Կարծիք

20.10.2011 13:39


Հուշագրասեր Սերժ Սարգսյանը

Հուշագրասեր Սերժ Սարգսյանը

Դարեր առաջ կառավարած իշխաններին կամ թագավորներին պատմաբանները տվել են նրանց նախասիրություններին, գործերին, ֆիզիկական տվյալներին համապատասխան մականուններ՝ Պիպին Կարճահասակ, Տիգրան Մեծ, Ռիչարդ Առյուծասիրտ, Պետրոս Մեծ, Խոսրով Կոտակ և այսպես շարունակ: Եթե պատմաբանները հետագայում որոշեն այսօր Հայաստանը ղեկավարած մարդուն՝ Սերժ Սարգսյանին, մականուն տալ, ապա չի բացառվում, որ նրան կոչեն ոչ թե Սերժ Ֆուտբոլասեր կամ Սերժ Երկխոսասեր կամ Սերժ Շախմատասեր, այլ Սերժ Հուշագրասեր:

Դատելով Սերժ Սարգսյանի ազդեցության գոտում գտնվող լրատվամիջոցների հրապարակումներից՝ դժվար չէ ենթադրել, որ նա ցանկանում է հերթական հուշագիրը պարտադրել կոալիցիայի անդամ կուսակցություններին: Նույնիսկ քաղաքականությունից հեռու կանգնած մարդկանց համար է պարզ, որ ՕԵԿ-ն ինքը րոպե առաջ կշտապի ստորագրել հերթական հուշագիրը, ինչը չես կարող ասել ԲՀԿ-ի մասին, որի ինքնուրույն գործունեությունը սկսել է հունից հանել Սերժ Սարգսյանին: Հիմա նա եկել է այն եզրահանգման, որ իր դիրքերը կամրապնդվեն, եթե կարողանա ԲՀԿ-ին պարտադրել ստորագրել հերթական հուշագիրը:

Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանի երիտասարդ խորհրդականները նրան համոզել են, որ Գագիկ Ծառուկյանին ոչինչ չի մնա, քան հերթական հուշագրի ստորագրումը, բայց կարծում ենք, մեղմ ասած, այս հարցում երիտասարդ խորհրդականները սխալ հաշվարկ են արել: Եթե ամիսներ առաջ ինչ-ինչ պատճառներով Ծառուկյանը որոշեց չսրել ներքաղաքական իրավիճակը և ստորագրեց ոչինչ չպարտադրող հուշագիրը, ապա հիմա բոլորովին այլ իրավիճակ է, և Ծառուկյանն էլ հաստատ ինքնաոչնչացման չի գնա և նման հուշագիր չի ստորագրի: Դժվար չէ կռահել, որ Սերժ Սարգսյանի պարտադրանքով հերթական հուշագրի ստորագրումը կլինի ԲՀԿ-ի քաղաքական գործունեության ավարտը: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ն կլինի ՕԵԿ-ի նման մի բան: Պարզ է, որ հենց դրան էլ ձգտում է Սերժ Սարգսյանը: Նա իրեն ապահով կզգա, եթե շրջապատված լինի հենց ՕԵԿ-անման կուսակցություններով:

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ձգտում է վերացնել քաղաքական դաշտը որպես այդպիսին: Վստահաբար կարելի է ասել, որ ՀԱԿ-ի հետ նախաձեռնած «երկխոսության» հիմնական և միակ նպատակը քաղաքական դաշտում առկա մրցակցության վերջին նշույլների վերացումն էր: ՀԱԿ-ի հետ իր խնդիրը լուծելուց հետո Սերժ Սարգսյանը կենտրոնացավ Ծառուկյանի վրա: Ընդ որում, կենտրոնացումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ծառուկյանը հերթական անգամ շեշտեց, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է կոալիցիայից առանձին: Սերժ Սարգսյանին նյարդայնացրել է նաև այն, որ Գագիկ Ծառուկյանը չի ասել, որ ԲՀԿ-ի միակ և անվերապահ թեկնածուն նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանն է:

Բարեբախտաբար, ԲՀԿ առաջնորդը վերջին օրերին պահպանեց քաղաքական սառնասրտությունը և չներքաշվեց վտանգավոր խաղի մեջ, այլ իր պահվածքով և կեցվածքով ապացուցեց, որ չի պատրաստվում գնալ ինքնաոչնչացման: Այս իրավիճակում Սերժ Սարգսյանին և նրա երիտասարդ թիմակիցներին մնում է մտածել՝ ում հետ կարելի է նոր կոալիցիոն հուշագիր ստորագրել: Իհարկե, ՕԵԿ-ը կա ու կա: Այս կուսակցությունը 2008թ. նախագահական ընտրություններից անմիջապես հետո դադարեց դե ֆակտո գոյություն ունենալուց և մնաց միայն թղթի վրա: Այսպիսով, ՕԵԿ-ի հետ Սերժ Սարգսյանը կարող է հանգիստ հուշագիր ստորագրել: Նրանց կարող են միանալ նաև այն կուսակցությունները և «քաղաքական գործիչները», որոնց մասին հայ ժողովուրդը վաղուց արդեն մոռացել է: Չոքեչոք այդ հուշագրին կմիանան Արտաշես Գեղամյանը, Յուրի Մանուկյանը, Արշակ Սադոյանը և նրանց նման այլ գործիչներ իրենց անձ-կուսակցություններով: Բայց ի՞նչ կտա Սերժ Սարգսյանին այս հուշագիրը՝ իրականում ոչինչ: Կամ, ավելի ճիշտ, այդ հուշագիրը կարագացնի նրա վերջնական ձախողումը:

Անշուշտ, Սարգսյանը կարող է իր մեջ ուժ գտնել և հրաժարվել նոր հուշագրից: Իհարկե, այս դեպքում նա և նրա թիմակիցները բավական անհարմար իրավիճակում կհայտնվեն, բայց դա ավելի լավ է, քան Յուրի Մանուկյանի կամ Արթուր Բաղդասարյանի հետ նոր հուշագրի ստորագրումը:

Իսկ ամենակարևորն այն է, որ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարվի նոր հուշագրի մտքից, ապա, միևնույն է, վերջին օրերի իրարանցման հետքերը դեռ երկար կմնան: Իսկ ամենակարևորն այն է, որ Սերժ Սարգսյանը պետք է ընդունի, որ որևէ մեկն իրեն չի պարտադրում անպայման վերընտրվել նախագահի պաշտոնում այն դեպքում, երբ հասարակության լայն աջակցությունը չի վայելում:

Մեր երկրին օդի ու ջրի նման անհրաժեշտ են առողջ փոփոխություններ, որոնք կարող են իրականացնել բացառապես ժողովրդի վստահությունը վայելող ուժերը, իսկ Սերժ Սարգսյանը կամ Տիգրան Սարգսյանը նրանց թվին չեն պատկանում:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը