Մեկնաբանություն

17.08.2023 14:30


Փաշինյանը Հայաստանին զրկել է նույնիսկ «թղթե շերեփից»

Փաշինյանը Հայաստանին զրկել է նույնիսկ «թղթե շերեփից»

Կա՞ մեկ այլ ժողովուրդ, մերինից բացի, որ այդքան շատ ու այդքան դաժան ու ահավոր հարվածներ ստացած լինի «աշխարհի մեծերի» հետ հույսեր կապելու իր անընկալելի դյուրահավատության հետևանքով, բայց շարունակի էլի ինչ-որ հիմար հույսեր փայփայել: Մի ամբողջ ազգ, գոնե իր մեծամասնության մեջ, մի տեսակ շունչը պահած, հետևում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքին:

Տարբեր երկրների ներկայացուցիչների ելույթներն էին ծանրութեթև անում կեսգիշերին, «խորիմաստ» վերլուծում, «դարակազմիկ» հետևություններ անում, անգամ՝ անակնկալի գալի՜ս: Այսինքն՝ Հայաստանում կային ինքզինքը միանգամայն բանական համարող մարդիկ, որոնք ՄԱԿ-ի ԱԽ նիստից լրջորեն ակնկալիք ունեին: Նման դեպքերի համար են մեր մեծերը հեգնել՝ «ձյուն գա գլխիդ...»:

Ախր, ի՞նչ կարելի էր ակնկալել: Ո՛չ մի բան էլ հնարավոր չէր ակնկալել ՄԱԿ-ի ԱԽ նիստից մի իրավիճակում, երբ որպես Հայաստանի ղեկավար ներկայացողը Արցախը հանձնել-պրծել է: Ավելի ճիշտ՝ հանձնել է Արցախը, ուրացել է Արցախը, ու հիմա նրա՝ Նիկոլ Փաշինյանի ու իր «նիկոլփփաշինյանների» միակ հոգսուցավը Արցախից առհասարակ պրծնելն է:

Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի անբաժանելի մաս, Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, կազմում, ասեք՝ ինչպես կուզեք, բայց իմաստը նույնն է: Եվ ՄԱԿ-ում դա ընդամենը արձանագրվեց:

Նստել, լուրջ դեմքերով վերլուծում են ոմանք, թե որ երկրի ներկայացուցիչն ինչ ասաց իր ելույթում: Ով էր «մեր կողմից», ով էր ադրբեջանական ջրաղացին ջուր լցնում: Ու մոռանում, մոռացության են մատնում, որ Ադրբեջանի ջրաղացին առաջին ջուր լցնողը Նիկոլ Փաշինյանն է:

Ու այդ համատեքստում, երբ Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխարհից ողորմություն աղերսողի կեցվածքով խոսում է Արցախում տիրող խայտառակ ու օրհասական վիճակից, դա երեսպաշտության ու ցինիզմի ծայրակետն է:

Տարիներ, եթե ոչ մեկուկես հարյուրամյակ մեր քաղաքական բառարանը համալրվել է «թղթե շերեփ» արտահայտությամբ: Իմացողները գիտեն, թե ինչ առիթով, չիմացողներին էլ անիմաստ է բացատրել:

Հիմա, Նիկոլ Փաշինյանի 5 տարվա ավերիչ ու կործանարար կառավարման հետևանքով, թվում էր, թե մնացել ենք բացառապես «թղթե շերեփի» հույսին: ՄԱԿ-ի ԱԽ նիկստը եկավ հաստատելու, արձանագրելու, որ արդեն անգամ այդ «թղթե շերեփը» չունենք:

«Երկաթե շերեփը», որ զրկանքների գնով 25-30 տարի ձուլել էինք, Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց: «Թղթե շերեփն» էլ է հեչ արել: Եթե Հայաստանի ղեկավար համարվողը թշնամու շահերն է սպասարկում, ի՜նչ շերեփ-մերեփ, ի՜նչ բան:

ՄԱԿ-ի ԱԽ նիստում արձանագրվեց Հայաստանի՝ որպես պետականության չգոյությունը, ոչնչությունը, ողորմելիությունը:

Դա յուրօրինակ ազդանշան է նաև մեր թշնամիներին, որ է՛լ ավելի ագրեսիվ շարունակեն Հայաստանի ու հայության դեմ ոտնձգությունները:

Այս մղձավանջից դուրս գալու թեկուզ փոքր շանս ունենալու միակ տարբերակը, միակ ձևը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, նրա ու նրա քպ-ոների իշխանությանը վերջ տալն է: Ուրիշ տարբերակ չկա: Եթե որևէ մեկն իսկապես ցանկանում է իրավիճակ փոխել, պետք է սկսի իշխանությունը փոխելուց:

Մնացածը անտեղի «լյա-լյա-լու-լու»-ներ են:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը