Կարծիք

19.08.2023 14:43


Հիմա արդեն մամուլի քարտուղար Նազենի Բաղդասարյանը հետեւում է ՀՀ Զինված ուժերում ատեստացիայի ընթացքին

Հիմա արդեն մամուլի քարտուղար Նազենի Բաղդասարյանը հետեւում է ՀՀ Զինված ուժերում ատեստացիայի ընթացքին

Կապանի օդանավակայանի գնդակոծությունն կմոռացվի, չեն հիշելու, որ 25-օրյա ՎԱՐԺԱԿԱՆ հավաքներին կանչվածը անհասկանալի պայմաններում ՄԱՐՏԱԿԱՆ!!!!! դիրքից հայտնվել է թշնամական ուժերի վերահսկողության տարածքում ու հիմա արդեն մեղադրանք են առաջադրելու եւ երկարատեւ բանտարկության են դատապարտելու։ Արդեն թիթեռի կյանք ունեցած զարմանք-քննարկում ծավալվեց, երբ Երեւանի նախկին քաղաքապետացուն նշանակվեց պաշտպանության նախարարի տեղակալ։ Այլեւս մոռացվեց, որ երկու զինծառայող մեկ օրվա տարբերությամբ խորհրդավոր պայմաններում ինքնասպան են եղել նույն բանակային միավորումում։ Մոռացվեց, որ նույն Կապանի տարածաշրջանից, Ծավի դիրքերից առեւանգվեցին երկու զինվորական ու արդեն երկարատեւ ժամկետներով դատապարտվել են Ադրբեջանի կողմից։ Ամեն ինչ թիթեռի կյանք է ունենում. իշխանական քարոզչամեքենան մշտապես ու հետևողական հրամցնում է խայծեր, կեղծ քննարկումների թեմաներ, որ դա էլ հաճույքով հանրության կողմից վայելվում է։

ԲԱՅՑ ԱՐԺԵ ՀԻՇԵԼ.

Անվտանգային այս հեղհեղուկ պայմաններում, թշնամական ռազմական, տեղեկատվական սադրանքների իրարահաջորդ այս հորձանուտում մեր անվտանգային համակարգը մնում է թերի, բազում բարձրագույն, ռազմավարական կարեւորություն ունեցող պաշտոններ դեռ չեն համալրված ու բացակայում են ամբողջական լիազորություններով հրամանատարներ, պետեր, բարձրաստիճան սպաներ։

Հիմա դեռ պաշտոնապես թափուր են առանցքային հետեւյալ պաշտոնները՝

1) ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ (7 ամիս)

2)ՀՀ զինված ուժերի ուղեղային կենտրոնի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ (7 ամիս)։

3)ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար (5 ամիս)։

Դրանք եւ այլ պաշտոններ պարբերաբար, ամիսներով թափուր են մնացել կամ համալրվել են կարճ ժամկետներով։

Երկար է ստացվելու, բայց հրապարակում եմ դեռ ամիսներ առաջ ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ փակ նիստում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ կայացած քննարկման ժամանակ իբրեւ հիմնական զեկուցող «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները եւ հրատապ անելիքները» վերնագրված ելույթիցս մի հատված, որ գաղտնիության տարր չի պարունակում։

«Այսպես՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի երկու առանցքային գլխավոր վարչության պետ, որոնք նաեւ շտաբի պետի տեղակալ են համարվում, տեւական ժամանակ նշանակված չէին.

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ.

2021 մայիսի 4՝ Կարեն Աբրահամյանն ազատվել է ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ,

2021թ. մայիսի 4-2021թ. մայիսի 21՝ թափուր (1 ամիս),

2021թ. մայիսի 21 -2021թ. սեպտեմբերի 27՝ Էդվարդ Ասրյան (4 ամիս) ,

2021թ. սեպտեմբերի 27-2022թ. փետրվար 24՝ թափուր (6 ամիս),

2022թ. փետրվար 24 -2023թ. փետրվար 1՝ Արմեն Գյոզալյան (1 տարի) ,

2023թ. փետրվար 1-ից՝ թափուր:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը նախորդ մեկ տարին թափուր էր, մինչ այդ.

2019թ. նոյեմբերի 28 -2021թ. օգոստոսի 9՝ Առաքել Մարտիկյան (1 տարի 9 ամիս) ,

2021թ. օգոստոսի 9 -2022թ. փետրվարի 18՝ Արայիկ Հարությունյան (7 ամիս) ,

2022թ. փետրվար 18-ից 2023թ. հունվար՝ թափուր (1 տարի),

2023թ. հունվարի 24-ից՝ Սամվել Մովսիսյան :

2023թ.-ի հունվարի 19-ի գիշերն Ազատ գյուղում տեղի ունեցած աննախադեպ ողբերգությունից հետո պաշտոնազրկվեց 2-րդ բանակային կորպուսի ողջ հրամանատարական կազմը, հետո արդեն նույնը կատարվեց Հատուկ բանակային կորպուսում։

Կարելի է բերել բազում օրինակներ, երբ անհարկի փոխատեղումները, լոկ անձնական ճաշակների, քաղաքական իշխանության նկատմամբ լոյալության հիման վրա կատարվել են նշանակումներ, ապա ձախողումներից հետո լռելյայն տեղափոխվել են Պաշտպանության նախարարություն (Հատուկ բանակային կորպուսում նման նշանակում-ազատումներն աղետալի հետեւանք են ունեցել 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի օրերին)։

Այս գործելաոճը՝ առանց համապարփակ վերլուծության, պահի ազդեցության տակ, հանրային որեւէ աղմակահարույց դեպքի ազդեցության տակ պաշտոնազրկումները, Զինված ուժերում մեկնարկել է դեռ 2018 թվականից։ Դրա արդյունքում 2018-2023 թվականների ընթացքում նշանակվել է 4 պաշտպանության նախարար, կատարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 5 նշանակում։

Առավել արտառոց վիճակ ստեղծվեց ԱՀ Պաշտպանության բանակում, երբ 2018-2022 թթ. ԱՀ ՊԲ համանատարները փոխվեցին երեք անգամ։ 2019-ին բանակում կարգապահության աննախադեպ բարձր ցուցանիշ ապահովելուց հետո 2020թ.-ին պաշտոնազրկվեց ՀՀ զինված ուժերի բարոյա-հոգեբանական ապահովման վարչության պետը»։

Այս պայմաններում ցանկություն եք հայտնում կամ դեռ ակնկալում

- որ մեր երկրի անվտանգային համակարգը լինի՞ լիարժեք։

- Որ ամեն քայլափոխի մեր զինվորները չգերեվարվե՞ն եւ դատապարտվեն։

- Որ թշնամին ցանկացած պահի կրակի ու պատասխան չստանա՞։

- Որ Բանակի հարյուրավոր պրոֆեսիոնալներ դուրս չմնա՞ն ծառայությունից անձնական վրեժխնդրության հետեւանքով։

- Որ ատեստացիա ասած շոուի պատճառով դժգոհությունները չհորդե՞ն այլեւս։

- Որ կանոնավոր բանակը չվերածե՞ն անհասկանալի կամավորա-երկրապահա-աշխատավարձային գոյակցության։

Երբ դու քեզ չես պաշտպանում, իսկ սրանք պաշտպանվելու միտք չունենք, որեւէ մեկը քեզ չի հարգի ու կմնաս անարգված։

Հ.Գ. լուսանկարում Նիկոլի նախկին օգնական, հիմա արդեն մամուլի քարտուղար Նազենի Բաղդասարյանը հետեւում է ՀՀ Զինված ուժերում ատեստացիայի ընթացքին։ Պատկերացրեցի՞ք։

Այս խորագրի վերջին նյութերը