Մեկնաբանություն

26.08.2023 21:55


Ալիևի բերձորյան այցում միայն մեկ բան էր պակասում՝ նրան սպասարկող Նիկոլ Փաշինյանը

Ալիևի բերձորյան այցում միայն մեկ բան էր պակասում՝ նրան սպասարկող Նիկոլ Փաշինյանը

Այս օրերին պատերազմական ոճրագործ, Արցախի հայության ցեղասպանություն իրականացնող և Նիկոլ Փաշինյանի սիրելի գործընկեր Իլհամ Ալիևը, կնոջ ուղեկցությամբ, շրջում էր Բերձորում ու Քաշաթաղի շրջանի տարածքում: Ու հայտարարություններ էր անում, «Լաչինի օր» էր տոնում, նոր սպառնալիքներ էր հղում հայերի ու Հայաստանի հասցեին:

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին, ապա նա, օրինակ, ասել է, թե Բերձորի (Լաչինի) միջանցքում, Հակարի կամրջի մոտ ադրբեջանական կողմը անցակետը տեղադրել է միջազգային իրավունքի համաձայն: Թեպետ, ստիպված է եղել նաև խոստովանել, որ դրա հետ կապված՝ Ադրբեջանի վրա ճնշումներ են եղել:

Ալիևը, անցակետի տեղադրման հետ կապված նաև հայտարարել է. «Մենք դա արեցինք՝ ևս մեկ անգամ ցույց տալով կամք, քաջություն, ինքնավստահություն»:

Ինչո՞վ են հետաքրքրական թշնամու այս հայտարարությունները: Ու նաև՝ այցը, իհարկե:

Իսկ դրանք, ամենից առաջ հետաքրքրական են նրանով, որ Իլհամ Ալիևն այցելել էր Արցախի Բերձորի, Քաշաթաղի տարածք, որոնք Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը թշնամուն են հանձնել: Ուղղակի նվիրել են: Ավելին, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Արայիկ Հարությունյանը կոնկրետ ճնշումներ են գործադրել Բերձորի, Աղավնոյի հայության վրա՝ ստիպելով նրանց հեռանալ իրենց բնակավայրերից: Հիմա, թե ինչպե՞ս են դա արել՝ խաբելով, ահաբեկելով, թե՞ «գնելով» (դրամական փոխհատուցումներ տալով), արդեն էական չէ: Էական չէ, քանի որ արդեն Բերձորը, Աղավնոն, Գորիս-Շուշի ճանապարհը, որը կառուցվել է, ի դեպ, համայն հայության հանգանակած միջոցներով, լիովին անցել են ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ:

Այսինքն, ոչ այնքան անցել են, որքան անձամբ Նիկոլ Փաշինյանն է այդ ամենը տրամադրել իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևին:

Ավելին՝ նույնիսկ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված էր, որ Բերձորի միջանց է պահվում՝ 5 կմ լայնությամբ, որով ապահովվելու էր անխափան ցամաքային կապ Արցախի հետ:

Այո՛, նշված էր, որ միջանցքի հսկողությունը պիտի իրականացնեին ռուսական խաղաղապահ ուժերը: Թե ինչն ինչպես իրականացրեցին ռուսական խաղաղապահները, դեռ դնենք մի կողմ:

Առանցքային հարցը, հարեցրի հարցը այս դեպքում այն է, որ Հայաստանի իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բացարձակապես ոչինչ, ուղղակիորեն ոչ մի բան չարեց այն բանի համար, որ այդ միջանցքը պահպանվի, որ այդ ուղղությամբ թշնամին առաջխաղացում չունենա: Միայն վախկոտ թուլամորթի նման հրամայեց հայկական զինուժին բոլոր այդ տարածքներից հեռանալ, թողնել դիրքերը:

Է՜հ, թշնամին էլ հո հիմա՞ր չէ: Արագորեն սկսեց ամրանալ, առաջ շարժվել, մինչև որ ապօրինի անցակետ դրեց:

Սա՛ է Նիկոլ Փաշինյանի ու նրա մանկլավիկների բերած «ապագան»:

Ու սա է լինելու, Հայաստանի թրքացո՛ւմ և կործանում է լինելու, քանի դեռ որպես իշխանություն հանդուրժվում են Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-ոները:

Որքան շուտ ձերբազատվենք Հայաստանի իշխանությունը զավթած փաշինյանական խմբոնից, այնքան ավելի շատ հնարավորություն կունենանք կասեցնելու կործանման ընթացքը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը