Քաղաքական

14.09.2023 17:21


Կառավարության որոշմամբ՝ Երևանի պետական բժշկական համալսարանին պատկանող շենքերն աճուրդով կօտարվեն

Կառավարության որոշմամբ՝ Երևանի պետական բժշկական համալսարանին պատկանող շենքերն աճուրդով կօտարվեն

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցով որոշեց Երևանի պետական բժշկական համալսարանին պատկանող շենքերն աճուրդով օտարել։

Խոսքը վերաբերում է բժշակական համալսարանին պատկանող Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 60 և 60/2 հասցեներում գտնվող համապատասխանաբար 3292.3 և 853.6 քմ մակերեսներով շենք-շինություններին, ինչպես նաև դրանց օգտագործման և սպասարկման համար առանձնացված հողամասերին:

Նախագծում նշվում է, որ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին, որից հետագայում առանձնացվել է գույքի մի մասը և գրանցվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոց թիվ 60/2 հասցեով ու ներկայումս հանդիսանում է որպես երկու առանձին գույքային միավոր, սական տարիներ ի վեր գույքը փաստացի չի շահագործվում և գտնվում է կիսավեր վիճակում։

Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 1,847,300,000 դրամ։

Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 92,365,000 ՀՀ դրամ, որն աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 1,387,379.46 ՀՀ դրամը։

Տվյալ գույքի օտարումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։

Այս խորագրի վերջին նյութերը