Մեկնաբանություն

18.08.2023 19:20


ՄԱԿ-ի շոուն՝ որպես Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգի» թշվառության պրեզենիացիա

ՄԱԿ-ի շոուն՝ որպես Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգի» թշվառության պրեզենիացիա

Տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստը: Ու ի՞նչ: Իսկ ոչինչ: Բանն անգամ բանաձև ընդունելով չավարտվեց: Ինչո՞ւ:

Իսկ մի՞թե պարզ չէ. Նիկոլ Փաշինյանը, ուրանալով Արցախը, հայտարարելով, թե Արցախը ճանաչում է ադրբեջանական տարածք, Արցախի խնդիրը վերածել է կամ դարձրել է Ադրբեջանի ներքին հարց:

Սա՛ է առանցքային պահն ու ոճրագործությունը: Սա՛ է Արցախի, Հայաստանի, հայության շահերին դավաճանելու անկյունաքարը:

Այո՛, աշխարհի տարբեր երկրներ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ոմանք, անգամ հնարավոր է, մարդասիրությունից ելնելով, Արցախի շրջափակումը դադարեցնելու, ճանապարհը բացելու կոչեր կանեն, հայտարարություններ կընդունեն, միգուցե հայերի «սիրտը շոյող» ելույթներ էլ կունենան: Հնարավոր է: Բայց ինչ երկիր էլ լինի, ինչ կառույց էլ լինի, այն չի կարող պապից ավելի կաթոլիկ կամ, եթե կուզեք՝ հայերից ավելի առաքելական լինել:

Իրավիճակում, երբ Հայաստանի անունից հանդես եկող, որպես Հայաստանի իշխանություն ներկայացողն ու նրա գլխավորած խմբոնը հրաժարվում են Արցախից, երբ Արցախը օտարում են, երբ ուրանում են Հայրենիքի մի հսկայական մասն ու այն հռչակում թշնամապատկան տարածք, օտարները չեն ելնելու և մեր փոխարեն մեզ համար, պատկերավոր ասած՝ «կռիվ տան»: Լինի դա Ռուսաստանը, Ֆրանիան, Իրանը կամ թեկուզ ամբողջ ՄԱԿ-ը:

Առավելագույնը, ինչ կարող են անել օտարները, հումանիտար խնդիրներից խոսելն է: Ընդգծե՛նք՝ խոսելը: Այն էլ՝ ոչ միշտ ու այն դեպքերում, երբ իրենք ինչ-որ շահ կարող են ունենալ, ասենք՝ Ադրբեջանի հետ ինչ-որ գործարք ավելի ձեռնտու պայմաններով կնքելու հարց կամ նման մի բան:

Բայց հարցն օտարները չեն, ոչ էլ միջազգային քաղաքականության, հարաբերությունների ցինիկ ու անհոգի բնույթն է:

Մեր դեպքում ողբերգությունն ու ավերմունքը ներսից է և այն կոնկրետ անուն ունի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանություն:

Ավելին, եթե անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ն ինչ-որ բանաձև ընդուներ կամ հետագայում ընդունի, միևնույն է, դրան ոչինչ չի հաջորդելու, դա իրավիճակի վրա չի ազդելու: Նույնիսկ հակառակը. Ադրբեջանի հանցագործ պետությունն ու ղեկավարությունը, համոզվելով իրենց անպատժելիության մեջ, էլ ավելի լկտի ու արյունարբու ձևով են շարունակելու Արցախի, Հայաստանի ու հայության դեմ իրենց ագրեսիան: Եվ դա նույնպես Նիկոլ Փաշինյանի ձեռքբերումը կարելի է համարել:

Նման իրավիճակում Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանախմբի կողմից ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի նախաձեռնություն դսևորելը հիմնականում նպատակ ունի բուռն գործունեության իմիտացիա ստեղծել, իրենց ոճրագործությունն ու դավաճանական գործելակերպն ինչ-որ կերպ սքողել, դեռև միամտության մրափի մեջ գտնվողներին ինչ-որ սին հույսեր ներշնչել, թե տեսեք, հիմա ՄԱԿ-ը ինչ կանի: Միաժամանակ, ՄԱԿ-ի շոուն ցույց տվեց, թե ինչպիսի թշվառ, ողորմելի, թույլիկ, արժանապատվությունից զուրկ, մուրացիկ, քնձռոտ, անլվա երևույթ է Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը», ինչպիսի նվաստացուցիչ «ապագա» է նա ցանկանում հայ ժողովրդին:

Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանն ու իր խմբոնը ժամանակ են ձգում ու երկարաձգում իրենց գլխակեր ռեժիմի կյանքը, միաժամանակ՝ արագացնում Հայաստանի ու հայության կործանման ընթացքը:

Ո՛չ մի ՄԱ՛Կ, ո՛չ մի ԵՄ, ո՛չ մի ՆԱՏՕ, ո՛չ մի ՀԱՊԿ, ո՛չ մի ԱՊՀ մեզ չի օգնելու: Մոռացե՛ք: Եվ հետո, ինչո՞ւ նրանք պիտի մեզ օգնեն, պարտակա՞ն են, ի՞նչ է: Էլ չենք ասում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի խնդիրը դարձրել է Ադրբեջանի ներքին հարց, ազգային ինքնորոշման հարցը բերել հասցրել է Արցախի հայության ֆիզիկական գոյության բնատուր իրավունքն օտարներից մուրալու ողորմելի մակարդակին:

Մեր խնդիրները երկրի ներսում են, մեր խնդիրը Նիկոլ Փաշինյանն է՝ Արցախի ու Հայաստանի թիվ 1 պրոբլեմը, թիվ 1 կործանիչը: Մինչև այդ խնդիրը չհաղթահարվի, ոչ մի ուրիշ խնդիր չի լուծվելու:

Արմեն Հակոյան

Այս խորագրի վերջին նյութերը