Մեկնաբանություն

28.08.2023 09:30


Իշխանությունի չի կարողանալու շրջանցել Արցախի ու անվտանգության հարցերի առաջնային օրակարգն այս ընտրություններում

Իշխանությունի չի կարողանալու շրջանցել Արցախի ու անվտանգության հարցերի առաջնային օրակարգն այս ընտրություններում

Ընդամենը մի քանի օր է, ինչ մեկնարկել է Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին նշանակված ընտրությունների քարոզարշավը: Բայց արդեն իսկ կարելի է արտածել որոշակի օրինաչափություններ, որոնք, ի դեպ, բավականին կանխատեսելի էին:

Մասնավորապես, ինչպեսև սպասելի էր, ՔՊ-ական իշխանությունը և այդ իշխանության «դամքաշ» կուսակցությունները ջանում են ձևավորել այնպիսի քարոզչական միջավայր, թե առաջիկա ընտրությունները բացառապես «Երևանի մասին» են: Ըստ այնմ, ՔՊ-ական իշխանությունը դրսևորում է այնպիսի գործելակերպ և ընտրողների մոտ ձգտում է ձևավորել այնպիսի տպավորություն, եթե ոչ՝ համոզմունք, թե «Երևանի ժէկ-ի պետի» ընտրություններ են: Ասել կուզի, եթե ինչ-որ հարցեր էլ կան, ըստ իշխանական քարոզչության «կարմիր գծի», ապա այդ հարցերը պետք է լինեն վերելակ փոխել-չփոխելու, արդեն փոխածը քշել-չքշելու, ավտոբուս-տրոլեյբուսի, բակի ասֆալտի, կրպակ քանդելու ու նման բաների մասին:

Այդ մոտեցման նպատակն ակնհայտ է: Ըստ ՔՊ-ական իշխանության մոտեցման՝ մեր երկրում արտառոց ոչինչ չի կատարվում, ամեն ինչ իր հունով գնում է, ոչ մի խնդիր, սպառնալիք, ոչ մի վտանգ չկա, իսկ միակ հոգսն էլ, որ մնացել է, այն է, թե Երևանում մարդիկ գետնի տակո՞վ (մետրոյով) տնից գործի գնան, թե՞ օդով (ճոպանուղով, օրինակի համար), ահռելի վարկով բերված գերթանկարժեք ավտոբո՞ւս նստեն, թե՞ ոչ պակաս թանկուկրակ գնված տրոլեյբուս, հա, ու ինչպե՞ս անել, որ այդ ավտոբուսները ՔՊ-ի այս կամ այն երկրպագուի շենքին, բնակարանին ավելի մոտ կանգնի:

Այսինքն՝ ո՛չ Արցախի խնդիր կա, ո՛չ Արցախի պաշարում ու հայության մի ստվար մասի դեմ այս պահին իրականացվող ցեղասպանություն, որպես նույն այդ իշխանության վարած «քաղաքականության» հետևանք, ո՛չ էլ Երևանի «էրիվանիզացիայի»՝ ադրբեջանականացման իրական սպառնալիք կա:

Ընդգծենք. սա իշխանության, ՔՊ-ի ցանկությունն է, որ լինի այդպիսի ընկալում երևանցիների առնվազն մեծ մասի կողմից:

Ավելին, թեթևակի հայացքն իսկ բավական է՝ համոզվելու համար, թե պայքարի մեջ մտած մեկ տասնյակից ավելի ուժերից հատկապես որոնք են ՔՊ-ի «խաղը» տանում: Վերջին հաշվով, գրեթե բոլոր մյուս ուժերը, իրենց հոտառությամբ կամ «տեխնոլոգների» հուշումներով հասկանում են, որ բացահայտորեն փաշինյանական իշխանությանը սատարելով ոչ մի բանի չեն հասնի, ուստի, գոնե թեթևակի նշում են, թե իրենք ընդդիմադիր են ՔՊ-ին կամ գործող իշխանությանը, բայց... մնում են «ժէկ-ի պետ ընտրելու» իշխանական քարոզչական սխեմայի տիրույթում:

Միակ ուժը, որ այս քարոզարշավում ու միանգամայն հստակ, հետևողականորեն առաջին պլան է բերում Արցախի օրհասական վիճակի, դրա հետ շաղկապված՝ Հայաստանին, առհասարակ, մեր հայրենիքին ու մեր ժողովրդին ռեալ սպառնացող վտանգների, անվտանգության ապահովման հարցերը, ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքն է: Այդ իմաստով, «Մայր Հայաստան» դաշինքն՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդես է գալիս նախապես ազդարարած առանցքային պլատֆորմով և համապատասխան բովանդակությամբ քարոզարշավով: Նպատակը՝ Արցախի, նույնն է, թե՝ Հայաստանի համար այս մղձավանջից դուրս գալու, ոտքի կանգնելու հնարավորություն ստեղծելն է, ինչի համար անհրաժեշտ առանցքային քայլը փաշինյանական ռեժիմից ազատվելն է, ամբողջական իշխանափոխություն անելը:

Հարկավ, «Մայր Հայաստանն» ունի առավել քան բավարար մտավոր ու մասնագիտական ներուժ՝ մայրաքաղաքի պրոբլեմները ֆիքսելու ու դրանց լուծումները նախանշելու համար, ինչը արված է դաշինքի նախընտրական ծրագրում:

Բայց «Մայր Հայաստանն» այս ընտրություններին մոտենում է հրատապ և օրակարգային, ավելին՝ օրախնդիր հարցերի վրա սևեռելով բոլորի ուշադրությունը:

Իսկ առաջնային օրակարգը Արցախն ու անվտանգությունն են: Հայաստանի լինել-չլինելու հարցն է դրված: Ու նման վիճակում «վերելակային հարցեր» քննարկելը ոչ միայն տարօրինակ է, այլև աններելի ինքնախաբեություն:

Կարծում ենք, որ իշխանությունը որքան էլ փորձի, չի կարողանալու շրջանցել Արցախի ու անվտանգության հարցերի առաջնային օրակարգն այս ընտրություններում: Ուրացել են Արցախն ու նկատելի է, թե ինչ արհամարհանքով, եթե չասվի՝ զզվանքով են արձագանքում Արցախի, Հայաստանի ճակատագրի վերաբերյալ հարցերին:

Մեզ մնում է սեպտեմբերի 17-ին ընտրատեղամասերում քվեարկությամբ արտահայտել մեր կոշտ վերաբերմունքն այս ուրացող-հողատու-երկրաքանդ իշխանության նկատմամբ և նրանց ուղարկել «վերջին ԳԱԶել»-ի ետևից:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը