Մեկնաբանություն

23.08.2023 17:10


«Մայր Հայաստանի» տպավորիչ ու թափով մեկնարկը. hայե՜ր, ոտքի՛...

«Մայր Հայաստանի» տպավորիչ ու թափով մեկնարկը. hայե՜ր, ոտքի՛...

Երևանի ավագանու կամ ինչպես ավելի շատ նշում են մեր հայրենակիցները՝ քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկն առավել քան խորհրդանշական օր էր. oգոստոսի 23-ին՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի օրը: Եվ այս ընտրություններով ամբողջական իշխանափոխության խնդիր ու նպատակ դրած «Մայր Հայաստան» դաշինքը` Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ և համամասնական ցուցակով առաջադրված շարժման թեկնածուների, համակիրների ակտիվ ներկայությամբ քարոզարշավն սկսեց Հաղթանակի զբոսայգուց՝ Մայր Հայաստան արձանի մոտից:

«Գտնում ենք, որ այս իշխանությունը հայտնվել է օրենքից դուրս կարգավիճակում, չունի լեգիտիմություն, ինքն Արցախը համարել է ադրբեջակական, դրանով խախտել է և՛ այսօրվա Անկախության հռչակագիրը, որի ընդունման օրը մենք որպես տոն ենք նշում, և՛ Հայաստանի Սահմանադրությունը, և՛ իր իսկ նախընտրական ծրագիրը»,-լրագրողների հետ զրույցում ընդգծեց Անդրանիկ Թևանյանը:

Նա երևանցիներին, քաղաքացիներին կոչ արեց առաջնորդվել «Ո՞վ, եթե ոչ ես, ե՞րբ, եթե ոչ հիմա» կարգախոսով ու միանալ շարժման պայքարին, ինչպես «Մայր Հայաստանի» կարգախոսով է ընդգծվում՝ «Միացի՛ր, որ փոխենք»:

Նույն օրը սոցցանցերում զետեղվեց նաև «Մայր Հայաստանի» երաժշտական հոլովակը, որը բավականին տպավորիչ է, թե՛ «Քուինի» հանրահռչակ «Ուի ուիլ ռոք յու» պոպուլյար երգի մեղեդու ընտրության, թե՛ հատկապես այդ ռիթմով գրված և Թևանյանի հեղինակած հայերեն տեքստի, որը մարդկանց հորդորում է ոտքի ելնել ու միանալ հանուն Արցախի, հանուն Հայաստանի գոյության մղվող պայքարի, որի այս կարևոր փուլը ծավալվել է մայրաքաղաք Երևանում:

Ոչ պակաս տպավորիչ էր «Մայր Հայաստանի» ներկայացուցիչների «բարձրախոսային երթը» Երևանի փողոցներով՝ Անդրանիկ Թևանյանի, Զարուհի Փոստանջյանի, Մանուկ Սուքիասյանի ակտիվ մասնակցությամբ ու ելույթներով:

Ի դեպ, Անդրանիկ Թևանյանը բավականին ուշագրավ զրույց սկսեց տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանական փոխգնդապետի հետ՝ փորձելով նրանից ճշտել, թե արդյոք համաձա՞յն է Փաշինյանի այն մոտեցմանը, որ Արցախը ադրբեջանական տարածք է: Չնայած ոստիկանական սպան լայվի տեսախցիկի առաջ ամեն կերպ խուսափում էր ուղիղ տրված հարցին ուղիղ պատասխանելուց, բայց հայացքից զգացվեց, որ մեծ հաշվով՝ համաձայն չէ, որ Արցախը ադրբեջանական է:

Հնարավոր չէ գտնել իրապես հայ մեկ մարդու, որ համաձայն կլինի նման՝ բացառապես թշնամուն ձեռնտու ձևակերպման հետ: Հետևաբար, պետք է մերժել Նիկոլ Փաշինյանին և այս ընտրություններում մերժել նրա ՔՊ-ին ու նրա սատելիտներին:

Մի խոսքով, «Մայր Հայաստանի» մեկնարկը տպավորիչ էր, իսկ ընտրված անմիջական շփման մարտավարությունը պետք է որ որոշակի արդյունավետություն ապահովի՝ «Մայր Հայաստան» դաշինքի ասելիքը հնարավորինս շատ երևանցիների հասցնելու իմաստով:

Այսօր քարոզարշավի մեջ մտան նաև գրեթե բոլոր մյուս մրցակից ուժերը՝ ՔՊ, «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» և այլն:

Այստեղ կարևոր է նկատել, որ հենց մեկնարկում ուրվագծվեց երկու հիմնական բևեռ. մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն է, որը պայքարում է իշխանությունը պահելու, վերարտադրվելու և փաշինյանական կործանարար քաղաքականությունը շարունակելու համար՝ ներառյալ իր սատելիտ մի շարք կուսակցությունները, ուժերը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն սպասարկում են իշխանական այդ «խաղը»:

Իսկ մյուս կողմից՝ «Մայր Հայաստան» դաշինքն է, որը հստակորեն առաջադրել է Նիկոլ Փաշինյանից Հայաստանն ազատելու, ամբողջական իշխանափոխության հասնելու նպատակ: Հատկանշական է, որ այս շեշտադրումները փորձում են որդեգրել և նույն մոտեցումներով սկսել են առնվազն այս փուլում հանդես գալ նաև մասնակից այլ ուժեր:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը