Մեկնաբանություն

17.08.2023 20:25


Ինչ խնդիր է դնում «Մայր Հայաստանը» Երևանի ընտրություններում

Ինչ խնդիր է դնում «Մայր Հայաստանը» Երևանի ընտրություններում

Սեպտեմբերի 17-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրություններում ամենից պարզ ու ընկալելի կարգախոսն ու նպատակադրումը «Մայր Հայաստան» շարժմանն է` իշխանափոխություն, Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովում: Ա՛յս խնդիրն է դրել «Մայր Հայաստան» շարժումը, ինչի մասին այս օրերին բազմիցս հայտարարել են թե՛ շարժման ցուցակը գլխավորող Անդրանիկ Թևանյանը, այնպես էլ՝ շարժման մեջ ներգրավված գործիչները:

Ակնհայտ է, որ ընտրապայքարի մեջ մտնելու հայտ ներկայացրած մյուս բոլոր կուսակցություններից, ուժերից և ոչ մեկը նման հստակ խնդիր իր առաջ չի դրել: Հասկանալի է, նման խնդիր չունի Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն, որի նպատակը իշխանությունը պահելը ու Երևանի քաղաքաշինական բռնաբարությունը շարունակելն է, գումարած՝ այս-այն կառուցապատողից արտոնյալ պայմաններով յուրայինների համար բնակարաններ «կպցնելն» ու «տնավորվելը»: Մյուս մասնակիցների մոտ պատկերը կա՛մ հստակ իշխանամետ է, կա՛մ լղոզված։

Իսկ որքանո՞վ է հավանական այն խնդրի լուծումը, որ «Մայր Հայաստանը» դրել է իր առաջ: Սկզբունքորեն, միանգամայն հավանական է՝ հաշվի առնելով ինչպես առկա տրամադրությունները, այնպես էլ՝ իրավիճակն ու դրա զարգացման անկանխատեսելի-պայթյունավտանգ հնարավորությունները: Գումարած՝ գրագետ աշխատանք և գերակտիվ քարոզարշավ, որոնց դեպքում հնարավոր է կենտրոնացնել վերը ակնարկված տրամադրությունները:

Ավելին, արդեն իսկ ակնհայտ է, որ Երևանի ավագանու ընտրություններում միակ ընդդիմադիր ուժը «Մայր Հայաստանն» է: Սա, ի դեպ, հատուկ պետք է ընդգծել մեր այն հայրենակիցների համար, որոնք հանդիմանական դիտարկումներ են անում, թե «ինչո՞ւ ընդդիմությունը որոշեց չմասնակցել» այս ընտրություններին: Որոշեց, հարգելի՛ հայրենակիցներ, և մասնակցում է:

Մեծ հաշվով, «Մայր Հայաստանն» արտացոլում է միասնական ճակատով հանդես գալու մասին ընդդիմության հետ կապված մեր հանրության մի մասի սպասումները, ինչը ևս դրական հանգամանք է:

Իշխանափոխության հավանականության մասին: Գաղտնիք չէ, որ Երևանը, պատկերավոր ասած՝ արդեն ոչ թե «Հայաստանի կեսն է», այլ, ցավոք՝ արդեն «Հայաստանի մեծ մասն է»: Այսինքն, եթե դու օրվա իշխանությանը զրկում ես Երևանում վերարտադրվելու հնարավորությունից, գործնականում վերցնում ես իշխանությունը «Հայաստանի մեծ մասում»: Դա քաղաքական այնպիսի կապիտալ է, որը լիարժեք հնարավորություն է տալիս արդեն այնպես դետոնացնել իրավիճակը, որ գործող իշխանությունը ստիպված լինի ուղղակի հեռանալ:

Բայց հասկանալի է նաև, որ գործող իշխանությունը, որի քարոզարշավն սկսվել է դեռ 2-3 ամիս առաջ և ինտենսիվորեն շարունակվում ու իրականացվում է վարչական ռեսուրսների ամենաբացահայտ չարաշահմամբ։

Կա նաև «բ» տարբերակը: Երևանի ավագանու ընտրությունները մեր էլեկտրականացված տրամադրությունների պայմաններում առկա միակ ակտիվ քաղաքական գործընթացն է: Իսկ դրանից հետևում է, որ որոշակի հնարավոր են նաև այլ զարգացումներ:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը