Մեկնաբանություն

25.10.2011 21:54


Ինչո՞վ է զբաղված Հայ առաքելական եկեղեցին

Ինչո՞վ է զբաղված Հայ առաքելական եկեղեցին

ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայ առաքելական սուրբ եկեղեցուն պատկանող գույքի համար հարկային արտոնություններ նախատեսող օրենսդրական փոփոխությունը, որն առաջարկել էր ՀՀ կառավարությունը։ Ըստ այդմ՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցուն սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող ահեստանոցները, դրանց զբաղեցրած ու հատկացված հողատարածքներն ազատվում են գույքահարկից և հողի հարկից: Իսկ այդ տարածքներում գործադիրը ներառել է ֆուտբոլի դաշտեր, մարզադաշտեր, սպորտային համալիրներ, ճաշարաններ, սրճարաններ, հանգստյան տներ, առողջարաններ, կինոթատրոններ, խանութ և տաղավարներ, արտադրամասեր, կոմբինատներ, արհեստական լիճ և լճի տակ գտնվող մառաններ, բնակելի տներ, բնակարաններ, առանձնատներ, արոտավայրեր և այլն։

Այս ցանկին ծանոթանալուց հետո մնում է միայն շնորհակալություն հայտնել կառավարության «աստվածավախ» և «միջազգայնագետ» ղեկավարին, որ այնտեղ ներառված չեն խաղատները, սաունաները, բորդելները և հասարակական սպասարկման այլ օբյեկտները։ Ինքնին հասկանալի է, որ Հայ առաքելական եկեղեցին չէր կարող նման օբյեկտներ ունենալ, ու այդ մասին մտածելն անգամ սրբապղծություն է, բայց ամեն դեպքում ապրի մեր վարչապետը, որ սահմանափակվել է զուտ եկեղեցո՛ւն պատկանող գույքի հարկազերծմամբ ու, ասենք, «Նաիրիտ» գործարանը չի ներառել վերոնշյալ ցանկի մեջ։

Ողջունելի է նաև այն, որ «բարեշրջիչ» Տիգրան Սարգսյանը չի մանրացել ու գույքահարկից չի ազատել այնպիսի «հոգևոր» նշանակության շարժական գույք, ինչպիսին «Բենթլի» մակնիշի փոխադրամիջոցն է, առանց որի հայ կղերականությունը չի պատկերացնում իր երկրային կյանքը։

Լավ, ամեն ինչ մի կողմ։ Հիմա հարց է առաջանում, թե որտեղի՞ց Գարեգին Բ–ի ղեկավարած կառույցին այսքան սեփականություն, որ մի բան էլ ուզում են հարկային արտոնություններ ստանալ։ Ո՞վ և ինչպե՞ս է կառավարում եկեղեցուն պատկանող առանձնատները, հյուրանոցները, ճաշարանները, խանութները և այլ օբյեկտները։ Այդ օբյեկտները շահույթո՞վ են աշխատում, թե՞ տարատեսակ դոտացիաներից են օգտվում։

Հետաքրքիր է նաև իմանալը, թե Առաքելական եկեղեցին զուտ բիզնե՞ս կառույց է, թե՞ համատեղությամբ նաև հոգևոր ոլորտի գործունեություն է իրականացնում։ Եթե բիզնես կառույց է, ապա ինչու՞ պետք է մրցակցությունից դուրս լինի և օրենսդրորեն հայտնվի շահեկան վիճակում։

Դատելով ամենից՝ Տիգրան Սարգսյանի փարիսեցիությունը և դեմագոգիան չափ ու սահման չունի։ Նա մի կողմից խոսում է բիզնեսի համար հավասար պայմաններ ապահովելու մասին, իսկ մյուս կողմից արտոնյալ բիզնես հնարավորություններ է ստեղծում իր «տերտերական» շրջապատի համար, և այդ ամենը՝ բարեպաշտության ու համեստ ապրելակերպի քարոզի ներքո։  Ինչ է սա, եթե ոչ օրենսդրորեն մենաշնորհի և օլիգոպոլիայի ստեղծում, որոնց պարագայում շահառուների դերում կլինեն մեր տնաբույծ «Կեսարն» ու «Կայափան»։

Փաստորեն, հաջորդ տարվա համար վարչապետը համ նախատեսում է հարկային բեռի կտրուկ ավելացում, որը պարզապես խեղդելու է ձեռներեցներին, համ էլ՝ զուգահեռաբար եկեղեցուն տալիս է հարկերից ազատվելու և սեփական բիզնեսը ծաղկեցնելու հնարավորություն։

Որքան էլ լոլոներ կարդան եկեղեցու դերի բարձրացման թեմաներով, ակնհայտ է, որ «տիրացուի» ներկայացրած այս օրենսդրական փոփոխությունները կոռուպցիային «հոգևոր» տեսք տալու և տնտեսությունը գերկենտրոնացված դարձնելու նպատակ է հետապնդում։

Պարզ է, որ եթե Հայ առաքելական եկեղեցուն ազատում են հարկերից, իսկ սովորական բիզնեսին ճնշում, ապա եկեղեցու ազդեցությունից դուրս գտնվող բիզնեսը ստիպված կլինի տնտեսապես ինտեգրվել Էջմիածնի հետ՝ այդ գործի միջնորդ տեսնելով աշխարհիկ Տիգրան Սարգսյանին։ Այսինքն՝ իշխանության ու բիզնեսի ներկա սերտաճվածությունը փորձ է արվում փոխարինել բիզնեսի ու եկեղեցու սերտաճմամբ, ինչն ավելի կեղտոտ համակարգ է իրենից ներկայացնելու, քան այժմվանը։

Կառավարությունը նմանատիպ օրենսդրական նախաձեռնությամբ Հայ առաքելական եկեղեցու համար այլոց բիզնեսին «կռիշ» կանգնելու հնարավորություն է ստեղծում, ինչը բացահայտ հակամրցակցային համաձայնության դասական դրսևորում է։ Իսկ այն, որ եկեղեցին շուտով «կռիշի» դեր է կատարելու և ձգտելու է պետության մեջ յուրօրինակ պետության վերածվել՝ կասկած չկա։ Կստացվի, թե ոչ՝ դա այլ խոսակցության թեմա է, բայց համենայնդեպս այդպիսի խնդիր են դրել «Հայկական աշխարհի» ճարտարապետները։

Տրամաբանական է, որ  եթե փոքր, միջին կամ նույնիսկ խոշոր բիզնեսը տեսնի, որ չի կարողանում դուրս գալ պետության հարկային տեռորի տակից, ապա կգնա ու հարկերից ազատվելու դիմաց փայ կառաջարկի առաքելականներին, իսկ վերջիններս էլ, բացառապես հոգևոր սկզբունքներից ու մարդասիրական հակումներից ելնելով, կհամաձայնեն իրենց սուրբ պաշտպանության տակ առնել Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգի հարկային հետապնդումներից մազապուրծ եղած ձեռներեցությանը (ոչ առանց տասանորդի, իհարկե)։

Եթե այդ տխրահռչակ օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչվի, ապա մի քանի տարի անց Հայ առաքելական եկեղեցին կարող է դառնալ երկրի հզորագույն տնտեսվարող սուբյեկտը և ամենախոշոր սեփականատերը։ Իսկ թե ինչ կլինի դրանից հետո, դժվար չէ գլխի ընկնել։ Ինչպես հայտնի է, պետությունները փլուզվում կամ հետընթաց են ապրում կղերականության հետ ինտեգրվելու պարագայում։

Տեղի ունեցող գործընթացները ևս մեկ անգամ բերում են այն հաստատ համոզման, որ Հայաստանին անհրաժեշտ է ոչ միայն քաղաքատնտեսական ու քաղաքացիական ինստիտուտների արդիականացում, այլ նաև Հայ առաքելական եկեղեցու լրջագույն բարեփոխում, բայց դա արդեն կլինի մյուս իշխանության օրոք, քանի որ այս իշխանություններն Աստծո անունն օգտագործելով միայն որկրամոլությամբ են զբաղվում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը