Կարծիք

28.08.2023 20:32


Ինչո՞ւ պիտի երևանցին վճարի Փաշինյանի և Ավինյանի անվերջ պոպուլիզմի համար, երբ կարող է իսկապես «խելացի» քաղաքի կառավարման ձևով լուծել բոլոր խնդիրները

Ինչո՞ւ պիտի երևանցին վճարի Փաշինյանի և Ավինյանի անվերջ պոպուլիզմի համար, երբ կարող է իսկապես «խելացի» քաղաքի կառավարման ձևով լուծել բոլոր խնդիրները

Վերջերս Տիգրան Ավինյանը հայտարարեց 45 նոր մետրոյի վագոն և 250 էլեկտրական ավտոբուս գնելու ծրագրերի մասին:

Ինչո՞ւ է մետրոյին անհրաժեշտ 45 նոր վագոն․ էլ ավելի շատ օդ տեղափոխելո՞ւ համար, երբ եղած վագոնները բավարար են մարդկանց տեղափոխման համար:

Ինչո՞ւ են այս մարդիկ երևանցիների հաշվին այսպիսի չհիմնավորված ու ծախսատար որոշումներ կայացնում:

Սակայն, էլ ավելի խնդրահարույց է 250 էլեկտրաբուսի գնման խնդիրը: Հիշեցնենք, որ մեկ էկեկտրաբուսն այսօր արժե մոտ 400 000 դոլար: Իսկ դա նշանակում է, որ Ավինյանը պատրաստվում է մեր՝ երևանցիներիս հաշվին ծախսել հերթական 100 մլն դոլարը:

Մի քանի դիտարկում էլեկտրաբուսների մասին

Էլեկտրական ավտոբուսները, ինչպես էլեկտրական մեքենաները, նոր են հայտնվել զանգվածային օգտագործման մեջ։ Եվ ամեն տարի դրանք բարելավվում են: Այս տեխնիկայի ամենակարևոր և թանկ տարրը մարտկոցն է՝ դրանից բխող խնդիրներով՝

-լիցքավորման ժամանակը,

-աշխատանքային ժամանակը,

- մեքենայի ծառայության ընդհանուր ժամկետը:

Դեռևս փորձարկում անցնող այս մեքենաների ներկրումը ենթադրում է համապատասխան ենթակառուցվածքների առկայություն՝ տրանսպորտային համակարգի համալիր փոփոխություններին զուգահեռ: Իսկ մեր քաղաքը ներկայումս դրան բացարձակապես պատրաստ չէ:

Մինչև այդ մեքենաների ներկրումը, տրանսպորտային համակարգում առնվազն հետևյալ փոփոխությունները պիտի իրականացվեն:

Առաջին՝ հավասարաչափ բեռնել և բաշխել բոլոր տրանսպորտային ուղիները:

Երկրորդ՝ ազատվել բոլոր հին ու նոր միկրոավտոբուսներից՝ GAZelle, Hyundai, Higer:

Երրորդ՝ կառուցել դեպոներ՝ քարշիչ ենթակայաններով:

Չորրորդ՝ կազմակերպել հատուկ ուղիներ միայն տրանսպորտային միջոցների համար:

Հինգերորդ՝ ներդնել ուղեվարձի միասնական վճարային համակարգ:

Միայն այս քայլերից հետո էլեկտրաբուսների շահագործումն արդյունավետ կլինի: Իսկ Ավինյանի ներկայիս որոշումները բացառապես պոպուլիզմի տիրույթից են, այն էլ մեր՝ երևանցիներիս հաշվին:

Երևանի տրանսպորտային ոլորտում առաջնային խնդիր է ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղերի կառուցումը, ինչը կձերբազատի փողոցները երթևեկության գծերը զբաղեցնող մեքենաներից՝ հնարավորություն տալով հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի գործարկման համար, որից կարող են օգտվել նաև տաքսիները: Ընդհանուր գնահատականով՝ ողջ քաղաքով այդ ավտոկայանատեղերի կառուցման գումարը հենց մոտ 100 մլն դոլար է: Մեքենաներն ավտոկայանատեղիներ տեղափոխելուց հետո միայն հնարավորություն կունենանք ձևավորել հանրային տրանսպորտի համար առանձին ուղիներ: Սա նախապայման է քաղաքում ժամանակակից տրանսպորտային համակարգի ներդրման համար՝ իր ուղեվարձի միասնական վճարային համակարգով: Էլեկտրական տրանսպորտի ներկրումը, մետրոյի նոր կայարանի կառուցումը և գծի ընդլայնումը կարող են արդյունավետ լինել միայն համալիր տրանսպորտային համակարգի գործարկման դեպքում:

Հենց այս ճիշտ հերթականությամբ է հնարավոր վերափոխել քաղաքի ողջ տրանսպորտային համակարգը, որպեսզի մեր քաղաքացին վերջապես օգտվի ժամանակակից տրանսպորտից, այդ համակարգում կիրառվեն ինտերնետային տարբեր ծրագրեր՝ Յանդեքս տրանսպորտ և այլն:

Բայց այս ամենն իրականություն դարձնելու համար ոչ թե խոստումներ շռայլող պոպուլիստներ են անհրաժեշտ, այլ լուրջ տրանսպորտի մասնագետներ, ովքեր հիմնարար ու հեռանկարային որոշումներով և ծրագրերով կկարողանան ամբողջովին վերափոխել մեր քաղաքի ողջ տրանսպորտային համակարգը:

Արմեն Միքայելյան

Հ.Գ. «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրում՝ քաղաքի տրանսպորտի բարեփոխման հատվածում, հենց այդ տրամաբանությունն է դրված, որտեղ առաջնային է համարվում «խելացի» քաղաքի կառավարման մոդելի ներդրումը՝ դրա բոլոր տարրերով ու լուծումներով:

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը