Քաղաքական

05.09.2023 13:08


«Կարճ ասած»․ 3 վտանգավոր բան, որ կատարվեց վերջին օրերին (տեսանյութ)

«Կարճ ասած»․ 3 վտանգավոր բան, որ կատարվեց վերջին օրերին (տեսանյութ)

Այս հաղորդման կարճ դադարից առաջ ասացի տա Աստված, որ սեպտեմբերին, երբ հանդիպենք նորից, չլինի ավելի վատ, քան օգոստոսին էր։ Մեկ շաբաթում հայկական բանակը 8 զոհ ունի։ Իրադարձությունները հերթականությամբ դիտելիս, իրար կողք դնելիս տեսնում ես, որ ոչ մի բան հենց այնպես չէ։

Հիշո՞ւմ եք, 2018 թվականին, երբ իշխանությունը փոխվեց, այս «հեղափոխականների» առաջին որոշումներից՝ պաշտոնի նշանակումներից սկսած, երբ հայտնի դարձավ, թե ով ով է, ինչ դեմք է, այսպես ասած՝ պոչը որ երկրի կամ դրսի որ շրջանակի տակ է, իսկ մեկ ամիս անց արդեն հաշվի առնելով կարվող քրեական գործերի թեման, շատերը հրապարակավ ասացին, որ սրանք եկել են Ղարաբաղը հանձնելու և․․․ ռուսական ազդեցությունը Հայաստանում թուրքականով փոխարինելու համար։ Հիշեցի՞ք, չէ՞։ Լավ, սկզբում դա քչերն էին ասում, հեղափոխական էյֆորիայի տակ մնացած հանրությունը դա չէր ուզում լսել։ Մայիսին եկել են իշխանության, հուլիսին արդեն դա ակնհայտ էր։ Այնքան անհերքելի, որ հեղափոխությունից երեք ամիս անց, երբ ընդամենը 100 օր էր պաշտոնավարում, Նիկոլը Հանրապետության հրապարակի միտինգին անդրադարձավ դրանց։ Ղարաբաղի մասով ծաղրում էր կամ ավելի ճիշտ՝ իր ծրագրերը կատակով էր ներկայացնում, թե՝ ժողովուրդ, ասում են, որ եկել է Ղարաբաղը հանձնի, բա ես հանձնո՞ղ եմ։ Բոլորը ծափ էին տալիս, ուրախ էին, թե ով՝ ով, նա հանձնող չէ, գլուխներով էին անում, կես բառից համաձայնում հետը։ Սուտ էր ասում, եկավ ու փաստացի՝ հանձնեց։ Անմիտ, հետո՝ վտանգավոր հայտարարություններ, բանակի ու զինվորականության վարկաբեկում, կասկածելի բանակցություններ, ինչ-որ օպերատիվ կապ, հետո պատերազմ, կապիտուլյացիա, հետո գրավոր ու բանավոր պայմանավորվածություններ, մետր-մետր դիրքային զիջումներ, իսկ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում՝ ամբողջությամբ։ Էն, ինչ ասում էին եկել է անելու, 4 տարի անց արդեն արել էր։

Մեծամասամբ իրականություն են դարձրել նաև ռազմավարական գործընկերոջ հետ կապված 2018 թվականի ահազանգերը․ 100 օր պաշտոնավարող Նիկոլը 2018 թվականի օգոստոսի միտինգին ասում էր՝ ի՞նչ եք ասում, ի՞նչ հակառուս, մենք հեսա մեգանախագիծ կանենք միասին։ Մեգանախագիծն էլ մի քանի բժիշկ ու փրկարար Սիրիա ուղարկելն էր։ Դրա լրջությունը մի կողմ դնենք, փաստը մնում է փաստ՝ այս ընդացքում ուղղակի քանդվել են այդ հարաբերությունները։ Վերադառնամ նախորդ շաբաթվա իրադարձություններին, որի արմատները, կրկնում եմ, հենց 2018-ից էին։

Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական հարձակումների, կրակոցների հետևանքով Գեղարքունիքի մարզում ունենք երեք զոհ և երկու վիրավոր։ Զոհված զինծառայողներն են Անդրանիկ Անտոնյանը, Արսեն Մկրտիչյանը, Վաչագան Վարդանյանը: Մեկ ամիս չկա, ինչ Փաշինյանը գնացել էր Վարդենիս, վիդեոկադրեր էր հրապարակել, թե ոնց են էդ կողմերում դհոլ-զուռնայով իրեն դիմավորում, զինվորի էր փաթաթվել, թե նեյե՛ք՝ ծառայությունը ավարտեց, տուն եկավ, խաղաղություն ա։ Հենց այդ հատվածում երեք զինվոր տվեցինք, չանցած մեկ ամիս։

Ի՞նչ արեց Հայաստանի ղեկավարությունը այդ օրը։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը ծպտուն չհանեց, իսկ հաջորդ օրը մասնակցեց տոնական միջոցառման՝ նվիրված հայկական դրամի 30-ամյակին։ Էն դրամից, որով ամեն ամիս լիուլի վարձատրվում են ՔՊ-ական չինովնիկները։ Երկու զոհի լուր կար արդեն, Հայաստանի ԱԺ նախագահը Սևանում սկուտեր քշելու ֆոտոներ էր հրապարակում։ Արսեն Մկրտչյանը 3 երեխա որբ թողեց Ալեն Սիմոնյանենց իշխանության պատճառով, իսկ սա ջրային սկուտեր էր քշում Սևանում։ Ընդհանրապես, այդ մարդը սովոր է սգի վրա իր երջանիկ կյանքը ցուցադրել․ Շիրակում վթարից 11 հոգի զոհվել էր, սա հրապարակում էր ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանի հետ Նորվեգիայում տժալու կադրեր։ Ի՞նչ կապ ունի, որ ազգը սգի մեջ ա, ինքը չի ուզում թաքցնել վայելքները։ Զոհվեցի՞ն, հետո՞ ինչ, չէ՞որ Ալենի կյանքը շարունակվում է, հատկապես՝ վայելքների մեջ։

Բայց հանկարծ նույն մարդը մի քանի ժամ անց ջրային սկուտերից հայտնվում է Հ1-ի եթեր ու ասում է՝ Ռուսաստանը փորձում է սեփական անգործությունը և անկարողությունը բարդել իրենց վրա՝ պատասխանելով ռուս ԱԳՆ ներկայացուցչի այն հայտարարությանը, թե Լաչինը փակ է, որովհետև Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Նախ, ոչ մի նոր բան չի ասել ռուս դիվանագետը, ասել է այն, ինչ կա և ակնհայտ է։ Բայց, Հայաստանի բարձրագույն ընտրովի մարմնի ղեկավարը Հայաստանի վրա հարձակման ժամանակ հերիք չէ սկուտեր քշելով էր զբաղված, մի հատ էլ, չգիտեմ ինչի խոսում ա ռուսների անգործությունից՝ հայերի շահերի մասին խոսելուց։ Լավ չեմ նայել հարցազրույցը, գուցե Վրաստանին կամ Կամբոջային էլ մեղադրել է մյուս պռավալների համար։ Իսկ գիտե՞ք, որ Սոթքը, որտեղ սպանել են երեք, վիրավորել 2 զինվորի, որևէ կապ չունի ռուս խաղաղապահների հետ։ Քիչ էր մնում ուղիղ տեքստով ասեր թող ռուսները գան ինձ պաշտպանեն, որ գնամ սկուտեր քշեմ։ Չնայած էլ դրանից լավ ո՞նց ասեր, ասաց էլի։

Իսկ ի՞նչ էր անում այդ օրը Նիկոլ Փաշինյանը․ գնացել էր դպրոց՝ առաջին զանգ, բազմաթիվ թիկնապահների հետ, հատ-հատ ստուգում էին դպրոցականների պայուսակները, որ հետո կանգներ նրանց առաջ ու խոսեր խիզախությունից։ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ որևէ ուղերձով չդիմեց հանրությանը ո՛չ այդ օրը, ոչ դրանից հետո, հինգշաբթի կառավարության նիստ է, մի բան կասի-կանցնի։

Բայց այ հաջորդ օրը իտալական թերթին հարցազրույցում մի լավ բամբասեց էլի ռուսներից, ՀԱՊԿ-ից։ Սահմանից կրակել է Ադրբեջանը, Նիկոլը ադրբեջանցիներին բան չի ասում, քլնգում էր ռուսներին, որոնք ոչ մի կապ չունեն Սոթքի հետ։ Եվրոպական մամուլին ասում է՝ կարող է մի օր զարթնենք տեսնենք Ռուսաստանը էստեղ չէ, դրանից հետո հրապարակվում է կոչ ինչ-որ եվրոպացի դեմքից, որ պետք է Հայաստանին անդամագրել ՆԱՏՕ-ին։ Մի կողմ եմ դնում այդ պաշտոնյայի ռանգը, հարցը խոսակցությունն է, Օվերտոնի կոչված պատուհանը, որ արդեն անընդհատ կարող է գնալ։ Իհարկե՝ Հայաստանին ոչ մի տեղ էլ չեն ընդունի, ինչպես չընդունեցին Վրաստանին, Ուկրաինային, բայց զաթո ժողովրդի մեջ շատ երկարաժամկետ քննարկում կսկսեն։ Իտալական մամուլին Նիկոլը բողոքում է ՀԱՊԿ-ից, ասում է՝ ճգնաժամ կա և այլն, և անմիջապես մտցվում է ՆԱՏՕ-ի թեման։

Բայց մի րոպե․ Սոթքի հետ կապ ունեն այ ԵՄ դիտորդները, որ պետք է իբր մոնիտորինգ անեին, Երևանի Մարիոթ հյուրանոցում էին․ բա նրանց ասելու բան չունե՞ք։

Այս ընթացքում նաև կառավարությունը Ազգային ժողով է ուղարկում Հռոմի ստատուտ կոչվածը՝ վավերացման համար, որը հանրության շրջանում հայտնի է որպես Պուտինին ձերբակալելու հիմքի փաստաթուղթ։ Ամեն ինչով իշխանությունն ապացուցում է, որ 2018 թվականի բոլոր կարծիքները՝ ռազմավարական դաշնակցից հեռացնելու մասին, ճիշտ են։ Ռուսը լավ է, վատ է, խոսքն այդ մասին չէ, այն մասին է, որ այն, ինչ ասում էին դեռ այն ժամանակ, այսօր ականատեսն ենք։

Ժողովուրդ ջան, ո՞նց ասեմ, Փաշինյանն ունի անելիքների պլան, պարտականություն, դա իրականացնում է։ Աշխարհի անգամ ամենավերջին սրիկան պատերազմում խայտառակ պարտությունից հետո իշխանության չէր մնա, եթե չունենար ինչ-որ այլ ծրագիր, պարտականություն, պարտավորություն։ Թե ինչ ծրագրեր ունեն սրանք, ասել ենք 2018-ից ու այսօր էլ նշեցի․ գուցե կան երրորդ, չորրորդ և թվագրված այլ պլաններ ևս, որոնք հերթով անելու են։ Կարող է՝ դրանցից մեկն էլ Հայաստանը թուրքական վիլայեթ կամ Արևմտյան Ադրբեջան դարձնելն է։ Չեք զարմանա, չէ՞, արդեն։

Կարճ ասած՝ Հայաստանի հարգելի քաղաքացիներ, զինվորների ծնողներ, էս մարդը չգիտենք որ երկրի շահերը պաշտպանելու համար, մարդկանց հողի տակ դնելով իր գործն անում է։ Ձեզ՝ սիրելի ժողովուրդ, վախեցնում են, թե տեսեք ընդդիմությունը միտինգ ա անում, ընդդիմությունը ուզում ա գալ իշխանության, ռևանշիստներ են, որ գան՝ պատերազմ կլինի։ Հիմա պատերազմ է՞, թե՞ պատերազմ չէ։ Ասացին՝ մենք վերընտրվենք, որ խաղաղություն բերենք, բայց հերթով ձեր երեխեքին վարի են տալիս։ ԱԺ նախագահն ասում է՝ «Եթե պարզվի, որ կարող ենք զոհերից, տարածքային նկրտումներից խուսափել մեր հեռանալով՝ վայրկյան անգամ չենք մտածի»։ Ձեր իշխանության ամեն օրվա հաշվարկով օրը 3 զոհ եք տալիս, է՞լ ինչ պետք է լինի, որ համոզվեք, որ ձեր հեռանալով Հայաստանը կազատվի էս անեծքից ու սև լենտերից։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը