Քաղաքական

16.08.2023 17:13


«Հայաստան» խմբակցության Հայտարարությունը՝ ՄԱԿ Ախ նիստից առաջ

«Հայաստան» խմբակցության Հայտարարությունը՝ ՄԱԿ Ախ նիստից առաջ

Հայտարարություն

Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կայանալիք արտահերթ նիստի կապակցությամբ «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է.

Մենք ուշի-ուշով հետևում ենք զարգացումներին։ Նպատակ սահմանելով նման քայլով կանխել զանգվածային ոճրագործությունները, ներառյալ` պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը՝ հույս ունենք, որ ՀՀ իշխանությունները ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրների հետ կատարել են անհրաժեշտ աշխատանք առաջադրված նպատակին հասնելու համար։
Ստեղծված իրավիճակում գտնում ենք․

  1. Միջազգային հանրության և Հայաստանի գործող իշխանությունների բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն Լեռնային Ղարաբաղում ստեղծված աղետալի հումանիտար իրավիճակի շուտափույթ լուծմանը։
  2. Երբ Ադրբեջանը բացահայտորեն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ցեղասպան քաղաքականություն, չի կարող լինել հակամարտության քաղաքական կարգավորման արդյունավետ քննարկում, քանի դեռ չի վերականգնվել Լաչինի միջանցքի լիարժեք գործունեությունը։
  3. Միջազգային հանրությունը պետք է ճանաչի և դատապարտի այն փաստը, որ Ադրբեջանը լիովին անտեսում է միջազգային դատական ​​ատյանների որոշումները և գտնի արդյունավետ մեխանիզմներ՝ ստիպելու Ադրբեջանին կատարել դրանք։
  4. Հայաստանի համար, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նախաձեռնող, պետք է կարմիր գիծ հանդիսանան Արցախի հայերի՝ որպես Ադրբեջանի կազմում բնակվող էթնիկ փոքրամասնության արձանագրումը և նույնիսկ Լաչինի միջանցքի բացման դիմաց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի որևէ սահմանափակում։
  5. Ադրբեջանի գործողությունները օրինական իրավունք են տալիս հայկական կողմին ետ կանգնել առայսօր իրենց կողմից արված ոչ հայանպաստ և Արցախի ինքնորոշման իրավունքը սահմանափակող հայտարարություններից, փոխել այսօրվա բանակցությունների վտանգավոր նարատիվը և կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի հիմնարար իրավունքների իրացման և անվտանգության ապահովման վրա։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն

16 օգոստոս, 2023թ․

Այս խորագրի վերջին նյութերը