Քաղաքական

19.09.2023 11:24


Արևմուտքն ուզում է Հարավային Կովկասն «աութսորսինգով» տալ Թուրքիային. Մարկեդոնով

Արևմուտքն ուզում է Հարավային Կովկասն «աութսորսինգով» տալ Թուրքիային. Մարկեդոնով

Թուրքիայի նախագահը ԼՂ հարցով քառակողմ հանդիպման առաջարկով 2020 թվականի պատերազմից հետ բաց թողածը լրացնելու փորձ է անում։ Այսպես է կարծում ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Ավելի վաղ Ռեջեփ Էրդողանն առաջարկել էր ԼՂ հարցով բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ։

Տելեգրամի իր ալիքում Մարկեդոնովը գրել է, որ ԼՂ-ում 44-օրյա պատերազմից հետո Անկարան երկակի զգացողություն է ունեցել։ Մի կողմից` Թուրքիայի դաշնակիցը` Ադրբեջանը հաղթանակ է տարել, այդ թվում թուրք զորահրամանատարների, քաղաքական գործիչների և դիվանագետների զգալի ավանդի շնորհիվ։ Սակայն իրենց հաջողությունը շոշափել թուրքերը չկարողացան, առանց նրանց մասնակցության եղան և՛ խաղաղապահները, և՛ հրադադարի մասին հայտարարությունները, և՛ տարածաշրջանի վերականգնումը։

«Բացի այդ, Մոսկվայի բացառիկությունը մեծամասամբ խոստովանեցին և՛ Արևմուտքը, և՛ Իրանը։ Անկարան մե՛կ փորձում էր վերածնել կիսամեռ 3+3 ձևաչափը, մե՛կ ակնարկել, որ առանց իրեն տարածաշրջանում չեն կարողանա գլուխ հանել, բայց մեծ հաշվով այդ ամենը միայն ընթերցողի և հեռուստադիտողի համար էր»,-պարզաբանում է քաղաքագետը։

Այսօր իրավիճակն այլ է` Հայաստանը դժվար վիճակում է հայտնվել, Արևմուտքն ու Ռուսաստանը Ղարաբաղի հարցում պակաս մրցակցության մեջ չեն, քան Մերձդնեստրի կամ Աբխազիայի։ Բայց միևնույն ժամանակ Մոսկվան, ավելի շատ, քան մինչ 2022 թվականը, կախված է Անկարայից և ադրբեջանա–թուրքական տանդեմից։ Քաղաքական և տնտեսական առումով Ռուսաստանը Թուրքիայի կարծիքի հետ պետք է ավելի շատ հաշվի նստի, քան մեկ կամ երկու տարի առաջ։ Իսկ Արևմուտքին Կովկասը շատ է պետք առանց Ռուսաստանի, միևնույն ժամանակ այդ գործն «աութսորսինգի» տալ, թող որ ոչ հարմար, բայց ՆԱՏՕ–ի գծով դաշնակցին, Վաշինգտոնն ու Բրյուսելը դեմ չէին լինի։

Փորձագետը հիշեցնում է, որ մինչև 2022 թվականը, ըստ էության, գոյություն ուներ ԼՂ հարցով բանակցությունների բացառիկ ձևաչափ` ռուսականը (Մինսկի խումբը կիսամեռ վիճակում էր` այդպես էլ չհաղթահարելով 2020 թվականի իրադարձություններից ստացած հարվածը-հեղ.)։ Բայց այսօր դրանք երեքն են` Ռուսաստանը կորցրել է իր բացառիկությունը։ Բոլոր այդ գործոններն ի շահ Թուրքիայի են աշխատում։ Եվ մեղք կլիներ վերոնշյալ հանգամանքներից չօգտվելը։

Մարկեդոնովը համոզված է, որ Արևմուտքի հետ որևէ վեճը Էրդողանին ռուսամետ խամաճիկ կամ Մոսկվայի համակրող չի դարձնի, նա սովոր է առաջնորդի դերում լինել, ամբիցիաներն էլ անհաշվելի են։ Հետևաբար, թուրք առաջնորդը բացառապես իր խաղն է տանելու, որի վերջնանպատակը կլինի Կովկասում խաղաղության համար պայքարը։ Բնականաբար, յուրաքանչյուր խաղաղություն իր հեղինակն ունի, և թուրք առաջնորդն ուզում է նրան «իր հնչեղ անունը» տալ

Այս իրավիճակը խոսում է Ռուսաստանի համար ընդհանուր առմամբ օրակարգի և մասնավորապես խնդիրների բարդացման մասին։ Փորձագետը կարծում է, որ Մոսկվան ստիպված կլինի մի շարք հարցերին այլ կերպ նայել` ավելի նրբանկատորեն, խելամտորեն, հաշվենկատորեն։ Հասկանալ, որ այդչափ անհրաժեշտ և շահավետ «բազմակենտրոնությունը» կարող են շրջել այլոք և ոչ իր կողմ։ Մարկեդոնովը գրում է, որ հիմա Ռուսաստանին ավելի քիչ հանրայնություն է պետք և ավելի շատ իսկություն, քիչ խոսքեր և շատ գործ, քիչ երազկոտություն, ավելի շատ նախագծային կոնկրետություն, ավելի քիչ գովազդային հատուկ էֆեկտներ, ավելի շատ բովանդակություն։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով Էրդողանի առաջարկը, հայտարարել էր, որ սա միակ գաղափարը չէ, և նա չի ցանկանում միայն այդ մեկն առանձնացնել։ Փաշինյանի կարծիքով` անհրաժեշտ է առաջարկները համալիր դիտարկել։ Դրանից մեկ շաբաթ առաջ Փաշինյանի և Էրդողանի միջև հեռախոսազրույց էր տեղի ունեցել։

Այս խորագրի վերջին նյութերը