Կարծիք

25.08.2023 17:18


Անդրանիկ Թևանյանը փոխել է օրակարգը, մնում է դրան մասնակից դարձնել նաև իշխանությանը

Անդրանիկ Թևանյանը փոխել է օրակարգը, մնում է դրան մասնակից դարձնել նաև իշխանությանը

Օգոստոսի 23-ից պաշտոնապես մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Իրականում քարոզարշավը մեկնարկել էր գրեթե մեկ տարի առաջ՝ իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ։ Ամիսներ անց իշխանության թեկնածուի օրինակին հետևեցին մի քանի այլ ուժեր, որոնց ճիշտ կլինի անվանել իշխանության սատելիտ ուժեր։ Իշխանական թեկնածուն և սատելիտ թեկնածուները ամիսներ շարունակ պատրաստվում էին ընտրությունները տանել ասֆալտի և վերելակի տրամաբանության շրջանակում։ Մարդիկ խոսում էին Երևանի խնդիրների, ասֆալտի ու վերելակների վատ լինելուց։ Տպավորություն էր, թե Հայաստանը գլոբալ մարտահրավերների առաջ չէ կանգնած ու պետության գրեթե կես բնակչություն ունեցող քաղաքամայր Երևանն իր առօրյա խնդիրների մասին մտածելու ժամանակ է գտել։

Ասֆալտավերելակային տրամաբանությունը կոտրեց «Մայր Հայաստան» դաշինքը՝ քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ։ Նրանք հանրությանն առաջարկեցին Հայաստանի գլոբալ խնդիրների օրակարգ, որի մեջ է մտնում նաև Արցախի ապագայի հարցը։ Դաշինքը իսկապես ռիսկային քայլի է գնացել, քանի որ սոցիոլոգիական հարցումները ցույց էին տալիս, որ Երևանի ընտրություններում սա ամենա ոչ պոպուլյար օրակարգը կարող է դառնալ։

Դաշինքը դժվարությամբ, բայց, ըստ էության, կարողացավ փոխել առաջիկա ընտրությունների օրակարգը, գոնե ընդդիմադիր ներկայացող ուժերի մասով։ Հիմա արդեն «Մայր Հայաստանի» առաջարկած օրակարգով խոսում են նաև այլ ուժեր՝ «Ապրելու Երկիր», Հանրապետություն, Ժողովրդավարական համախմբում կուսակցությունները։ Առաջին երկու ուժերը համարվում են իշխանության սատելիտ ուժեր և նրանց այս օրակարգով խոսելը նշանակում է, որ նրանք ստիպված են մտնել այս օրակարգ, կողքից, իհարկե, չմոռանալով վերելակն ու ասֆալտը։ Օգոստոսի 23-ի հանրահավաքով «Մայր Հայաստան» դաշինքը ցույց տվեց նաև, որ ի հեճուկս հրապարակված սոցհարցումների՝ երևանցիները հասկանում են, որ կա գլոբալ անվտանգության և ապագայի խնդիր, ու ՏԻՄ մակարդակի խնդիրները այս պահին երկրորդական են։

Քարոզարշավի սկզիբն, իհարկե, պետք է հաջողված համարել, բայց «Մայր Հայաստանի» և կոնկրետ Անդրանիկ Թևանյան քաղաքական գործչի համար մնացել է իրենց կողմից առաջ քաշված օրակարգի հաստատման համար վերջնական քայլն անել՝ այդ խոսակցության մեջ ներգրավել նաև իշխանական թիմին, որպեսզի հանրությունը գնահատելու հնարավորություն ունենա։ Պարզ է, որ Տիգրան Ավինյանն ու ՔՊ-ն փախնելու են այս օրակարգից, բայց ընդդիմադիր դաշինքն ու իրենց առաջնորդը պետք է կարողանան ելք գտնել։ Ի վերջո, շաբաթներ առաջ «Մայր Հայաստանի» առաջարկած օրակարգով անգամ իշխանության սատելիտները չէին ուզում խոսել, բայց խոսեցին, քանի որ ստիպված էին։ Եթե նրանց այդ դաշտ բերել ստացվեց, ապա Տիգրան Ավինյանին էլ կստացվի։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը