Քաղաքական

16.08.2023 08:01


Ղարաբաղը հայկական մշակույթի օրրանն է, և դա գիտի ողջ աշխարհը. Սեմյոն Պեգով (տեսանյութ)

Ղարաբաղը հայկական մշակույթի օրրանն է, և դա գիտի ողջ աշխարհը. Սեմյոն Պեգով (տեսանյութ)

WarGonzo նախագծի հիմնադիր, ռուս լրագրողը Սեմյոն Պեգովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է այս օրերին շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում մեր սիրելի Արցախում։ Այնտեղ ապրում են մարդիկ, որոնք իսկապես մեզ համար օտար չեն, մարդիկ, որոնք իրենց հերոսական պայքարում ամեն օր ապացուցում են, որ սա իրենց հողն է, որոնք արժանի են դրան և ժամանակին նվաճել են իրենց պատկանողը։ Ղարաբաղը հայկական մշակույթի բնօրրանն է, և դրա մասին գիտի բացարձակապես ողջ աշխարհը, դրա մասին է վկայում պատմությունը»,-ասել է ռուս լրագրողը։

Սեմյոն Պեգովը խոստովանել է, որ իրենք՝ ամբողջ թիմով, հետևում են զարգացումներին։

«Մենք ցավով ենք հետևում, թե ինչ է կատարվում Արցախի շուրջ, ինչպես են իրենց պահում ադրբեջանական զինված ուժերը, պաշտոնական Բաքուն, ինչպես են թուրքերը սրում իրավիճակը։

Մեր խաղաղապահներն այնտեղ են, այնտեղ շատ կարեւոր առաքելություն են իրականացնում։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը խափանում է խաղաղապահ առաքելությունը՝ արգելափակելով տրանսպորտային միջանցքը։ Սա իրականում բոլոր միջազգային պայմանավորվածությունների խախտում է, որոնք ձեռք են բերվել։ Ադրբեջանը սաբոտաժ է անում, վարկաբեկում է այս բոլոր պայմանավորվածությունները։ Սա չի կարող անհանգստություն չառաջացնել, քանի որ առաջնագծում լարվածությունն օրեցօր ավելանում է, և Ադրբեջանը թիկունքից կարող է հարվածել է։

Չնայած նրան, որ Ադրբեջանն ու Թուրքիան բանակցություններում արժանապատիվ կեցվածք են ընդունում և հայտարարում, որ Ռուսաստանի դեմ չեն գործում, իրականում մենք գիտենք, որ Ադրբեջանն օգնում է Ուկրաինային, Ուկրաինան՝ Ադրբեջանին, էլ չեմ խոսում թուրքերի մասին։ Եվ, եթե Ռուսաստանը հիմա դա տեսադաշտից բաց թողնի, ապա, իհարկե, ցանկացած ողբերգություն կարելի է սպասել»,-եզրափակել է Սեմյոն Պեգովը։

Միաժամանակ ռուս լրագրողը դիմել է արցախցիներին՝ աջակցության խոսքեր հայտնելով.

«Ես՝ Սեմյոն Պեգովս, անձամբ և իմ եւ ամբողջ WarGonzo թիմի անունից ցանկանում եմ մեծ աջակցություն հայտնել Արցախի ժողովրդին։ Ես իմ հիացմունքն եմ հայտնում նրանց քաջության համար, ովքեր այնտեղից չեն հեռացել, ովքեր կամային, քաղաքացիական մեթոդներով պայքարում են իրենց հողի համար։ WarGonzo նախագիծը և ես՝ Սեմյոն Պեգովս, միշտ ձեզ հետ ենք: Ստեփանակերտը, ինչ-որ իմաստով, մեզ հարազատ ռուսական քաղաք է, մենք բոլորս շատ լավ գիտենք պատմությունը, սա մեզ խորթ հող չէ, մեզ խորթ տարածաշրջան չէ։ Արցա՛խ, իմ սիրտը քեզ հետ է, մենք կօգնենք` ինչով կարող ենք։ Սպասի՛ր, հուսով եմ, որ այս իրավիճակը շուտով կսկսի ինչ-որ կերպ հարթվել»,-եզրափակել է Սեմյոն Պեգովը:

Այս խորագրի վերջին նյութերը