Մեկնաբանություն

29.08.2023 21:45


Ընտրարշավում հստակ ուրվագծվում է երկու բևեռ՝ «Մայր Հայաստան» և ՔՊ

Ընտրարշավում հստակ ուրվագծվում է երկու բևեռ՝ «Մայր Հայաստան» և ՔՊ

Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրությունների քարոզարշավի ծավալմանը զուգընթաց կարելի է ասել, որ արդեն միանգամայն հստակ ուրվագծվում է երկու բևեռ. «Մայր Հայաստան» դաշինքը՝ մի կողմիցև ՔՊ-ն՝ մյուս կողմից:

Տվյալ պարագայում ՔՊ «բևեռի» մեջ պետք է ներառել բացահայտորեն նիկոլական ուժերին, այսինքն՝ Փաշինյանի «հաճախորդներին», այն մարդ-կուսակցությունները, որոնք հատկապես 2020-ի կազմակերպված աղետից ու ողբերգությունից հետո, սատարեցին ու մինչև հիմա էլ սպասարկում են Փաշինյանի քաղաքական շահերն ու խաղերը: Անվանապես չնշենք, մանավանդ, որ այդ անձերը, կուսակցապետերն ու նրանց կուսակցությունները վաղուց սքանավորված են քաղաքականապես հասուն ու պարզապես թացը չորից զանազանող մեր հանրության կողմից:

ՔՊ-ական «բևեռի» մյուս խմբին պայմանականորեն կարելի է բնորոշել որպես «գորշ շերտ»: Այն իմաստով, որ նրանց մի մասն առնվազն այս ընտրապայքարում դիրքավորվում է որպես ընդդիմադիր, սակայն այդ «ընդդիմադրությունը», օրինակ, Երևանի քաղաքապետարանի գործունեության այս կամ այն թերությունը կամ սխալը մատնանշելուց այն կողմ չի անցնում և Հայաստանի օրվա իշխանությանը տրվող գնահատականների չի վերածվում:

Կան նաև ուժեր, որոնք «բռնել» են ընդդիմադիր լինելու թելը, բայց դա արել են զուտ քաղտեխնոլոգիական հաշվարկով ու փորձում են կրկնապատճենել արմատական փոփոխության խնդիրներ ու նպատակ դրած «Մայր Հայաստան» դաշինքի մոտեցումները:

Սակայն փաստ է, որ ամենօրյա ռեժիմով, բոլոր հնարավոր հարթակներից այս օրերին գերազանցապես «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն են հանդես գալիս ամբողջական իշխանափոխության, Երևանի ընտրություններն այդ նպատակին ծառայեցնելու և Նիկոլ Փաշինյանի ռեժիմից ձերբազատվելու դիրքերից: Եվ դա էլ բնական է, քանի որ «Մայր Հայաստանի» դեպքում դա քաղտեխնոլոգիա չէ, այլ համոզմունք, նպատակ: Վերջին հաշվով, «Մայր Հայաստան» շարժման մեջ շատ ու շատ մարդիկ միավորվել են այդ առաջնային նպատակն ունենալով՝ երկիրն ազատագրել Նիկոլ Փաշինյան և ՔՊ կոչվող աղետից:

Վերադառնանք ՔՊ «բևեռին», այլապես տպավորություն կստեղծվի, թե ժողովրդական ասացվածքի հանգույն՝ «մեծ էշը ախոռում թողեցինք»: Այստեղ, իհարկե, հիմնական «քարշող ուժը» հենց ՔՊ-ն է: Հետաքրքիրն այն է, որ ՔՊ-ն այս ընտրարշավում ևս վերցրել է «բակային հանդիպումների» մարտավարությունը: Հիշեցնենք, որ բակային հանդիպումներով է քարոզարշավն իրականացնում «Մայր Հայաստան» դաշինքը:

Բայց այստեղ կա մի էական նրբերանգ. ՔՊ-ի դեպքում ուղղակիորեն աչք է ծակում «բնակիչների հետ հանդիպման» բեմականացված վիճակը, ավելին, երբ բեմադրության սցենարից շեղումներ են լինում, իրենց ցուցակի առաջին դեմքը իրար է խառնվում, մունաթ է գալիս մարդկանց վրա: Իսկ «Մայր Հայաստան» դաշինքի դեպքում, քավ լիցի՝ բոլոր այցերն ուղիղ եթեր են հեռարձակվում, ամեն ինչ շատ բնական է, լինի դա երևանաբնակ մեր հայրենակիցների հետ շփում, հարցուպատասխան, թե երեխաների ինքնաբուխ ուղեկցում՝ հականիկոլական վանկարկումներով, ի դեպ:

Սակայն առանցքային հարցն այդ չէ, ինչպես ասում են: Բուն հարցը «Մայր Հայաստան» և այսպես ասենք՝ ՔՊ բևեռների գաղափարաքաղաքական բացարձակ տարամետությունն է: «Մայր Հայաստանը» երևանյան այս ընտրարշավի մեջ մտել է Արցախի, Հայաստանի անվտանգության ու հետագա գոյության հնարավորություն ապահովելու օրակարգով, որի առաջին նախադրյալը առկա փաշինյանական ռեժիմից ձերբազատվելն է: Դա ամենից սկզբունքային պայքարն է նաև հանուն Երևանի հետագա գոյության: Հանուն այն բանի, որ 2800 տարեկան Էրեբունի-Երևանը հանկարծ մեկ-երկու տարի հետո ադրբեջանաբնակ Էրիվանի չվերածվի:

Իսկ ՔՊ բևեռի խնդիրն ընդամենը վերարտադրվելն է:

Ի դեպ, բավական է ՔՊ թեկնածուի մոտ արտասանել Արցախ բառը, երբ նա անմիջապես այլայլվում է ու սկսում է դայայլել «քաղաքի խնդիրների» թեմաներով:

Եվս մեկ՝ ի դեպ: Նկատե՞լ եք, որ մինչ ՔՊ «երկրորդ էշելոնի» ներկայացուցիչները Երևանում լծվել են քարոզարշավի, Նիկոլ Փաշինյանն այս օրերին մարզային այցելություններով գործնականում համապետական ընտրարշավ է իրականացնում: Թերևս պարզ է, թե ինչո՞ւ: Եթե հակիրճ՝ կորցնելով իշխանությունը Երևանում, նա կորցնում է իշխանությունն ընդհանրապես: Ինքը դա շատ լավ է հասկանում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը