Միշտ կլինենք ձեր կողքին, ձեր ձայնին` ունկնդիր, ձեր իրավունքին` զորավիգ
Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը Գյումրիում
Հարգելի հայրենակիցներ, գյումրեցիներ,
Շիրակ աշխարհի մեր համաքաղաքացիներ,
Պատիվ է` վերադառնալ Գյումրի եւ ձմռան եղանակի նախաշեմին վայելել նաեւ ձեր հոգու ջերմությունը, ձեր ներկայությունը, սրտացավ քաղաքացիական ձեր մասնակցությունը: Ես վստահ չեմ, թե մենք կարող ենք ինչ-որ բան ավելացնել ձեր գիտելիքներին, ձեր իմացածին: Ամեն ինչ գիտեք մեր երկրի, մարզի, քաղաքի, նրա խնդիրների մասին, ի զորու եք առաջարկել լուծումներ: Ինձ համար ինքնատիպն ու ոգեպնդողն այն է, որ կարող են բոլոր դեպքերում իմ գործընկերները ներկայանալ ձեր առջեւ եւ հաշվետու լինել ձեզ, թե վերջին տարիների ընթացքում «Ժառանգությունն» ինչով է զբաղված եղել:
Եվ անկախ նրանից, թե առաջիկա գործընթացներում` նախընտրական, քաղաքական, հրապարակային կամ, այսպես ասենք, հեղափոխական, ինչպիսին են լինելու ձեր մասնակցության ձեւն ու բովանդակությունը, անհրաժեշտ է, որ ժողովրդի ընտրյալները տեւապես հաշվետու լինեն, պատասխան տան իրենց գործունեության համար եւ ձեր տված քվեի ու վստահության դիմաց: Եթե երբեւէ թույլ տա ժողովուրդը, տվյալ դեպքում` դուք, որ անջրպետ առաջանա ձեր եւ ձեր ընտրյալների միջեւ, ուրեմն Հայաստանի ազատությունը, ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը եւ նման այլ արժեքներ սոսկ սահմանադրական բառապաշար են, որ ընդհանրապես կապ չունեն մեր իրականության հետ: Ես գոհ եմ բոլոր դեպքերում, որ այս պահը կա մեր մեջ եւ վստահաբար պետք է իր շարունակությունն ունենա առաջիկայում:
1988 թվականն էր, դեկտեմբերի 7-ից մի քանի օր անց: Պետական շտաբը երկրաշարժի զոհերի մարմինները փլատակների տակից հանելու, անօթեւաններին եւ ունեզրվածներին օգնելու տարերքի մեջ էր, անձեւ մի քաոս էր Լենինականում, համայն հայոց կողմից սիրված քաղաքն ավերակների վիթխարի մի կույտի էր վերածվել, ամեն տեղ խարույկներ, ամեն ոք սրտաճմլիկ, անհույս, անորոշ սպասումի մեջ` իր փոքրիկ թղթիկն էր կախում. մեկը որդուն էր փնտրում, մյուսը` տատիկ-պապիկին, երրորդը` կողակցին: Երեւանից գալիս էին շարասյուները, եւ ես այսօրվա պես հիշում եմ այդ անասելի, անածական արհավիրքը, որ ապրեցին մեր հայրենի Շիրակ աշխարհը եւ Գյումրին: Այդ նույն շրջանում, երբ գյումրեցին ինքը բոլոր հայաստանցիների հետ առաջին շարքերում պաշտպանում էր Արցախի ազատությունը, անվտանգությունը, ամբողջականությունն ու անկախությունը:
Ուրեմն` ես շատ քիչ հիմք ու իրավունք ունեմ` բարոյական, իրավական, քաղաքական, գալ եւ ձեզ ինչ-որ ուղղություն տալ: Դուք ձեր կենսագրության, ձեր հետագծի, ձեր հոգու մեջ եք կրում մեր հայրենիքի ցավը, հոգսը, տառապանքը, ճշմարտությունը, խորապես գիտակցում սուտը, կեղծիքը, երեսպաշտությունը հաղթահարելու հրամայականը: Բոլորս մեր բնակարաններում, մեր խրճիթներում, մեր վագոն-տնակներում, աշխատավայրերում, գիտենք, երբ գալիս է գործելու ժամանակը, ինչ-որ տեղ առանձին-առանձին ենք շարժվում, կուսակցականացվում ենք, հատվածական ենք դառնում: Եվ որքան էլ իմ գործընկերներն ասեն, որ «Ժառանգությունը» այս կամ այն նախաձեռնությունում մենակ էր, միակ ընդդիմությունն էր այն ժամանակ, այդ «միակը» ոչ մեկին չի փրկելու, որովհետեւ առանձին-առանձին, «միակ» խաղալով` ժողովուրդը համատեղ, հաղթական ուժը չի տեսնելու: Այդ «միակ»-ից դուրս պիտի գանք միասին: «Ժառանգությունն» այնքանով է ժառանգություն եւ ապագա ունեցող ուժ, որ լուծումները փնտրում է ոչ միայն իր մեջ, այլեւ` ժողովրդի, ձեր մեջ, քաղաքացիական հասարակության, երիտասարդության, կուսակցական այլ շարժումների մեջ:
Վերջերս ճամփորդել էի եւ վերադառնում էի Մոսկվայից: Մեկ ուրիշ անգամ, պատահել է, Օդեսայից, տարին մի անգամ էլ` Լոս-Անջելեսից, ծնողներիս մոտից: Անպատմելի մի զգացում կար մեջս` օդանավում կողքիս նստածը այս տարվա բոլոր թռիչքների ժամանակ Շիրակ աշխարհից էր. մեկը` գյումրեցի, մյուսը` ախուրյանցի, երրորդն էլ, կարծեմ, Արթիկից էր կամ Մարալիկից: Ի՞նչ է նշանակում այս պարզ զուգադիպությունը 20 տարվա կենսագրություն ունեցող Հայաստանի Հանրապետության համար: Այն Հայաստանի, որ հայրենիքի եւ իր զավակների մեծ մասը կորցրեց Ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման տարիներին: Այն Հայաստանի, որ 1988-ին աշխարհացունց երկրաշարժ տեսավ, որը տարավ մեր հարազատներին` հազարներով, անթիվ-անհամար: Իսկ այսօր մարդիկ մեկնում են օտար ափեր, հեռանում են մեր ապաշնորհության պատճառով` մեր երեք իշխանությունների սխալ, անհեռատես քաղաքականության բերմամբ:
Մարդիկ հեռանում են, որովհետեւ արժանապատվության պակասին զուգահեռ` ունեն աշխատանքի խնդիր, եւ մեկնողներին չես կարող մեղադրել: Այսօր մեծամասնությունը ոչ թե ապրում, այլ գոյատեւում է, մի կերպ ծայրը ծայրին է հասցնում: Մեր հայրենակիցները Ռուսաստանում են, Ուկրաինայում եւ այլուր, այնտեղ աշխատում ու այնտեղից գոյատեւման միջոցներ են ուղարկում իրենց ընտանիքներին: Եվ, թեկուզ, մենք մնում ենք իբրեւ կիսաքաղաք, կիսահանրապետություն, էլի փառք իրենց, որ դա անում են: Բայց ի՞նչ գնով: Հայոց ընտանիքները կիսվում են, շատ անգամ` ճակատագրերը խեղվում: Ինչպես իմ սերնդի 80 տոկոսը, որ արդեն ամերիկացի է դարձել, ազգը հետզհետե դառնում է ռուսաստանցի, ուկրաինացի, չինացի եւ այլն: Սա՞ է մեր ապագան, սա՞ է մեր հեռանկարը: Կուսակցական մեր պայքարները, կարգախոսները, չգիտեմ, զինանշանները պատասխա՞ն են տալու այն ամենի համար, որ նորանկախ ՀՀ-ն կիսվել է` դառնալով ժողովրդագրական իմաստով կիսահանրապետություն:
Եվ ահավոր այս արտագաղթում մենք մեծ վտանգի տակ ենք` ազգային անվտանգության, հայ մարդու արժանապատվության, ՀՀ քաղաքացու պատկանելիության հարցում: Չեն հասկանում, որ չկա ազգային շահ` Արցախ, Ցեղասպանության ճանաչում, ապահով սահմաններ, եթե բացակայում են աշխատանքը, մարդկային արժանապատվությունը, արդարամտությունը, միասնական ընտանիքները, եթե երիտասարդ սերունդն ապագա չի տեսնում, փոխարենը տեսնում է այլ երկրներից ու միջազգային կառույցներից փող մուրացող մի վարչակազմ, որը մեր պետական պարտքը, այսպես շարունակվելու դեպքում, վաղը-մյուս օրը 5 միլիարդի կհասցնի: Ո՞վ է վճարելու այդ հինգ միլիարդը: Պարզ է, որ մեր երեխաներն ու թոռները: Երկրի ոսկու պաշարները ծախեցին եվրոյով, հիմա տեսնում ենք, թե եվրոյի հետ ինչ է կատարվում աշխարհով մեկ, ո՞վ է պատասխան տալու այս ամեն ինչի համար:
Այդ տուն բերելու անհրաժեշտությունը հիմա պետք է լուծենք, 20 տարի չենք կարող նորից սպասել, որպեսզի մեր համաքաղաքացիներին ետ պահենք ամերիկացի, ռուսաստանցի եւ «այլտեղացի» դառնալու հեռանկարից: Սա մեր պարտականությունն է, մեր խնդիրն է, եւ ես` իբրեւ ձեզնից մեկը, իբրեւ «ժառանգության» ներկայացուցիչ, ասում եմ, որ մենք սա կարող ենք անել թե ընտրական, թե ոչ ավանդական, նաեւ հրապարակային եղանակներով: Բայց ամեն ոք պիտի դուրս գա օտարվածությունից, հիասթափությունից, որ մեկ-մեկ նաեւ ինձ է պատում, եւ հավատա, որ եթե մենք չանենք, ոչ մեկը չի անելու: Եթե սպասենք, որ «էն մի» կուսակցությունը կամ «էն մյուս» հատվածը, «էն մյուս» հասարակական շարժումն է առանձին անելու, այդպես չէ:
«Ժառանգությունը», որ ընդամենը 7 հոգանոց խմբակցություն ունի խորհրդարանում, արդար ընտրության դեպքում պիտի ունենար 27-ը: Այո, մենք գիտենք, որ քվե գողացվեց մեզնից, ինչպես որ ձեր ճակատագրից, ձեր ընտանիքից, ձեզ հասանելիք գումարից գողացվեց ձեր եկամուտը, կրթաթոշակը, ձեր ավանդը: Եվ թող ոչ մեկը չփորձի ձեզ համոզել, թե Հայաստանում փող չկա: Փող կա, մնում է պարտաճանաչ իշխանություն ունենալ, որը հինգ տարվա իր ծառայության ընթացքում կսպասարկի Ձեր եւ իմ շահերը` որպես համաքաղաքացիների, որպես իշխանության աղբյուր հանդիսացող ժողովրդի: Իշխանություն, որը հինգ տարի կասի` ո՛չ, օրենքի ողջ խստությունը ես կիրառելու եմ, նախեւառաջ, իմ ընտանիքի, խնամու, փեսայի, բոլոր մերձավորների ու բարեկամների նկատմամբ, ովքեր որեւէ մասնավոր շահ չեն քաղելու իմ իշխանությունից: Հինգ տարվա այդ փորձությունից հետո թող արդար իր վաստակով, եթե ուզում է, հարստանա, մենք միայն ուրախ կլինենք ավելի շատ հարուստ համաքաղաքացիներ ունենալ թե՛ Գյումրիում, թե՛ Երեւանում եւ այլուր, բայց ծառայությունը մնում է ծառայություն, ոչ մի դեպքում չպետք է այն շփոթել անձնական հարստացման հնարավորության հետ:
Մենք գիտենք, որ այս քսան տարիների ընթացքում այդպես չի եղել, հետեւաբար` այդ տարիները կարելի է կորսված ժամանակաշրջան համարել: Փողը կար, միջոցներ կային արտադրությունը վերագործարկելու, արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը զարկ տալու, գիտակրթական համակարգն ուժեղացնելու համար, բայց չարվեց: Ժամանակին մենք պահանջում էինք եւ այժմ էլ պահանջում ենք, որ բյուջետային ծախսերի առնվազն 3%-ի չափով ֆինանսավորի գիտությունը, քանզի ակնհայտ է գիտության, կրթության, մեր համազգային մտավոր ներուժի եւ տնտեսության միջեւ եղած ուղղակի կապը: Պարզապես անհրաժեշտ է, որ այդ կապի մեջ յուրաքանչյուր մարդու հնարավորություն տրվի` գտնելու իր տեղը, ունենալու պատասխանատվության իր բաժինն ու ապագայի իր տեսլականը: Պետք չէ ապավինել ինչ-որ «բարի քեռու» զորության, մեծամեծ պետական ծրագրերի եւ ոչ էլ, առավելեւս, կուսակցական նախընտրական արշավների: Իշխանությունն ամենից առաջ պետք է լինի իրապես ընտրված: Ցավոք, այդպես չէ արդեն ավելի քան մեկուկես տասնամյակ, եւ հիմա մեր ձեռքում կա այդ ամեն ինչը փոխելու հուսալի գործիքակազմ` քաղաքացիական ինքնագիտակցություն, անկոտրում կամք, արդար պայքարի ոգի, որոնք հարկ է դնել ակտիվ գործողության մեջ: Այլապես ոչինչ չի փոխվի, քանի դեռ Գյումրվա տնտեսագիտական համալսարանի ճակատին կուսակցական զինանշան է դրված` իբրեւ պետական խորհրդանիշ: Եվ ոչ միայն Գյումրվա: Մարզային մեր բազմաթիվ մշակութային պալատներում, հանրային սեփականություն հանդիսացող օբյեկտներում, կրթօջախներում քիչ չեն պետականի առանձնաշնորհի հավակնող այդօրինակ «խորհրդանիշները»:
Այսօր ունենք գործող նախագահ, ով իր նախորդների նման կարծում է, թե պետությունն ինքն է: Ինչ է ստացվում` Սահմանադրության մեջ գրված է Հանրապետություն, բայց իրականում կուսակցապետություն է: Ոչ ոք չպետք է մոռանա, որ իրենից հետո ոչ միայն Աստծո դատաստան կա, այլեւ` քաղաքացու կամոք իշխանության վերատիրացում, ինչը եւ վերջ կդնի իշխանության փոխանցումավազքի արատավոր երեւույթին: Եվ դա իրեն երկար սպասել չի տա, տեղի կունենա մեր սերնդի օրոք: Իսկ կուսակցությունները, այդ թվում եւ, հատկապես, իշխող քաղաքական ուժը, կոչված են ծառայելու ժողովրդին, առանց որեւէ պատրանք տածելու, թե իրենք երկրի թագավոր են:
Հեռու եմ այս հարցում դատավոր լինելու հավակնությունից, բայց, կարծում եմ, առաջնահերթ խնդիրներից մեկը մեր ժողովրդի միջից ստրկամտությունը, ինքնաստորացումը հանելն է, ոչ ոք չպետք է չվախենա ճշմարտությունն ասելուց եւ պատրաստ լինի մեր երեխաների ու թոռների սիրույն փոխելու երկիրը: Փոխելու այժմվանից` առանց հիասթափություն ապրելու, առանց կրավորական պահվածք դրսեւորելու: Փույթ չէ, թե փորձեր արվեցին, բայց չստացվեց` ուղղակի սխալվեցինք, միասին չէինք, պատրաստ չէինք, հետեւողական չէինք: Այս անգամ պարտավոր ենք անել այնպես, որ մեր «համարը խփի», ոչ թե բախտով կամ ճակատագրով, այլ մեր հետեւողականությամբ, վերկուսակցական դիրքորոշմամբ: «Ժառանգությունը» ներկա կլինի եւ շարժիչներից մեկը կլինի այս համատեղման:
Բայց այստեղ ահա հնչել է զանգը Գյումրիից մինչեւ Երեւան, սահմանից` սահման, որ հայ մարդը, ՀՀ քաղաքացին պետք է հավատա միմիայն իրեն, իր իրավունքին, երկիրը փոխելու իր մենաշնորհին: Այդ մենաշնորհը միակն է, դա ժողովրդի` իշխանություն ձեւավորելու սահմանադրական իրավունքն է: Մնացած մենաշնորհները պետք է քայլ առ քայլ քանդվեն` կանաչ ճանապարհ բացելով ազատ մրցակցության, փոքր եւ միջին բիզնեսի խթանման, արդար հարկահավաքության առջեւ: Իհարկե` սա հնարավոր կլինի միայն քաղաքական փոփոխության դեպքում, որը բերելու առաքելությունը ժողովրդի համահավաք կամքին է վիճակված: Նրանք, ովքեր շփոթել են իրենց քաղաքացիական ծառայության պարտքը անձնական շահի հետ, պետք է հեռանան` կապ չունի, թե որտեղ են հարմարավետորեն տեղավորված` նախագահականում, կառավարությունում, Ազգային ժողովում, դատարաններում, թե պետական կառավարման այլ կառույցներում:
Այսօր հարձակման թիրախ են դարձել ոչ միայն ժողովրդի իրավունքները, այլեւ մեր բնությունը: «Թռչկանը», «Թեղուտը», մյուս-մյուսները պետական, քաղաքական պաշտոնյաների, տարբեր տրամաչափի գործիչների ու նրանց ընտանիքների համար վերածվել են «փող սարքելու» ծրագրերի: Ասելիքը շատ է, մենք ունենք նաեւ արտաքին քաղաքական խնդիրներ` Արցախի հիմնահարց, Մադրիդյան սկզբունքներ, Հայաստան-Թուրքիա արձանագրություններ, անգամ ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ սխալ քաղաքականության հետեւանքով ազգային շահի, ինքնիշխանության եւ սուվերեն հավասարության կորուստ: Եվ այստեղ Հայաստանը պետք չունի մեղադրելու ոչ Ռուսաստանին, ոչ Թուրքիային: Մենք ենք մեր սխալի հեղինակը, սխալը ներսից է, եւ ախտորոշումը պարտավոր ենք միասին անել: Իսկ գլխավոր ախտորոշումը շատ հստակ է` հայրենասիրության պակաս ե՛ւ տանը, ե՛ւ դրսում:
Ներքին առումով նույնպես` ժողովրդավարություն, մարդու իրավունք, սեփականության հարգում, ավանդների վերադարձ, աշխատանքի իրավունք եւ այլն, ամեն ինչ դարձյալ մեր ձեռքում է: Եթե ինչ-որ բան չի ստացվում` սխալը ներսից է: Այն, որ մեր անկախության տարիներին շուրջ մեկ միլիոն մարդ Գյումրիից, Երեւանից, ՀՀ տարբեր քաղաքներից ու գյուղերից գնացել են դուրս, դա մեր ամոթն է ու մեր պարսավանքը: Պետք չէ մեղավորներ փնտրել դրսում` մոտ ու հեռու հարեւանություններում, անգամ թշնամու մոտ: Մեղքը մերն է:
Մենք եկել ենք Գյումրի ոչ թե նախընտրական առաքելությամբ, սա հերթական հանդիպում է: Երախտագետ ենք քաղաքային իշխանություններին, որ տրամադրեցին այս դահլիճը: Վստահ եմ, որ ապագա այցելությունների ժամանակ մեզ կընձեռվի նաեւ հրապարակային այլ վայրեր: Բայց շատ կարեւոր է նաեւ, որ տեղական իշխանությունն ապակուսակցականացնի քաղաքի շենքերը, հանրային սեփականությունը, կրթօջախները: Մենք եկել ենք հաշվետու լինելու, լսելու ձեզ, ինչպես ասում են` կիսվելու ձեզ հետ: Առջեւում քաղաքական, հրապարակային, նախընտրական շրջանն է: Տարբեր հնարավորություններ կան, տարբեր դիպաշարեր` այսպես պետք է, այնպես պետք է եւ այլն: Ես կարող եմ մի բան ասել եւ հետո ձայնը փոխանցել ձեզ, անսալ ձեր հարցերին, խորհուրդներին, դիտողություններին ու քննադատություններին: Ես` որպես ձեր համաքաղաքացի, իսկ «ժառանգությունը»` որպես հավաքականություն, հավատում ենք ժողովրդի հաղթանակին եւ հավաստիացնում, որ միշտ կլինենք ձեր կողքին, ձեր ձայնին ունկնդիր, ձեր իրավունքին զորավիգ:
Եվ այն, որ Հակոբյան Ռուբենը հղում արեց` մարտահրավեր նետեց ձեզ, թե Գյումրին չունի ընդդիմադիր պատգամավոր, լավ հարցադրում է: Բայց կարող ենք հակադարձել Ռուբենին` ասելով, որ Գյումրին, Շիրակ աշխարհը, նաեւ շարքային հայաստանցին ունի իր «Ժառանգությունը» խորհրդարանում: Եվ ցանկանք, որ Աստծո օրհնությամբ ու մեր ընդհանուր ջանքերով հաջորդ ընտրական շրջաններից հետո շարքային շիրակցին, շարքային հայաստանցին կարողանա ի դեմս «Ժառանգության», մեր մյուս գործընկերների, այլ առողջ ուժերի, հպարտորեն ասել, որ ինքը ներկայացված է Ազգային ժողովում, որ նախագահն իրենն է, իսկ նախագահական ինստիտուտն արժանի է հարգանքի: Ուրեմն այս անգամ ունենք մի խնդիր եւս. այն որակը, որ կա մեզանում, պիտի դարձնել քանակ: Որովհետեւ այն ձայները, որ այսօր քանակ են, մեծամասնություն են, չեն կարողանում դառնալ որակ:
Շնորհակալություն, հարգելի հայրենակիցներ: Չունենք կախարդական փայտիկ, եկել ենք ձեզ ասելու, որ մենք առաջին գծում ենք ձեզ հուզող բոլոր հարցերում: Եվ եթե չլինեն ձեր պատվերը, ձեր պահանջը, ձեր ուղեցույցը, ձեր պատգամը եւ ձեր ներկայությունը, ոչ «Ժառանգությունը» ժառանգություն կդառնա, ոչ էլ Հայաստանը` մեր երազների հայրենիքը: Մեր ապագան մեր ձեռքում է, եւ ես վստահ եմ, որ մեծ, շատ մեծ ցանկության դեպքում մենք կունենանք այդ հայրենիքը եւ կունենանք այսօրվանից սկսյալ:
Միշտ կլինենք ձեր կողքին, ձեր ձայնին` ունկնդիր, ձեր իրավունքին` զորավիգ
Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը Գյումրիում
Հարգելի հայրենակիցներ, գյումրեցիներ,
Շիրակ աշխարհի մեր համաքաղաքացիներ,
Պատիվ է` վերադառնալ Գյումրի եւ ձմռան եղանակի նախաշեմին վայելել նաեւ ձեր հոգու ջերմությունը, ձեր ներկայությունը, սրտացավ քաղաքացիական ձեր մասնակցությունը: Ես վստահ չեմ, թե մենք կարող ենք ինչ-որ բան ավելացնել ձեր գիտելիքներին, ձեր իմացածին: Ամեն ինչ գիտեք մեր երկրի, մարզի, քաղաքի, նրա խնդիրների մասին, ի զորու եք առաջարկել լուծումներ: Ինձ համար ինքնատիպն ու ոգեպնդողն այն է, որ կարող են բոլոր դեպքերում իմ գործընկերները ներկայանալ ձեր առջեւ եւ հաշվետու լինել ձեզ, թե վերջին տարիների ընթացքում «Ժառանգությունն» ինչով է զբաղված եղել:
Եվ անկախ նրանից, թե առաջիկա գործընթացներում` նախընտրական, քաղաքական, հրապարակային կամ, այսպես ասենք, հեղափոխական, ինչպիսին են լինելու ձեր մասնակցության ձեւն ու բովանդակությունը, անհրաժեշտ է, որ ժողովրդի ընտրյալները տեւապես հաշվետու լինեն, պատասխան տան իրենց գործունեության համար եւ ձեր տված քվեի ու վստահության դիմաց: Եթե երբեւէ թույլ տա ժողովուրդը, տվյալ դեպքում` դուք, որ անջրպետ առաջանա ձեր եւ ձեր ընտրյալների միջեւ, ուրեմն Հայաստանի ազատությունը, ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը եւ նման այլ արժեքներ սոսկ սահմանադրական բառապաշար են, որ ընդհանրապես կապ չունեն մեր իրականության հետ: Ես գոհ եմ բոլոր դեպքերում, որ այս պահը կա մեր մեջ եւ վստահաբար պետք է իր շարունակությունն ունենա առաջիկայում:
1988 թվականն էր, դեկտեմբերի 7-ից մի քանի օր անց: Պետական շտաբը երկրաշարժի զոհերի մարմինները փլատակների տակից հանելու, անօթեւաններին եւ ունեզրվածներին օգնելու տարերքի մեջ էր, անձեւ մի քաոս էր Լենինականում, համայն հայոց կողմից սիրված քաղաքն ավերակների վիթխարի մի կույտի էր վերածվել, ամեն տեղ խարույկներ, ամեն ոք սրտաճմլիկ, անհույս, անորոշ սպասումի մեջ` իր փոքրիկ թղթիկն էր կախում. մեկը որդուն էր փնտրում, մյուսը` տատիկ-պապիկին, երրորդը` կողակցին: Երեւանից գալիս էին շարասյուները, եւ ես այսօրվա պես հիշում եմ այդ անասելի, անածական արհավիրքը, որ ապրեցին մեր հայրենի Շիրակ աշխարհը եւ Գյումրին: Այդ նույն շրջանում, երբ գյումրեցին ինքը բոլոր հայաստանցիների հետ առաջին շարքերում պաշտպանում էր Արցախի ազատությունը, անվտանգությունը, ամբողջականությունն ու անկախությունը:
Ուրեմն` ես շատ քիչ հիմք ու իրավունք ունեմ` բարոյական, իրավական, քաղաքական, գալ եւ ձեզ ինչ-որ ուղղություն տալ: Դուք ձեր կենսագրության, ձեր հետագծի, ձեր հոգու մեջ եք կրում մեր հայրենիքի ցավը, հոգսը, տառապանքը, ճշմարտությունը, խորապես գիտակցում սուտը, կեղծիքը, երեսպաշտությունը հաղթահարելու հրամայականը: Բոլորս մեր բնակարաններում, մեր խրճիթներում, մեր վագոն-տնակներում, աշխատավայրերում, գիտենք, երբ գալիս է գործելու ժամանակը, ինչ-որ տեղ առանձին-առանձին ենք շարժվում, կուսակցականացվում ենք, հատվածական ենք դառնում: Եվ որքան էլ իմ գործընկերներն ասեն, որ «Ժառանգությունը» այս կամ այն նախաձեռնությունում մենակ էր, միակ ընդդիմությունն էր այն ժամանակ, այդ «միակը» ոչ մեկին չի փրկելու, որովհետեւ առանձին-առանձին, «միակ» խաղալով` ժողովուրդը համատեղ, հաղթական ուժը չի տեսնելու: Այդ «միակ»-ից դուրս պիտի գանք միասին: «Ժառանգությունն» այնքանով է ժառանգություն եւ ապագա ունեցող ուժ, որ լուծումները փնտրում է ոչ միայն իր մեջ, այլեւ` ժողովրդի, ձեր մեջ, քաղաքացիական հասարակության, երիտասարդության, կուսակցական այլ շարժումների մեջ:
Վերջերս ճամփորդել էի եւ վերադառնում էի Մոսկվայից: Մեկ ուրիշ անգամ, պատահել է, Օդեսայից, տարին մի անգամ էլ` Լոս-Անջելեսից, ծնողներիս մոտից: Անպատմելի մի զգացում կար մեջս` օդանավում կողքիս նստածը այս տարվա բոլոր թռիչքների ժամանակ Շիրակ աշխարհից էր. մեկը` գյումրեցի, մյուսը` ախուրյանցի, երրորդն էլ, կարծեմ, Արթիկից էր կամ Մարալիկից: Ի՞նչ է նշանակում այս պարզ զուգադիպությունը 20 տարվա կենսագրություն ունեցող Հայաստանի Հանրապետության համար: Այն Հայաստանի, որ հայրենիքի եւ իր զավակների մեծ մասը կորցրեց Ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման տարիներին: Այն Հայաստանի, որ 1988-ին աշխարհացունց երկրաշարժ տեսավ, որը տարավ մեր հարազատներին` հազարներով, անթիվ-անհամար: Իսկ այսօր մարդիկ մեկնում են օտար ափեր, հեռանում են մեր ապաշնորհության պատճառով` մեր երեք իշխանությունների սխալ, անհեռատես քաղաքականության բերմամբ:
Մարդիկ հեռանում են, որովհետեւ արժանապատվության պակասին զուգահեռ` ունեն աշխատանքի խնդիր, եւ մեկնողներին չես կարող մեղադրել: Այսօր մեծամասնությունը ոչ թե ապրում, այլ գոյատեւում է, մի կերպ ծայրը ծայրին է հասցնում: Մեր հայրենակիցները Ռուսաստանում են, Ուկրաինայում եւ այլուր, այնտեղ աշխատում ու այնտեղից գոյատեւման միջոցներ են ուղարկում իրենց ընտանիքներին: Եվ, թեկուզ, մենք մնում ենք իբրեւ կիսաքաղաք, կիսահանրապետություն, էլի փառք իրենց, որ դա անում են: Բայց ի՞նչ գնով: Հայոց ընտանիքները կիսվում են, շատ անգամ` ճակատագրերը խեղվում: Ինչպես իմ սերնդի 80 տոկոսը, որ արդեն ամերիկացի է դարձել, ազգը հետզհետե դառնում է ռուսաստանցի, ուկրաինացի, չինացի եւ այլն: Սա՞ է մեր ապագան, սա՞ է մեր հեռանկարը: Կուսակցական մեր պայքարները, կարգախոսները, չգիտեմ, զինանշանները պատասխա՞ն են տալու այն ամենի համար, որ նորանկախ ՀՀ-ն կիսվել է` դառնալով ժողովրդագրական իմաստով կիսահանրապետություն:
Եվ ահավոր այս արտագաղթում մենք մեծ վտանգի տակ ենք` ազգային անվտանգության, հայ մարդու արժանապատվության, ՀՀ քաղաքացու պատկանելիության հարցում: Չեն հասկանում, որ չկա ազգային շահ` Արցախ, Ցեղասպանության ճանաչում, ապահով սահմաններ, եթե բացակայում են աշխատանքը, մարդկային արժանապատվությունը, արդարամտությունը, միասնական ընտանիքները, եթե երիտասարդ սերունդն ապագա չի տեսնում, փոխարենը տեսնում է այլ երկրներից ու միջազգային կառույցներից փող մուրացող մի վարչակազմ, որը մեր պետական պարտքը, այսպես շարունակվելու դեպքում, վաղը-մյուս օրը 5 միլիարդի կհասցնի: Ո՞վ է վճարելու այդ հինգ միլիարդը: Պարզ է, որ մեր երեխաներն ու թոռները: Երկրի ոսկու պաշարները ծախեցին եվրոյով, հիմա տեսնում ենք, թե եվրոյի հետ ինչ է կատարվում աշխարհով մեկ, ո՞վ է պատասխան տալու այս ամեն ինչի համար:
Այդ տուն բերելու անհրաժեշտությունը հիմա պետք է լուծենք, 20 տարի չենք կարող նորից սպասել, որպեսզի մեր համաքաղաքացիներին ետ պահենք ամերիկացի, ռուսաստանցի եւ «այլտեղացի» դառնալու հեռանկարից: Սա մեր պարտականությունն է, մեր խնդիրն է, եւ ես` իբրեւ ձեզնից մեկը, իբրեւ «ժառանգության» ներկայացուցիչ, ասում եմ, որ մենք սա կարող ենք անել թե ընտրական, թե ոչ ավանդական, նաեւ հրապարակային եղանակներով: Բայց ամեն ոք պիտի դուրս գա օտարվածությունից, հիասթափությունից, որ մեկ-մեկ նաեւ ինձ է պատում, եւ հավատա, որ եթե մենք չանենք, ոչ մեկը չի անելու: Եթե սպասենք, որ «էն մի» կուսակցությունը կամ «էն մյուս» հատվածը, «էն մյուս» հասարակական շարժումն է առանձին անելու, այդպես չէ:«Ժառանգությունը», որ ընդամենը 7 հոգանոց խմբակցություն ունի խորհրդարանում, արդար ընտրության դեպքում պիտի ունենար 27-ը: Այո, մենք գիտենք, որ քվե գողացվեց մեզնից, ինչպես որ ձեր ճակատագրից, ձեր ընտանիքից, ձեզ հասանելիք գումարից գողացվեց ձեր եկամուտը, կրթաթոշակը, ձեր ավանդը: Եվ թող ոչ մեկը չփորձի ձեզ համոզել, թե Հայաստանում փող չկա: Փող կա, մնում է պարտաճանաչ իշխանություն ունենալ, որը հինգ տարվա իր ծառայության ընթացքում կսպասարկի Ձեր եւ իմ շահերը` որպես համաքաղաքացիների, որպես իշխանության աղբյուր հանդիսացող ժողովրդի: Իշխանություն, որը հինգ տարի կասի` ո՛չ, օրենքի ողջ խստությունը ես կիրառելու եմ, նախեւառաջ, իմ ընտանիքի, խնամու, փեսայի, բոլոր մերձավորների ու բարեկամների նկատմամբ, ովքեր որեւէ մասնավոր շահ չեն քաղելու իմ իշխանությունից: Հինգ տարվա այդ փորձությունից հետո թող արդար իր վաստակով, եթե ուզում է, հարստանա, մենք միայն ուրախ կլինենք ավելի շատ հարուստ համաքաղաքացիներ ունենալ թե՛ Գյումրիում, թե՛ Երեւանում եւ այլուր, բայց ծառայությունը մնում է ծառայություն, ոչ մի դեպքում չպետք է այն շփոթել անձնական հարստացման հնարավորության հետ:
Մենք գիտենք, որ այս քսան տարիների ընթացքում այդպես չի եղել, հետեւաբար` այդ տարիները կարելի է կորսված ժամանակաշրջան համարել: Փողը կար, միջոցներ կային արտադրությունը վերագործարկելու, արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը զարկ տալու, գիտակրթական համակարգն ուժեղացնելու համար, բայց չարվեց: Ժամանակին մենք պահանջում էինք եւ այժմ էլ պահանջում ենք, որ բյուջետային ծախսերի առնվազն 3%-ի չափով ֆինանսավորի գիտությունը, քանզի ակնհայտ է գիտության, կրթության, մեր համազգային մտավոր ներուժի եւ տնտեսության միջեւ եղած ուղղակի կապը: Պարզապես անհրաժեշտ է, որ այդ կապի մեջ յուրաքանչյուր մարդու հնարավորություն տրվի` գտնելու իր տեղը, ունենալու պատասխանատվության իր բաժինն ու ապագայի իր տեսլականը: Պետք չէ ապավինել ինչ-որ «բարի քեռու» զորության, մեծամեծ պետական ծրագրերի եւ ոչ էլ, առավելեւս, կուսակցական նախընտրական արշավների: Իշխանությունն ամենից առաջ պետք է լինի իրապես ընտրված: Ցավոք, այդպես չէ արդեն ավելի քան մեկուկես տասնամյակ, եւ հիմա մեր ձեռքում կա այդ ամեն ինչը փոխելու հուսալի գործիքակազմ` քաղաքացիական ինքնագիտակցություն, անկոտրում կամք, արդար պայքարի ոգի, որոնք հարկ է դնել ակտիվ գործողության մեջ: Այլապես ոչինչ չի փոխվի, քանի դեռ Գյումրվա տնտեսագիտական համալսարանի ճակատին կուսակցական զինանշան է դրված` իբրեւ պետական խորհրդանիշ: Եվ ոչ միայն Գյումրվա: Մարզային մեր բազմաթիվ մշակութային պալատներում, հանրային սեփականություն հանդիսացող օբյեկտներում, կրթօջախներում քիչ չեն պետականի առանձնաշնորհի հավակնող այդօրինակ «խորհրդանիշները»:
Այսօր ունենք գործող նախագահ, ով իր նախորդների նման կարծում է, թե պետությունն ինքն է: Ինչ է ստացվում` Սահմանադրության մեջ գրված է Հանրապետություն, բայց իրականում կուսակցապետություն է: Ոչ ոք չպետք է մոռանա, որ իրենից հետո ոչ միայն Աստծո դատաստան կա, այլեւ` քաղաքացու կամոք իշխանության վերատիրացում, ինչը եւ վերջ կդնի իշխանության փոխանցումավազքի արատավոր երեւույթին: Եվ դա իրեն երկար սպասել չի տա, տեղի կունենա մեր սերնդի օրոք: Իսկ կուսակցությունները, այդ թվում եւ, հատկապես, իշխող քաղաքական ուժը, կոչված են ծառայելու ժողովրդին, առանց որեւէ պատրանք տածելու, թե իրենք երկրի թագավոր են:
Հեռու եմ այս հարցում դատավոր լինելու հավակնությունից, բայց, կարծում եմ, առաջնահերթ խնդիրներից մեկը մեր ժողովրդի միջից ստրկամտությունը, ինքնաստորացումը հանելն է, ոչ ոք չպետք է չվախենա ճշմարտությունն ասելուց եւ պատրաստ լինի մեր երեխաների ու թոռների սիրույն փոխելու երկիրը: Փոխելու այժմվանից` առանց հիասթափություն ապրելու, առանց կրավորական պահվածք դրսեւորելու: Փույթ չէ, թե փորձեր արվեցին, բայց չստացվեց` ուղղակի սխալվեցինք, միասին չէինք, պատրաստ չէինք, հետեւողական չէինք: Այս անգամ պարտավոր ենք անել այնպես, որ մեր «համարը խփի», ոչ թե բախտով կամ ճակատագրով, այլ մեր հետեւողականությամբ, վերկուսակցական դիրքորոշմամբ: «Ժառանգությունը» ներկա կլինի եւ շարժիչներից մեկը կլինի այս համատեղման:
Բայց այստեղ ահա հնչել է զանգը Գյումրիից մինչեւ Երեւան, սահմանից` սահման, որ հայ մարդը, ՀՀ քաղաքացին պետք է հավատա միմիայն իրեն, իր իրավունքին, երկիրը փոխելու իր մենաշնորհին: Այդ մենաշնորհը միակն է, դա ժողովրդի` իշխանություն ձեւավորելու սահմանադրական իրավունքն է: Մնացած մենաշնորհները պետք է քայլ առ քայլ քանդվեն` կանաչ ճանապարհ բացելով ազատ մրցակցության, փոքր եւ միջին բիզնեսի խթանման, արդար հարկահավաքության առջեւ: Իհարկե` սա հնարավոր կլինի միայն քաղաքական փոփոխության դեպքում, որը բերելու առաքելությունը ժողովրդի համահավաք կամքին է վիճակված: Նրանք, ովքեր շփոթել են իրենց քաղաքացիական ծառայության պարտքը անձնական շահի հետ, պետք է հեռանան` կապ չունի, թե որտեղ են հարմարավետորեն տեղավորված` նախագահականում, կառավարությունում, Ազգային ժողովում, դատարաններում, թե պետական կառավարման այլ կառույցներում:
Այսօր հարձակման թիրախ են դարձել ոչ միայն ժողովրդի իրավունքները, այլեւ մեր բնությունը: «Թռչկանը», «Թեղուտը», մյուս-մյուսները պետական, քաղաքական պաշտոնյաների, տարբեր տրամաչափի գործիչների ու նրանց ընտանիքների համար վերածվել են «փող սարքելու» ծրագրերի: Ասելիքը շատ է, մենք ունենք նաեւ արտաքին քաղաքական խնդիրներ` Արցախի հիմնահարց, Մադրիդյան սկզբունքներ, Հայաստան-Թուրքիա արձանագրություններ, անգամ ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ սխալ քաղաքականության հետեւանքով ազգային շահի, ինքնիշխանության եւ սուվերեն հավասարության կորուստ: Եվ այստեղ Հայաստանը պետք չունի մեղադրելու ոչ Ռուսաստանին, ոչ Թուրքիային: Մենք ենք մեր սխալի հեղինակը, սխալը ներսից է, եւ ախտորոշումը պարտավոր ենք միասին անել: Իսկ գլխավոր ախտորոշումը շատ հստակ է` հայրենասիրության պակաս ե՛ւ տանը, ե՛ւ դրսում:
Ներքին առումով նույնպես` ժողովրդավարություն, մարդու իրավունք, սեփականության հարգում, ավանդների վերադարձ, աշխատանքի իրավունք եւ այլն, ամեն ինչ դարձյալ մեր ձեռքում է: Եթե ինչ-որ բան չի ստացվում` սխալը ներսից է: Այն, որ մեր անկախության տարիներին շուրջ մեկ միլիոն մարդ Գյումրիից, Երեւանից, ՀՀ տարբեր քաղաքներից ու գյուղերից գնացել են դուրս, դա մեր ամոթն է ու մեր պարսավանքը: Պետք չէ մեղավորներ փնտրել դրսում` մոտ ու հեռու հարեւանություններում, անգամ թշնամու մոտ: Մեղքը մերն է:
Մենք եկել ենք Գյումրի ոչ թե նախընտրական առաքելությամբ, սա հերթական հանդիպում է: Երախտագետ ենք քաղաքային իշխանություններին, որ տրամադրեցին այս դահլիճը: Վստահ եմ, որ ապագա այցելությունների ժամանակ մեզ կընձեռվի նաեւ հրապարակային այլ վայրեր: Բայց շատ կարեւոր է նաեւ, որ տեղական իշխանությունն ապակուսակցականացնի քաղաքի շենքերը, հանրային սեփականությունը, կրթօջախները: Մենք եկել ենք հաշվետու լինելու, լսելու ձեզ, ինչպես ասում են` կիսվելու ձեզ հետ: Առջեւում քաղաքական, հրապարակային, նախընտրական շրջանն է: Տարբեր հնարավորություններ կան, տարբեր դիպաշարեր` այսպես պետք է, այնպես պետք է եւ այլն: Ես կարող եմ մի բան ասել եւ հետո ձայնը փոխանցել ձեզ, անսալ ձեր հարցերին, խորհուրդներին, դիտողություններին ու քննադատություններին: Ես` որպես ձեր համաքաղաքացի, իսկ «ժառանգությունը»` որպես հավաքականություն, հավատում ենք ժողովրդի հաղթանակին եւ հավաստիացնում, որ միշտ կլինենք ձեր կողքին, ձեր ձայնին ունկնդիր, ձեր իրավունքին զորավիգ:
Եվ այն, որ Հակոբյան Ռուբենը հղում արեց` մարտահրավեր նետեց ձեզ, թե Գյումրին չունի ընդդիմադիր պատգամավոր, լավ հարցադրում է: Բայց կարող ենք հակադարձել Ռուբենին` ասելով, որ Գյումրին, Շիրակ աշխարհը, նաեւ շարքային հայաստանցին ունի իր «Ժառանգությունը» խորհրդարանում: Եվ ցանկանք, որ Աստծո օրհնությամբ ու մեր ընդհանուր ջանքերով հաջորդ ընտրական շրջաններից հետո շարքային շիրակցին, շարքային հայաստանցին կարողանա ի դեմս «Ժառանգության», մեր մյուս գործընկերների, այլ առողջ ուժերի, հպարտորեն ասել, որ ինքը ներկայացված է Ազգային ժողովում, որ նախագահն իրենն է, իսկ նախագահական ինստիտուտն արժանի է հարգանքի: Ուրեմն այս անգամ ունենք մի խնդիր եւս. այն որակը, որ կա մեզանում, պիտի դարձնել քանակ: Որովհետեւ այն ձայները, որ այսօր քանակ են, մեծամասնություն են, չեն կարողանում դառնալ որակ:
Շնորհակալություն, հարգելի հայրենակիցներ: Չունենք կախարդական փայտիկ, եկել ենք ձեզ ասելու, որ մենք առաջին գծում ենք ձեզ հուզող բոլոր հարցերում: Եվ եթե չլինեն ձեր պատվերը, ձեր պահանջը, ձեր ուղեցույցը, ձեր պատգամը եւ ձեր ներկայությունը, ոչ «Ժառանգությունը» ժառանգություն կդառնա, ոչ էլ Հայաստանը` մեր երազների հայրենիքը: Մեր ապագան մեր ձեռքում է, եւ ես վստահ եմ, որ մեծ, շատ մեծ ցանկության դեպքում մենք կունենանք այդ հայրենիքը եւ կունենանք այսօրվանից սկսյալ:
Հաջողություն եմ մաղթում բոլորիդ: