Մեկնաբանություն

18.08.2023 19:24


Փաշինյանի «նվաճումը». Կապանի հետ կապը շուտով միայն օդով կլինի, այն էլ՝ թշնամու կրակոցների տարափի տակ

Փաշինյանի «նվաճումը». Կապանի հետ կապը շուտով միայն օդով կլինի, այն էլ՝ թշնամու կրակոցների տարափի տակ

Օգոստոսի լույս 18-ի գիշերը, ժամը 04:24-ին, ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել: Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը:

Այս մասին տեղեկացանք ԱԱԾ տարածած հաղորդագրությունից:

Այդ ժամին Նիկոլ Փաշինյանն արդեն «Սյունիք» օդանավակայանում չէր և ինչպես հասկանալի է հաղորդագրությունից, չի տուժել:

ԱԱԾ-ի այդ հաղորդագրությունը միգուցե նման ուշադրություն չգրավեր, եթե օգոստոսի 17-ին, ինքնագովազդման բացահայտ նպատակներով Նիկոլ Փաշինյանը Երևանից ինքնաթիռով մեկնած չլիներ Կապան, ինչպես տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ է նշվում՝ «փորձարկելով նոր ավիաուղին»: Հաղորդվում էր նաև, որ Փաշինյանը ծանոթացել է «Սյունիք» օդանավակայանի պայմաններին»: Այդ պահի դրությամբ «Սյունիք» օդանավակայանի վրա դեռ ադրբեջանական կողմից արձակված կրակոցներից մնացած անցքերը չկային:

Դրանից հետո Փաշինյանը հայտարարել է, թե պատրաստ են Երևան-Կապան կանոնավոր չվերթների իրականացմանը:

Ավելին, հայտարարել է, թե օգոստոսի 19-ին՝ Կապանի օրվա առթիվ, կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթ կսկվեն կանոնավոր չվերթերը:

Այս ամենը բացարձակ փիառ է: Նախ, ի՞նչ «նոր ավիաուղու» մասին է խոսքը, եթե Կապանի հետ օդային կապի հնարավորություն միշտ էլ եղել է, օդանավակայանն էլ դեռ «նախկինների» օրոք է վերականգնվել, տո թռիչքներ էլ են եղել:

Երկրորդ. Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցրել է այն բանին, որ Կապանի հետ ցամաքային, ավտոմոբիլային կապի հնարավորույթունն էապես վատացել է, բուն հայկական հողերի վրա գտնվող ու Կապան տանող նորմալ ավտոճանապարհի մի զգալի հատվածը Նիկոլ Փաշինյանը հանձնել է: Հիմա էլ բանն այնտեղ է հասել, որ երևի միայն օդանավով կարելի է Կապան հասնել:

Բայց դա էլ ամենը չէ. Կապանի օդանավակայանը գտնվում է ադրբեջանական ուժերի ուղիղ նշանառության ու կրակային (հրաձգային զինատեսակներից) անմիջական հասանելիության տակ: Պարզ ասած՝ թշնամին ցանկացած պահի կարող է կրակ բացել թե՛ օդանավերի, թե՛ ուղևորների, թե՛ օդանավակայանի վրա:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանն այնպես է արել, որ Կապան միայն օդանավով հնարավոր լինի գնալ, այն էլ՝ թշնամական կրակոցների տարափի տակ: Ու ամենից ցինիկն այն է, որ դա նա իր կողմնակիցների վրա «ծախում» է որպես մի երևելի ձեռքբերում:

Տեսնես այդ ինչի՞ց է, որ թշնամին, տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանն է օդանավից ելնում՝ կրակ չեն բացել: Չնայած, ի՞նչ կա գուշակելու, երևի նրանք յուրայինների վրա չեն կրակո՞ւմ:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը