Լրահոս

21.10.2011 10:30


Դեսպանի դեմ մահափորձ կատարելու համար իրանցու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Ինչպես հաղորդում է «AP»–ն, իրանցի Մանսոր Արբաբսիրի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  ԱՄՆ–ում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափորձ ծրագրելու համար։ Արբաբսիրի գործով նախնական դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 24–ին Նյու  Յորքում։

Իրավապահ մարմինների  վարկածով՝ 56–ամյա Արբաբսիրը, ով  երկքաղաքացիություն ուներ, ԱՄՆ–ում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ–Ջուբեյրայի նկատմամբ մահափորձ էր  նախապատրաստում։ Այն ռեստորանում, որը պետք  այցելեր դեսպանը,  պայթյուն էր նախատեսվում։ Մահափորձի  պատրաստման համար ծրագրված էր ծախսել շուրջ 1,5 մլն դոլար։ Հաղորդվում է, թե  Արբաբսիրը խոստովանել է, որ մասնակցություն է ունեցել մահափորձի նախապատրաստմանը, և իբրև թե հայտնել է, թե ինքը  գործել է Իրանի  բարձրաստիճան պաշտոնյաների  ղեկավարությամբ։

ԱՄՆ իշխանությունները Սաուդյան Արաբիայի  դեսպանի նկատմամբ մահափորձի  կանխարգելման մասին հայտարարել էին հոկտեմբերի 11–ին։ Այն ժամանակ հաղորդվում էր, թե մահափորձի նախապատրաստման համար կասկածվում են երկու իրանցի՝ Մանսոր Արբաբսիրն ու Ղոլամա Շաքուրին։

Հետախուզության դաշնային բյուրոյի տվյալներով՝ Ղոլամա Շաքուրին «Ալ Կուդս» իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործակալ է։ Նրան ձերբակալել դեռ չի հաջողվել։

Թեհրանը կտրականապես հերքել է պաշտոնական անձանց մասնակցությունը մահափորձի պատրաստմանը։ Իրանի  նախագահ Մահմուդ Ահամադինեջադն այդ մեղադրանքը «ծիծաղաշարժ» է անվանել և հայտարարել է, թե դրանով ԱՄՆ–ը ցանկանում է կռվեցնել Իրանին և Սաուդյան Արաբիային։

Այս խորագրի վերջին նյութերը