Մեկնաբանություն

29.08.2023 09:03


Փաշինյանն ու Ալիևը սկսել են արցախցի երիտասարդների զանգվածային առևանգումները. սա՛ է Նիկոլի «խաղաղության օրակարգը»

Փաշինյանն ու Ալիևը սկսել են արցախցի երիտասարդների զանգվածային առևանգումները. սա՛ է Նիկոլի «խաղաղության օրակարգը»

Մինչ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ցնդաբանել «խաղաղության օրակարգի» մասին, էժանագին «շոուներ» ցուցադրելով Սյունիքում, Վանաձորում ու այլուր, այդ թվում՝ պատերազմում զոհվածների ծնողների ներգրավմամբ, նրա գործընկեր Ալիևը, Բերձորում տեղադրած անցակետի միջոցով, անցել է արցախցի երիտասարդների զանգվածային առևանգումների:

Հակարի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անցակետում թշնամին առևանգել է 22-ամյա Ալեն Սարգսյանին, ինչպես նաև՝ պատանի Վահե Հովսեփյանին ու Լևոն Գրիգորյանին: Նրանք բոլորը Երևան էին գալիս՝ մեկնարկող ուսումնական տարվա հանգամանքով պայմանավորված, երեքն էլ ՀՀ տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներ կամ սաներ են:

Ավելին, Ադրբեջանական ոճրագործ իշխանություններն արդեն տղաներին մեղադրանքներ են ներկայացրել, այդ թվում՝ 2 տարի առաջ ադրբեջանական դրոշն անարգելու վերաբերյալ:

Ինքնին հասկանալի է, որ փաշինյանական իշխանությանը ոչ մի կերպ չի հուզում ադրբեջանական իշխանությունների կողմից հայ երիտասարդների առևանգման եղելությունը: Հնարավոր է, որ ձևի համար Փաշինյանի շահերի սպասարկմանը լծված այս կամ այն կառույցն ինչ-որ բան հայտարարի, ինչպես, օրինակ, նրա ու իր տիկնոջ «մարդու իրավունքների պաշտպանը», բայց այստեղ էական է այլ բան:

Էականն այստեղ այն է, որ նման խայտառակություն ու նման խայտառակ վիճակ հնարավոր է դարձել բացառապես այն բանի հետևանքով, որ Նիկոլ Փաշինյանի նման մեկն է դեռևս համարվում Հայաստանի իշխանություն ու բազմած է ՀՀ վարչապետի աթոռին:

Այսօրինակ խայտառակ ու նվաստացուցիչ եղելությունը հնարավոր է դարձել այն բանի հետևանքով, որ Նիկոլ Փաշինյանը բավարարել է Ալիևի ու Էրդողանի բոլոր պահանջները, ուրացել է Արցախը, այն հայտարարել է «ադրբեջանական տարածք» ու շարունակում է առաջ տանել այդ կործանարար ուև դավաճանական գիծը:

Այս ամենի անմիջական պատասխանատուն ու մեղավորը անձամբ Նիկոլ Փաշինյանն է, ինչպես նրա չեղած խղճին է հազարավոր ու հազարավոր հայ զինվորների արյան մեղքը, որը չի ներվում ու չի ներվելու երբեք, թեկուզ յոթը սերունդ անցնի:

Էլ ի՞նչ պիտի լինի, որ հայությունը պոռթկա: Սպասենք մեզանից յուրաքանչյուրի անհատական առևանգմա՞նը՝ Նիկոլ Փաշինյանի կամ նրա ադրբեջանական բարեկամների կողմից:

Սա՛ է Փաշինյանի «խաղաղության օրակարգը»: Մի՛ խաբեք ինքներդ ձեզ, որ եթե տանը, «տեղներդ հանգիստ նստած» եք, ձեզ ու ձեր զավակներին ոչինչ չի սպառնում: Այդ սպառնալիքն արդեն յուրաքանչյուրիս դռան շեմին է:

Պետք է օր առաջ ձերբազատվել մահաբեր ու երկրաքանդ այս ռեժիմից:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը