Լրահոս

21.10.2011 00:14


Արմեն Երիցյանը չի հավատում

Արմեն Երիցյանը չի հավատում

Արմենպրեսի թղթակցի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի արտահայտած կարծիքը Տավուշում տեղի ունեցած սողանքի հետեւանքների վերացման արդյունավետության մասին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը պատասխանել է.

-Ես չեմ հավատում, որ Վրաստանի նախագահը նման բան ասած լինի: Ըստ երեւույթին, լրագրողներն են նախագահի խոսքն աղավաղել: Ինքներդ էլ լավ գիտեք, որ Վրաստանը մեզ հարևան ու բարեկամ երկիր է, իսկ Վրաստանի նախագահը շատ լավ տեղեկացված է վտանգներին հակազդելու մեր կարողությունների ու հնարավորությունների մասին:

Ինչ վերաբերում է մեր իրականացրած որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությանը, ապա կցանկանայի, որ բոլորն էլ հասկանան, որ իր չափերով սա աննախադեպ սողանք էր, և միջազգային փորձագետներն էլ վկայում են, որ ակտիվ գործող սողանքի և առատ տեղումների պայմաններում ընդհանրապես արգելվում է ծանր տեխնիկայի մուտքը սողանքի մարմին: Այդ իմաստով աննախադեպ էր փրկարարական ստորաբաժանումների մուտքն ակտիվ սողանքային գոտի: Մենք նախ գնահատեցինք իրավիճակը և ձեռնարկելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները` պարանային փոխօգնություն ապահովելուց հետո, սկսեցինք որոնողափրկարարական աշխատանքները: Առաջին երեք օրն աշխատանքները կատարվեցին բահերի, քլունգների, պարանների կիրառմամբ, ձեռքի աշխատանքի միջոցով` օգտագործելով փնտրող շներ և որոնողական հատուկ տեխնիկա: Հենց առաջին իսկ ժամերից դեպքի վայրին էր մոտեցել ծանր տեխնիկան, սակայն, ինչպես նշեցի, այն միայն հետագայում օգտագործվեց ամբողջ ծավալով: Բոլոր աշխատանքներն իրականացվեցին հաշվի առնելով փորձագետների, ինժեներների, սեյսմաբանների և երկրաբանների ուսումնասիրություններն ու եզրակացությունները: Փաստորեն ԱԻՆ-ի հետ միասին աշխատեց հանրապետության նախարարություն-գերատեսչությունների միասնական թիմը և նաև միջազգային փորձագետների կարծիքով` այդ թիմը գործեց օպերատիվ ու պրոֆեսիոնալ:

Հիշեցնենք, որ ըստ վրացական լրատվամիջոցների՝ հոկտեմբերի 20-ին Վրաստանի նախագահն իրենց երկրի կառավարման համակարգի էֆեկտիվությանը նվիրված քննարկման ժամանակ ասել էր. «Եթե մեր կառավարութունը լիներ, արդյոք 2 ժամում չէր մաքրի տարածքը: Տեսեք` որքան ժամանակ ոչ ոք չէր գալիս ճանապարհը մաքրելու: Ես չեմ ուզում Հայաստանի մասին վատ բան ասեմ, նրանք մեր բարեկամներն են: Բայց Ռամազ Նիկոլաիշվիլին մի քանի ժամում լուծել է էլ ավելի բարդ խնդիրներ: Իսկ Հայաստանից դրա համար գրեթե երկու շաբաթ պահանջվեց: Ահա թե ինչ է նշանակում էֆեկտիվ պետական ապարատ»։

Այս խորագրի վերջին նյութերը