Քաղաքական

09.09.2023 12:05


Այս իշխանություններն են գլխավոր սպառնալիքը, որ Հայաստանի գլխին նոր պատերազմ կարող է գալ․ Թևանյան (տեսանյութ)

Այս իշխանություններն են գլխավոր սպառնալիքը, որ Հայաստանի գլխին նոր պատերազմ կարող է գալ․ Թևանյան (տեսանյութ)

«Մայր Հայաստան» դաշինքի անդամները չեղարկել են քարոզարշավով նախատեսված առավոտյան հանդիպումներն ու գնացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր՝ աջակցություն հայտնելու 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, որի խափանման միջոցի հարցն է քննվում։

Լրագրողները դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանից հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է տեսակետը, որ հետապնդումները վերսկսվել են «Որդիների կանչ» ՀԿ-ի՝ «Մայր Հայաստան» դաշինքին սատարելու հայտարարությունից հետո։

«Կա այդպիսի տեսակետ, դա ողջամիտ տեսակետ է, պատահական չի կարող լինել։ Բայց, անկախ ամեն ինչից, Նիկոլ Փաշինյանին, թերեւս հանգիստ չեն տալիս ո՛չ իր բերած զոհերը, ո՛չ էլ նրանց հարազատները։ Հանգիստ չեն տալիս այն իմաստով, որ նա վախեր ունի, այդ վախերը հաղթահարելու միջոցներից մեկն էլ հենց այդ քրեաքաղաքական հետապնդումներն են»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։

«Մայր Հայաստանի» աջակցությունը Գարիկ Գալեյանին լինելու է իրավական, քաղաքական, մարդկային, հասարակական․․․ բոլոր տիպի գործիքակազմերով։

«Դատապարտում ենք այն քաղաքականությունը, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Սա, ակնհայտորեն, հետապնդում է, որովհետեւ այս իրավիճակում, երբ լարվածություն կա մեր երկրի հետ կապված՝ իրականացնել այդպիսի հետապնդում, նշանակում է փորձել վախի մթնոլորտ ձեւավորել»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։

Բայց, նրա համոզմամբ, գլխավոր թիրախը պետք է լինի անվտանգային խնդրի բարձրացումը եւ մատնանշումը, որ այս իշխանություններն են գլխավոր սպառնալիքը, որ Հայաստանի գլխին նոր պատերազմ կարող է գալ, եւ դրա մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունն է։

Այս խորագրի վերջին նյութերը