շրջանակներում, այլև համաշխարհային քաղաքական մտածողության մեջ և հիմա այդ տարատեսակ համաշխարհային խաղացողները Արցախը տալուց հետո հասկանալու են, որ հանգիստ չեն ապրելու: Արցախը ոչ միայն Հայաստանի անվտանգության երաշխավորն էր, այլև, փաստացի, տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության երաշխավորը, որը հենց այդ ամենի շահառուները գիտակցելով կամ չգիտակցելով չեզոքացրեցին:

Հ.Գ. Վերաձևակերպելով համաշխարհային խաղացողներից մեկի վերջերս արված հայտնի արտահայտությունը. «Իսկ ո՞ւմ է պետք այն աշխարհը, որտեղ չկա հայկական Արցախը»:

Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը