Կարծիք

08.09.2023 17:02


Շարունակ լսում եմ Հայկիս ձայնը՝ «Մամա, կուտեմ քո ջանին»․ զոհվածի մայր

Շարունակ լսում եմ Հայկիս ձայնը՝ «Մամա, կուտեմ քո ջանին»․ զոհվածի մայր

Արցախյան երրորդ պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրիա Մելիքյանը գրում է.

«Շարունակ լսում եմ Հայկիս ձայնը,-«Մամա, կուտեմ քո ջանին»,-շատ փոքր էր, նոր էր խոսում իմ թափանցիկ ու զտարյուն տղան: Ես այնքան էի ասել «մեռնեմ ջանիդ», «ուտեմ մռութդ», որ ձագուկս երկուսը միացրել էր իրար ու դարձրել «կուտեմ քո ջանին»:

Իմ կյանքի միակ սեր, իմ կյանքի միակ իմաստ, իմ կարոտ, ու՞ր հասար, ու՞ր տարավ քեզ տիեզերական ճամփան:

Ուր էլ գնաս, չմոռանաս, որ ես քո մաման եմ......կուտեմ քո ջանին, արև տղաս:
2020թ.-ի հոկտեմբերի 12-ը բաժանեց մեզ: Եվ այդ օրվանից, ես նույն տեղում եմ, ինչպես դժոխքում՝ հավերժ նույն շրջապտույտի մեջ:

Հոկտեմբերի 12-ը բաժանեց ինձ երկու մասի: Այն դարձավ իմ նախկին երջանիկ կյանքի ու իմ իրական եսի վերջին օրը, քանի որ հաջորդ օրը, մեկ այլ մարդ մտավ այս մարմին, բոլորովին անծանոթ մի մարդ:
«Ես մնացի այստեղ՝ «այս կողմում»։ Բայց մյուս «ես»-ը կամ իմ մի մասը տեղափոխվեց «մյուս կողմ»՝ տանելով իր հետ ապրելու իմ ցանկությունը: Ինձ մնաց մի դատարկ, անիմաստ աշխարհ, որտեղ ամեն ինչ աղավաղված է, և իրերը կորցրել են իրենց իրական իմաստը: Սառը, մութ աշխարհ»:

Հայկս հեռացավ իմ կյանքից, և ես հասկացա, որ ես նույնպես անհետացել են: Ավելի ճիշտ, որ ես այլևս ես չեմ, որ իմ մարմնում եղած ողջ արյունը դատարկել են, ու ինչ-որ օտար արյուն ներարկել:
Ինչպես ասում է Հարուկի Մուրակամին «...մարդն այսպես է ստեղծված՝ եթե կրակեք նրա վրա, արյուն կհոսի»։

«Ամեն մարդու համար այդպես է՝ ճակատագրից կարող ես ինչ-որ առանձնահատուկ բան ստանալ քո կյանքի միայն որոշակի ժամանակահատվածում: Դա նման է մի փոքրիկ կրակի լեզվի: Զգույշ, ուշադիր և բախտավոր մարդիկ կարողանում են փրկել այն, դրանից մեծ կրակ ստանալ և հետո ապրել՝ իրենց գլխավերևում այս կրակով ջահը բարձրացնելով: Բայց եթե նույնիսկ մեկ անգամ կորցնես այն, դա այլևս քեզ մոտ չի վերադառնա»։

Ես կորցրի Հայկիս, կորցրի այս թանկագին բոցը։

Ու հիմա ապրում եմ մեկ երազանքով. Օր առաջ գնալ ու գտնել Հայկիս, պինդ գրկել ու այլևս երբեք չբաժանվել:

Նաև երազում եմ, նորից ծնվել իմ հորից ու մորից, այդ երջանկագույն ու ինքնաբավ ընտանիքում, որտեղ իշխում էր, սերը, ծիծաղը, լիությունն ու հոգևորը: Ու որպեսզի նորից լինեմ Հայկիս մաման, ու վայելեմ երջանկագույն մայրությունս, բայց այս անգամ ճակատագիրը բարեգութ գտնվի, ու Հայկս ապրի երկար, երկար, սեղան նստի իր զավակներով ու թոռներով, ու որ նա փակի իմ աչքերը, երբ գնալուս ժամանակը գա, ու ես խաղաղ մեկնեմ տիեզերական ճամփորդության՝ վստահ, որ զավակս շարունակվում է»։

Այս խորագրի վերջին նյութերը