Քաղաքական

07.09.2023 11:59


Մի՛ նեղացեք, այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու է դուրս տվել․ Զախարովան՝ Սիմոնյանի մասին

Մի՛ նեղացեք, այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու է դուրս տվել․ Զախարովան՝ Սիմոնյանի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա ասածին առ այն, որ «չի պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու», իր աջակցությունն է հայտնել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»:

Նա համապատասխան գրառում է արել թելեգրամյան ալիքում՝ կից հրապարակելով Սիմոնյանի մեկնաբանության էկրանակադրը:

«Դժվար է վիճել, որ մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան։ Եվ ես ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին». ընկերուհինե՛ր, ձեր աշխատանքը՝ ոչ թե «քարտուղարուհու», այլ «քարտուղարի», նույնիսկ ամենաբարձր ղեկավարի հաջողության գրավականն է։ Առանց ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի, այդ թվում՝ ժամանակացույցի, հանդիպումների կազմակերպման, փաստաթղթերի հետ աշխատելու, զանգերի ընդունման և միլիոնավոր տարբեր հոգսերի, ամեն ինչ ջուրը կընկնի: Մի՛ նեղացեք, այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու է դուրս տվել։ Նրա ասածին ձեր վերաբերմունքը մի՛ տարածեք հայ ժողովրդի վրա: Հայ ժողովուրդն իմաստուն է, բազմաչարչար ու սիրառատ»,-գրել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Սիմոնյանին երեկ խնդրել են մեկնաբանել Զախարովայի հայտարարությունն առ այն, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները «կոպտությանը նմանվող ինչ-որ բան են»:

Սիմոնյանն ի պատասխան ասել է. «Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ, իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքեն: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը