Քաղաքական

22.09.2023 16:32


Կեղծ զեկուցագրով են ինձ բերման ենթարկել. Անդրանիկ Թևանյան

Կեղծ զեկուցագրով են ինձ բերման ենթարկել. Անդրանիկ Թևանյան

Ինձ զրկեցին ազատությունից առանց կոնկրետ որևէ պահանջ ներկայացնելու՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնի առջև, ուր նրան տեղափոխել էին Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկելուց հետո, ապա ազատ արձակել։

«Պարզվեց՝ կեղծ զեկուցագրով են ինձ բերման ենթարկում՝ իբր ես ոստիկանների օրինական պահանջը չեմ կատարել։ Անմիջապես հետո ինձ ուղեկցեցին քննչական բաժին՝ չնշելով, թե ես ինչ կարգավիճակ ունեմ»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

Գործչի փաստաբան Վահան Հովհաննիսյանը պարզաբանեց, որ քանի որ ինքը և պրն․ Թևանյանը պարտավորվել են չհրապարակել նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ՝ ներառյալ այն տեղեկությունները, որոնք կարող էին հնչել հարցերի ընթացքում, ընդամենը կարող է ասել, որ Թևանյանը հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակում բոլորիս արդեն հայտնի զանգվածային անկարգությունների գործով։

«Մենք երկու միջնորդություն ենք ներկայացրել, որ պրն․ Թևանյանի հանդեպ իրականացվի դատաբժշկական փորձաքննություն ակնհայտ մարմնական վնասվածքներով և տրվի տուժողի դատավարական կարգավիճակ։ Սրանք անհապաղ քննարկվող միջնորդություններ են և սպասում ենք պատասխանի»,-ասաց նա։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք հետապնդումները պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ Երևանի ավագանու ընտրություններում վերահաշվարկից հետո ամենաշատ ձայներն ավելացել են «Մայր Հայաստան» դաշինքի օգտին, Թևանյանը պատասխանեց, որ իշխանությունը շատ ավելի լուրջ պրոբլեմներ ունի։ «Դրա համար են անհանգհստացած և քաղաքական միտումն ակնհայտ է։ Բայց ես ի սկզբանե հայտարարել եմ, որ պատրաստ եմ ցանկացած տիպի զարգացման։ Այնպես որ, այստեղ որևէ բան չի փոխվել, միայն թղթաբանությունն է ավելացել»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

Պայքարը չի փոխվում, նշեց նա, Հայաստանի ու Արցախի գլխավոր սպառնալիքներից մեկը գործող իշխանությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, և հրապարակային պայքարը կանգ չի առնելու։

Նշենք, որ Անդրանիկ Թևանյանին խաղաղ անհնազանդության ակցիայից հետո նախ՝ բերման էին ենթարկել Ոստիկանության Էրեբունու բաժին, ապա վարչական վարույթի շրջանակում տեղափոխել քննչական կոմիտե։ Նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշել է, որ քրեադատավարական որևէ հիմք չի ներկայացվել։ Կոմիտեում փաստաբանին թույլ չեն տվել հանդիպել Թևանյանին, զրկել են իրավական օգնությունից, խոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը։ Փաստաբանը զրկված էր նաև հնարավորությունից վստահորդին դեղորայք փոխանցելու, թեև տեղեկացրել են դրա անհրաժեշտության մասին։ Ավելի ուշ Անդրանիկ Թևանյանին ազատ արձակեցին և նա նշեց, որ իրեն բերման էին ենթարկել ոստիկանների օրինական պահանջն, իբր, չկատարելու կեղծ զեկուցագրով։

Այս խորագրի վերջին նյութերը