Մեկնաբանություն

31.08.2023 13:25


Զախարովան էլի հիշեցրեց, թե որն ինչից հետո է ու նա, ցավոք, իրավացի է

Զախարովան էլի հիշեցրեց, թե որն ինչից հետո է ու նա, ցավոք, իրավացի է

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում անդրադառնալով Արցախի հետ կապված վերջին իրադարձություններին, մասնավորապես հայտարարեց. «Ուզում եմ հիշեցնել, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։ Այդ համատեքստում ՌԴ խաղաղապահների վրա պատասխանատվություն դնելը համարում ենք անտեղի, սխալ, անարդարացի»:

Ինչ վերաբերում է երեք հայ տղաների, այդ թվում՝ երկու անչափահասների առևանգման վերջին միջադեպին, ապա այստեղ ամենից առաջ պետք է նկատել՝ եթե ռուսական խաղաղապահ ուժերի կոնկրետ այդ ուղեկցողները վստահ չէին, որ կարող են անվնաս տեղ հասցնել նշված տղաներին, ապա չպետք է հանձն առնեին դա անել և չարդարացված ռիսկի ենթարկել երեք հայ տղաների կյանքերը, որ մազից են կախված, քանի դեռ նրանք ադրբեջանական մարդակերների ճանկերից չեն ազատվել ու չեն վերադարձվել Հայաստան՝ որպես ՀՀ քաղաքացիներ:

Այնպես որ, կոնկրետ միջադեպով պատասխանատվության պահ, այդ թվում՝ անձնական, կա՛:

Բայց այդքանով հանդերձ, Մարիա Զախարովան, ցավոք, իրավացի է կոնկրետ այն հարցում, որ «Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման...»:

Իսկ սա, կներեք, ամենի՛ց առանցքային հարցն է: Անկյունաքարայի՛նը:

Նիկոլ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերին Պրահայում, Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ, ըստ էության «ջրեց» 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն, ամեն բացասակայնությամբ հանդերձ, նախատեսում էր Բերձորի միջանցք՝ 5 կմ լայնությամբ, ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ, նախատեսում էր անխափան կապ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև:

Բայց Նիկոլ Փաշինյանը դեռևս 2022-ի հոկտեմբերին թշնամու մոտ հանձն առավ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իրենց հասկացողությամբ՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:

Դրանից կարճ ժամանակ անց միայն Ալիևը նախաձեռնեց «բնապահպանական» կապիկությունն ու դեկտեմբերի 12-ից փակվեց դեպի Արցախ տանող միակ նորմալ ավտոճանապարհը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այս տարվա ապրիլին, ապա պարբերաբար հայտարարեց ու հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Ալիևը, արդեն հենց դրա վրա հիմնվելով, անցավ Արցախի տոտալ պաշարման, ավելին՝ ապօրինի անցակետ տեղադրեց Հակարի կամրջի մոտ:

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի արած ուրացման հայտարարությունը հարված էր նաև ռուսական խաղաղապահ առաքելությանը, որի քաղաքական հենքը էապես թուլացավ դրանից հետո: Իրավիճակի քաղաքական բովանդակությունը գործնականում արմատապես փոխվեց: Ու Ռուսաստանն առաջին անգամ չէ ընդգծում այդ իրողությունը, ու միայն Մարիա Զախարովան չէ, որ շեշտում է դրա մասին:

Նիկոլ Փաշինյանը կարող է էլի շարունակել «ջայլամային» գործելակերպ դրսևորել: Բայց... Դա չի կարող անվերջ շարունակվել:

Այո՛, ստեղծված անմարդկային, մղձավանջային իրավիճակն ունի չափազանց կոնկրետ մեղավոր կամ պատասխանատու, ինչպես կուզեք՝ համարեք: Եվ այդ պատասխանատուի, այդ մեղավորի անունն է Նիկոլ Փաշինյան ու ՔՊ:

Այսօր ամենից կարևորը փաշինյանական ռեժիմից ձերբազատվելն է, եթե իսկապես ցանկանում ենք փոխել իրավիճակը, ընդհատել անկումն ու կործանման ընթացքը:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը