Լրահոս

25.10.2011 10:56


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Բեռնար Ֆասիեն Ֆրանսիայից, Ռոբերտ Բրադտկեն Միացյալ Նահանգներից և Իգոր Պոպովը Ռուսաստանի Դաշնությունից) և դեսպան Անջեյ Կասպրչիկը (ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ) հոկտեմբերի 21-24-ը այցելեցին  Երևան, Լեռնային Ղարաբաղ և Բաքու, որից հետո հանդես են եկել հայտարարությամբ:

«Համանախագահները հանդիպումներ ունեցան նախագահներ Սարգսյանի, Ալիևի և Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ:

Համանախագահները խաղաղ կարգավորմանն հասնելու ուղղությամբ հետագա առաջընթացի համար կողմերին ընդգծեցին բանակցային գործընթացի էական բարելավման, վստահության բարձրացման և հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտությունը: Համանախագահները տարբեր ոլորտներում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ մի շարք առաջարկներ են ներկայացրել: Կողմերը սկզբունքորեն համաձայնություն տվեցին շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության մեխանիզմի նախագծին, որը համանախագահներն առաջարկել էին ապրիլին և որի մասին նախագահներ Ալիևը, Սարգսյանն ու Մեդվեդևը պայմանավորվածություն էին ձեռք բերել Սոչիում արված համատեղ հայտարարությամբ:

Համանախագահները նաև առանձին հանդիպումներ ունեցան Ամենայն Հայոց Կաթողիկոս, նորին սրբություն Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ մեծ մուֆտի Շեյխուլիսլամ Ալահշուքյուր Փաշազադեի հետ, որպեսզի քննարկեն բնակչությանն արդար, հարատև ու նաև խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Հոկտեմբերի 22-ին համանախագահները վերջին տասնչորս ամսվա ընթացքում չորրորդ անգամ հետիոտն հատեցին շփման գիծը: Այդ հատումը վերստին ընդգծեց, որ շփման գիծը հարևան ժողովուրդների միջև հավիտենական խոչընդոտ չէ և ցույց տվեց, որ եթե բոլոր կողմերը ցանկանան ռազմական համակարգումը միանգամայն հնարավոր է:

Համանախագահները տարածաշրջան կվերադառնան նոյեմբերի վերջին, որպեսզի վերը ներկայացված միջոցառումների մշակման ուղղությամբ շարունակեն աշխատանքները կողմերի հետ և որպեսզի կողմերի միջև հետագա հանդիպումների համար հող նախապատրաստելու նպատակով որոշակիացնեն հետագա քայլերը»:

Այս խորագրի վերջին նյութերը