Մեկնաբանություն

15.08.2023 17:15


Այ քեզ 6 միլիոն դոլարանոց դոպինգ՝ լվացքով-բանով, կանեփի «քոլով»

Այ քեզ 6 միլիոն դոլարանոց դոպինգ՝ լվացքով-բանով, կանեփի «քոլով»

Իրավիճակում, երբ Արցախի հայության դեմ իրականացվում է ցեղասպանություն՝ բառի ամենաուղիղ իմաստով, Հայաստանի պետական բյուջեի միջոցներից Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 6 միլիոն դոլարին համարժեք գումար է ծախսում... «Հրազդան» մարզադաշտում ամերիկյան հայտնի ռեփերի համերգ կազմակերպելու վրա: Սա ի՞նչ է: Խայտառակությո՞ւն: Ո՛չ, սա ավելին է, քան պարզապես խայտառակությունը: Սա սրիկայության ցուցադրություն է: Սա բարոյազրկում է ու բարոյազրկման ցուցադրություն:

Ու ինչ էլ օր են ընտրել Նիկոլ Փաշինյանն ու իր քպ-ականները Սնուփ Դոգ բեմական անունով հանդես եկող ամերիկյան ռեփերի համերգի համար. Հայաստանի անկախության վերականգնման ու Նիկոլ Փաշինյանի կազմակերպած 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցի միջակայքում, գումարած՝ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունից մի քանի օր հետո: Ամեն ինչ խորհրդանշական է այս սևաշունչ պատմության մեջ:

Համերգ՝ ցեղասպանության ժամանակ: Համերգ, երբ Արցախը պաշարված է, ըստ որում՝ պաշարված է հենց Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով, եթե նրա քայլերն ու որոշումները, նրա կողմից ադրբեջանաթուրքական շահերի սպասարկումն ընդհանրապես կարելի է քաղաքականություն անանել:

Բայց միայն անբարոյականության ցուցադրություն չէ:

Ի սկզբանե լուր տարածվեց, թե Սնուփ Դոգի համերը գլուխ բերելու համար Նիկոլ Փաշինյանը պետական միջոցներից 23 միլիոն դոլար է ցնծացել: Չի կարելի բացառել, որ այդ «տեղեկատվական արտահոսքի» աղբյուրը հենց Փաշինյանի կառավարությունն էր: Այն մտքով, որ ասեն՝ 23 միլիոն դոլար, հետո հայտարարեն, որ չէ՛, դա սուտ է, իրականում «ընդամենը 6 միլիոն դոլար» են ծախսելու: Այսինքն՝ մեղմեն, էլի այն խայտառակ էֆեկտը, որ կարող է թողնել նման երգչի համերգի համար պետական միջոցներ վատնելու իրողությունը:

Բայց մի՞թե 6 միլիոն դոլարը փոքր գումար է: Ամենևի՛ն: Առավել ևս, որ, կրկնենք, պետակա՛ն միջոցների մասին է խոսքը: Ո՛չ Նիկոլ Փաշինյանն է իր պապի թողած ժառանգության հաշվին Սնուփ Դոգ բերում, ո՛չ նրա աշխատակազմի ղեկավար, այս առիթով «Welcome to Yerevan, dear STAR!!!» գրող նախկին ԿԳՄՍ Արայիկ Հարությունյանն է իր պարգևավճարումների հաշվին այս համերգն անում, ոչ էլ՝ ՔՊ-ի դրամահավաքի: Այլ՝ պետակա՛ն միջոցներով:

Ի դեպ, ոչ պակաս հետաքրքրական է, որ կոնկրետ այս համերգը կազմակերպում է բառացիորեն վերջերս ստեղծված մի ընկերություն: Շատ հնարավոր է, որ այդ ընկերությունը հենց միայն այդ համերգի անցկացման ու պետական բյուջեի 6 միլիոն դոլարը տնօրինելու նպատակով է ստեղվել: Ընկերությունն էլ, ի դեպ, կոչվում է «Դոփինգ Սփեյս»: Շատ խոսուն անվանում է, որը կարող է բառացի թարգմանվել որպես դոպինգի (թմրանյութերի, խթանիչների) տիեզերք: Բայց խոսակցական ամերիկյան անգլերենին տիրապետողները նշում են, որ ճիշտ թարգմանությունն է՝ «ուռելու տեղ»: Համենայն դեպս, դոփինգ սփեյս արտահայտությունն այդպես էլ կարող է թարգմանվել: Դե այն, որ Սնուփ Դոգը ցուցադրաբար, այդ թվում՝ համերգների ժամանակ «ուռում» է, այսինքն՝ մարիխուանա է ծխում կամ ինչպես խոսակցականով են ասում՝ «պլանքյաշ» է, ընդհանրապես գաղտնիք չէ:

Ու ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է այն, որ բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդ դժնի օրերին բարոյական ու մարդկային առումներով զզվելի, խայտառակ ու անբարո վարք է դրսևորում, մի հատ էլ՝ դա անում է, այսպես ասենք՝ ակնհայտ կոռուպցիոն ռիսկերով պարուրված:

Շատ, չափազա՛նց բնութագրական է: Ավելի քան 11 միլիարդ դոլարի արտաքին պարտք ունեցող կառավարությունը 6 միլիոն դոլար է «լվանում»՝ համերգ անելու անվան տակ:

Ի դեպ. «Հրազդան» մարզադաշտը, ինչպես հայտնի է, վաղուց չի շահագործվում ըստ նշանակության, ու սատանան գիտե, թե երբեմնի փառահեղ ստադիոնի հսկայական կոնստրուկցիաներն ի՞նչ վիճակում են: Հետո չասեք՝ ոչ մեկը չէր ասել:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը