Քաղաքական

31.08.2023 14:30


Լուծումը բանակցողի և բանակցային տրամաբանության փոփոխությունն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Լուծումը բանակցողի և բանակցային տրամաբանության փոփոխությունն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Առաջին անգամը չէ, որ ամբողջ միջազգային հանրությունը, հղում անելով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, կարողանում է ձեռքերը լվանալ եւ մի կողմ քաշվել՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը ԿԸՀ առջեւ, որտեղ դաշինքը մասնակցում էր «Հայաքվեի» ստորագրությունները հանձաժողովին հանձնելու գործընթացին։ «Մայր Հայաստան» դաշինքն աջակցում է «Հայաքվեին»։

Լրագրողի հարցին, թե ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ պետք չէ մեղադրել ռուսական կողմին Արցախում կատարվողի համար, քանի որ ՀՀ ղեկավարն է այն ճանաչել Ադրբեջանի մաս, Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց՝ դա օբյեկտիվ հանգամանք է, որովհետեւ եթե ՀՀ իշխանությունն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ապա բնական է, որ Ալիեւը կարող է անել այն, ինչ մենք տեսնում ենք։

«Դա է պատճառը, որ մենք իշխանափոխությունը տեսնում ենք որպես հնարավորություն ՀՀ անվտանգության ապահովման եւ արցախահայության խնդիրների լուծման համար»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։

Դաշինքի համոզմամբ՝ լուծումը բանակցողի եւ բանակցային տրամաբանության փոփոխությունը պետք է լինի, եւ այդ բանակցային փոփոխությունը կարող է հանգեցնել որոշակի իրավիճակի փոփոխության․ մասնավորապես, երբ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, դա արդեն լրջորեն հարվածում է ե՛ւ Արցախի Հանրապետության, ե՛ւ ՀՀ շահերին։

«Այդ տրամաբանությունը պետք է փոխվի, այս իշխանությունը այդ լեգիտիմությունը չունի, որպեսզի նման հայտարարություններ անի եւ նման քաղաքականություն վարի»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։

Քարոզարշավի ընթացքը ցույց է տվել, որ մարդիկ ընկալում են «Մայր Հայաստանի» ներկայցրած օրակարգը։ Քարոզչության ընթացքում դաշինքը արձանագրել է նաեւ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահում, բայց դա սպասելի էր, նորություն չէր։

«Իրենցից այլ բան չէինք էլ սպասում։ Մենք ակտիվորեն շարունակելու ենք շփումները քաղաքացիների հետ, եւ այդ ուղիղ շփումների արդյունքում տեղ ենք հասցնելու մեր այն գաղափարները, որոնք մենք կարծում ենք, որ ամենագլխավորն են։ Կեղծիքներ իրենք միշտ էլ փորձելու են անել, բայց այստեղ գլխավորը հանրային լայն ներգրավվածությունն է․ մեր փաստահավաք խումբը աշխատում է այդ ուղղությամբ, փաթեթն արդեն ձեւավորում ենք, մնացածը՝ ժամանակը ցույց կտա։ Մենք կարեւորում ենք մեր հանրության հետ լայն աշխատանքը»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։

Տարբեր վարչական շրջաններում իշխող թիմի եւ նրան առնչվող ուժերի քարոզչական խմբերին քաղաքացիներն ամոթանք են տալիս տեղային խնդիրները շեշտադրելու համար՝ նշելով, որ իրենց հետաքրքրում են երկրի անվտանգային հարցերը։ Անդրանիկ Թեւանյանը նկատեց, որ Երեւանի խնդիրները նույնպես կարեւոր են, բայց երբ իշխանություններն ամբողջ երկրի գոյությունն են դրել հարցականի տակ, դրանից հետո արդեն մնացած հարցերը երկրորդական են դարձել։

«Իշխանությունները չունեն հանրային աջակցություն։ Ուսումնասիրություններով եւ մեր շփումներով պարզել ենք, որ հանրային աջակցության բացակայությունը առկա է․ կարեւոր է, որ քաղաքական դաշտում դա ամրագրվի, քանի որ այս իշխանությունները լեգիտիմ չեն եւ չեն ներկայացնում հանրությունը»,-ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը