Լրահոս

21.10.2011 14:46


Աշխարհի ամենահարուստ մարդը 8 ամսվա ընթացքում կորցրել է համարյա 11 մլրդ դոլար

Աշխարհի ամենահարուստ մարդը 8 ամսվա ընթացքում կորցրել է համարյա 11 մլրդ դոլար

Աշխարհի ամենահարուստ մարդու՝ մեքսիկացի մեդիամագնատ Կառլոս Սլիմի կարողությունն ութ ամսվա ընթացքում նվազել է 10,7 մլրդ դոլարով։ Այս մասին հայտնել է «Ֆորբս» ամսագիրը։ Փետրվարի վերջին Սլիմի կարողությունը գնահատվում էր 74 մլրդ դոլար, որը հարստության ցուցանիշի աշխարհի բացառիկ ռեկորդ էր։ «Ֆորբս»–ի տվյալներով՝ այժմ նրա կարողությունը հավասար է 63,3 մլրդ դոլարի։ Այս փաստը, սակայն, նրան չի խանգարել գլխավորելու աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը։

Աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը կրկին «Մայքրոսոֆթի» հիմնադիր Բիլ Գեյթսն է, ում հարստությունը գնահատվում է 60 մլրդ դոլար։ Ի տարբերություն մեքսիկացու՝ Գեյթսը նույն ժամանակահատվածում իր կարողությունն ավելացրել է 4 մլրդ դոլարով։

Ամենամեծ կորուստները (7,5 մլրդ դոլար) Սլիմը կրել է «Amеrica Mоvil» ընկերության ակցիաների գների նվազման պատճառով։ Նյու Յորքի բորսայում իր ընկերության ակցիաների գինը փետրվարի 14–ից ի վեր նվազել է 17%–ով։ Նրա կարողությանը վնաս է հասցրել նաև մեքսիկական պեսոյի՝ ամերիկյան դոլարի նկատմամբ մոտ 10% արժեզրկումը։ Եվ վերջապես Սլիմի կարողությունը նվազել է Հեռուստահաղորդակցության դաշնային հանձնաժողովի ընդունած որոշման հետևանքով, որի համաձայն ընկերությունը պետք է իջեցներ այլ օպերատորների զանգելու դեպքում գանձվող սակագինը՝ 0,95–ից հասցնելով 0,35 պեսոյի։

Այս խորագրի վերջին նյութերը