Մեկնաբանություն

31.08.2023 15:30


Փաշինյանի ՔՊ-ականները թող Փարիզի քաղաքապետին նայեն ու... «գետինը մտնեն»

Փաշինյանի ՔՊ-ականները թող Փարիզի քաղաքապետին նայեն ու... «գետինը մտնեն»

Անհնար է չնկատել այն համակողմանի աջակցությունը, որ ամենաբարձր մակարդակով այս օրերին դրսևորում է Ֆրանսիան՝ ադրբեջանական պաշարման մեջ ու ագրեսիայի տակ հայտնված Արցախի հայությանը: Տվյալ պարագայում Ֆրանսիայի աջակցությունը գերազանցապես քաղաքական է, զուգահեռ՝ տեղեկատվական: Խոսքը և՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անմիջական քայլերի մասին է, այդ թվում՝ ուղղակիորեն Ալիևի վրա որոշակի ճնշումներ գործադրելու առումով, և՛ ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների, օրինակ, հեղինակավոր «Le Figaro»-ի անդրադարձի, որով ուշադրություն է սևեռվում այն դաժան ու անմարդկային իրավիճակի վրա, որում Ադբեջանի պաշարման ու հակահայ քաղաքականության հետևանքով հայտնվել են Արցախի հայերը, և՛ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի՝ ընթացիկ մարդասիրական նախաձեռնության:

Փարիզի քաղաքապետը նախ հանդես էր եկել Արցախի հայության համար մարդասիրական օգնություն ցուցաբերելու նախաձեռնությամբ, ապա Անն Իդալգոն անձամբ է ժամանել Հայաստան և անձամբ էլ ուղեկցել 12 խոշոր բեռնատարներից բաղկացած ավտոշարասյունը՝ նպատակ ունենալով այն հասցնել Ստեփանակերտ:

Կանխատեսելի էր, որ Արցախի հայությանը ցեղասպանության ենթարկելու նպատակ հետապնդող ադրբեջանական իշխանությունները ամեն պարագայում թույլ չէին տալու, որ Փարիզի քաղաքապետի ուղեկցությամբ մարդասիրական բեռներով ավտոշարասյունը Կոռնիձորից հասներ Ստեփանակերտ:

Բայց անկախ դրանից, անհնար է չգնահատել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ջանքերն ու դժվար պահին մեր հայրենակիցների, Արցախի կողքին կանգնելու նման դրսևորումը: Ի լրումն և անկախ ամեն ինչից, նման քայլը հսկայական քաղաքական ու տեղեկատվական աջակցություն է արդե՛ն իսկ:

Հատկանշական է, որ բեռնատարների վրա գրված էր՝ հումանիտար օգնություն՝ Արցախին:

Արցախին, հասկանո՞ւմ եք: Ոչ՝ «Լեռնային Ղարաբաղին», ոչ՝ «ադրբեջանական տարածքային ամբողջականության մաս կազմող Ղարաբաղին» կամ նման մի բան: Արտահայտություններ, որոնք հետևողականորեն գործածում է որպես Հայաստանի իշխանություն հանդես եկող ՔՊ-ն՝ ի դեմս իր ղեկավար Փաշինյանի ու նրան երկրորդող մյուս «փաշինյանների»: Փաշինյանն ինքը կտրուկ խուսափում է Արցախ բառը գործածելուց, երևի կարծում է, որ լեզուն կայրվի կամ տեղում կայծակնահար կլինի: Ախր, ինքն էր, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ճվճվում էր, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ հիմա, արդեն մոտ մեկ տարի է, ինչ ուրացել է Արցախը, պարբերաբար հայտարարում է, թե Արցախը ադրբեջանական տարածք է:

Ավելին, այս օրերին մայրաքաղաքում ծավալվող Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՔՊ ներկայացուցիչը հենց Արցախ բառը լսում է, ժողովրդական բառուբանով ասած՝ այսահարվում է:

Բայց մի առիթով նշել ենք, կրկնենք.՝ ՔՊ-ին չի հաջողվելու խուսափել Արցախի օրակարգին անդրադառնալուց: Ու առաջին հերթին չի հաջողվելու մեր քաղաքացիների շնորհիվ, որոնք, որքան էլ ՔՊ-ի նախընտրական հանդիպումները բեմականացված են, այնուամենայնիվ, երբ մի փոքր առիթ կամ հնարավորություն է լինեում իրական, այլ ոչ թե բերովի մարդկանց հանդիպելու, անմիջապես հենց Արցախի մասին են հարցնում, Արցախի հարցն են դնում:

Առավել ևս, բնութագրական էր, երբ Երևանի մի բնակչուհի դուռը փակեց ՔՊ թեկնածուի «երեսին»՝ հայտարարելով, որ չի ուզում նրանց ձայնը լսել անգամ:

Իսկ այդ թեկնածուն էլ՝ թե ինչ սխալներ ենք արել կամ որ սխալի համար: Նրան երևի թվում էր, թե մարդիկ Երևանի աղբահանության կամ վարկերով բերված ավտոբուսի օդորակիչի մասին են խոսելու:

Փաշինյանին ու նրա ՔՊ-ին թվում է, թե մարդիկ արդեն մոռացել են նրանց բերած աղետն ու ավերը: Այնքան են ստել ու խաբել, որ իրենք էլ են հավատացել իրենց ստերին, թե իրենք՝ որպես «խեղճ հարիֆներ», ի՛նչ մեղք ունեին: Ասում է՝ սխալ: Ի՞նչ սխալ, երբ խոսքը կանխամտածված ոճրագործությունների մասին է՝ բանակցությունների տապալում, պատերազմի հրահրում, հազարավոր տղաների մահվան մատնել, հայրենիքի ահռելի հատված թշնամուն նվիրել, երկիրը պարտության ու կորուստների տանել: Ու դրա վերջը չի երևում: Ու դրա համար առաջին հերթին պետք է վերջ տալ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանավարմանը, թե՛ Երևանում, թե՛ Հայաստանում: Բայց նախ՝ Երևանում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը