Մեկնաբանություն

16.08.2023 09:30


Սուտլիկ եվրադիտորդները. կրակել են... չէ՛, չեն կրակել... չէ՛ կրակել են... կրակել են, բայց չեն կպել

Սուտլիկ եվրադիտորդները. կրակել են... չէ՛, չեն կրակել... չէ՛ կրակել են... կրակել են, բայց չեն կպել

Նիկոլ Փաշինյանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն էր տարածել, որ Վերին Շորժայի հատվածում օգոստոսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմը կրակ է բացել Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների ուղղությամբ: Ինչպես նշվել էր՝ նրանք հայտնվել էին ադրբեջանական կողմի կրակոցների թիրախում:

Այդ տեղեկության տարածումից քիչ անց Եվրամիության դիտորդական առաքելությունը բավականիտն տպավորիչ ձևով՝ ՀՀ ՊՆ շենքը որպես խորապատկեր վերցրած, վրան մեծ-մեծ «ֆալշ» գրած նկարով հերքմամբ հանդես եկավ, ըստ որի՝ իրենց վրա ոչ մեկը չի կրակել: ԵՄ դիտորդական առաքելությունը վստահեցնում էր, որ իրենց ոչ մի դիտորդ ադրբեջանական կողմի կրակոցների թիրախում չի հայտնվել:

Պարզվեց, որ դա ամենը չէ:

Այս անգամ ոչ թե ՊՆ-ն, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այսպես ասենք՝ «մոտ կանգնած» տելեգրամյան ալիքներից մեկով տեսանյութ տարածվեց, որտեղ պատկերված էր ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը, ում դեմքը փակված էր: Եվ նա պատմում էր, որ իրենց խումբը հայտնվել է ադրբեջանական կրակոցների տակ:

Արդեն այս մի տեղեկության տարածվելուց կարճ ժամանակ չանցած՝ ԵՄ դիտորդական առաքելությունը իր թվիթերյան էջից ջնջեց նախորդ՝ «ֆալշ» գրությամբ «հերքումը» և տարածեց մի նոր տեքստ, ըստ որի, իրենց դիտորդները պարզապես կրակոցների ականատեսն են եղել: Ո՞ւմ կրակոցների, ո՞ր կողմից արձակված:

Գրել են միայն. «Հաստատում ենք, որ ԵՄ դիտորդական առաքելության պարեկները ներկա են գտնվել իրենց պատասխանատվության գոտում կրակոցների միջադեպին: Առաքելության ոչ մի անդամ չի տուժել»:

Հակոբ Պարոնյանը կասեր՝ ահավասիկ երկու հերքում, որ հերքում մը չարժեն: Չնայած այստեղ երևի ավելի շուտ թումանյանական տարբերակով կարելի է մեկնաբանել՝ «սուտլիկ դիտորդները»: Օրինակ, այսպես. «Եվրոպայից երեք դիտորդ եկան, մեկը՝ քոռ, էն երկուսն էլ իսկի բան չեն տեսնում...» կամ նման մի բան:

Այն, որ Եվրամիությունից Հայաստան դիտորդներ կանչելը կամ «էստի համեցեք» անելը բացառապես արտաքին-քաղաքական ավանտյուրա է, որը ավելի շատ բացասական հետևանքներ է ունենալու, պարզ էր ի սկզբանե: Բայց Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած «իշխանությունն» այդ արկածախնդրությանն էլ գնացին, դեռ մի բան էլ՝ իրենց քարոզչամեքենան բանն այնպես էր ներկայացնում, թե վերջ, հիմա եվրոպական դիտորդները կգան, հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով կկանգնեն ու Ադրբեջանն այլևս ոչ մի կրակոց չի արձակի, ու վրա կհասնի «խաղաղության դարաշրջանը»:

Պարզ էր, իհարկե, որ սուտ է և փչոց: Բայց ոմանք շատ են ուզում հավատալ դուրեկան ստերին կամ ձևանալ, թե հավատում են: Ինչևէ:

Եվրադիտորդներն ի սկզբանե ապացուցեցին իրենց ներկայության ավելորդությունն ու անիմաստությունը: Ավելի ճիշտ՝ նրանց Հայաստան գալու հիմնական նպատակը այն էր, որ էլ ավելի փչանան Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները: Սի բան, ինչը պետք էր Նիկոլ Փաշինյանին ու նրա արևմտյան «տերերին», կուզեք՝ հովանավորներին:

Ի լրումն, ԵՄ դիտորդները, ինչի մասին ի դեպ, բացեիբաց հայտարարվեց, Հայաստան էին եկել ամենևին էլ ոչ ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողություններն արձանագրելու և իրենց վերադասին՝ Բրյուսել հաղորդելու համար: Նրանք եկել էին Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեությանն ու շարժին հետևելու նպատակով: Այսպես ասած՝ Նիկոլ Փաշինյանի կողմից լիցենզավորված «շպյոնություն անելու»:

Մինչ այժմ չի տպավորվել որևէ դեպք, որ եվրադիտորդները որևէ կերպ արդարացրած լինեն իրենց ներկայության անհրաժեշտությունը:

Ավելին, պարզվեց, որ եվրադիտորդները՝ Բրյուսելի միջոցով, ադրբեջանական կողմին են փոխանցում նաև սահմանագոտով իրենց ու Հայաստանի զինված ուժերի շարժերի մասին որոշակի տեղեկատվություն:

Ու հիմա պարզվում է՝ նրանց վրա կրակել են, իսկ իրենք հրապարակավ ստում են, թե չէ, չեն կրակել: Ու միայն այն բանից հետո, երբ պարզվում է, որ սուտը բռնվել է, կիսատ-պռատ ընդունում են, թե կրակոցներ եղել են: Այսինքն, այս ԵՄ դիտորդներն իրենց դրսևորում են որպես իսկակակն նիկոլականներ, Նիկոլ Փաշինյանի հետևորդներ, այն առումով, որ անթաքույց ստում են: Պարզապես այս անգամ սուտ բռնողը ստախոս Նիկոլի իշխանությունն էր:

Կարելի է ենթադրել, որ ԵՄ դիտորդներն արդեն իրենց սև գործն արել են ու կարող են հեռանալ և այս՝ «կրակել են... չէ՛, չեն կրակել... չէ՛, կրակել են... կրակել են բայց չեն կպել» պատմությունը հրահրվել էր այդ հեռանալու պահն արագացնելու համար:

Ամեն դեպքում, պատկերացնո՞ւմ եք, թե դրանք ինչեր են «զեկուցում» Եվրամիությանը, եթե այդ կարգի ստախոսներ են:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը