Հարցազրույց

20.10.2011 13:36


Արամ Հարությունյան

Արամ Հարությունյան

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ  Արամ Հարությունյանի հետ

–Հայտարարվել էր, որ այսօր կայանալու է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, բայց հետո հետաձգվել է։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ նիստում պետք է կոալիցիոն նոր հուշագրի և ԲՀԿ–ին այն ստորագրել պարտադրելու մասին խոսվեր։ Կարելի՞ է ասել, որ, այդպիսով, արդեն նախընտրական շրջան ենք մտնում, այս փուլն ի՞նչ զարգացումներ կարձանագրի։

–Նախընտրական շրջան մենք մտել ենք այն ժամանակ, երբ ՀԱԿ–իշխանություն երկխոսությունն ավարտվեց։ Իմ կարծիքով կոալիցիոն նախկին հուշագիրը ոչ այնքան գրագետ փաստաթուղթ էր և՛ իրավական, և՛ քաղաքական իմաստով։ Մաթեմատիկայում հանրահաշվում սխալից ամեն ինչն է սխալ ընթանում։ Օրինակ՝ եթե ընդունում ենք, որ 2x2=5, ապա կարող ենք ապացուցել, որ 10=25–ի, կամ էլ, օրինակ, Երևանը Ֆրանսիայի մայրաքաղաքն է։ Այնպես որ, այդ ստորագրված հուշագրից ամեն ինչ կարող էր հետևել և կարծես թե հետևում է։ Թե «Բարգավաճ Հայաստանը» կհամաձայնի՞ նորից թուղթ ստորագրել, իր ազատությունը, իր հնարավորությունները կսահմափակի՞, համոզված կարող եմ ասել, որ դրանից հետո ԲՀԿ չի լինի, որովհետև այդ ճանապարհով նա կկորցնի իր էլեկտորատը, և քաղաքական վարկը կհավասարվի զրոյի։ Այսինքն, ինքը կմնա իշխանությունների հույսին կամ, ներողություն, ընտրակաշառքի հույսին. քաղաքական իմաստով ինքը կկործանվի։

–Իսկ ՀՀԿ–ի դեպքո՞ւմ ինչ կլինի։

–ՀՀԿ–ն ուշացել է ԲՀԿ–ին իր ազդեցության տակ պահելուց։ Իսկ եթե կարողացավ պահել, նշանակում է, որ, որպես քաղաքական ուժի քանդում, ոչնչացնում է ԲՀԿ–ին։ Ի վերջո, Գագիկ Ծառուկյանը հայտարարություններ է արել, որ միայնակ են գնալու, լայն համախմբման տարբերակ է առաջարկել, այսինքն՝ ինքը հետո ո՞նց պիտի բացատրի՝ ինչու է գնում նույն ցուցակով։ Հիմա եկել է պահը, երբ Գագիկ Ծառուկյանը պետք է ցույց տա՝ ինքը քաղաքական գործի՞չ է, թե՞ միայն գործարար, ով միայն բարեգործություններ է անում։ Բացի այդ, ԲՀԿ–ն պետք է լուրջ քաղաքական թիմով գնա, այլապես խնդիրներ կունենա։ Բայց նաև եթե ՀՀԿ–ն պետք է փորձի տարբեր ճանապարհներով պահել ԲՀԿ–ին, միևնույն է, առանձնապես չի շահում։ ՀՀԿ–ն թարմացման կարիք ունի և պետք է փորձի, մաքրելով իր թիմը, գնալ ընտրությունների։ Եթե ՀՀԿ–ն պետք է գնա վարչապետ Տիգրան Սարգսյանով, ապա դա ամենակարճ ինքնասպանության ճանապարհն է, որովհետև, ըստ էության, ոչ մի ծրագիր չի կատարվել, և երեք կուսակցություն փոխած մարդը չի կարող առաջնորդել վերջին կուսակցությանը։

–Խոսակցություններ կան, որ եթե ԲՀԿ–ն հրաժարվի ստորագրել այդ նոր հուշագրի տակ, ապա Սերժ Սարգսյանը մտադիր է ավելի լայն կոալիցիա ստեղծել։ Ըստ Ձեզ՝ այդ ծրագիրը հաջողությամբ կպասկվի՞։

–Եթե սկզբունքը պետք է լինի ծաղկաքաղ անելը և տարբեր ժամանակներում տարբեր ճամբարներում եղած մարդկանց նորից մեկ շրջանակի մեջ վերցնելը, ոչ մի բան չի տա. դա ընդամենը ֆիկցիա կլինի։ Օրինակ՝ այսօր կա Ռազմիկ Մարկոսյան, ով ԱՄԿ–ի անդամներից ամենալավն է դրսևորվել, բայց այսօր նրա մասին ո՛չ ասում են, ո՛չ որևէ մեկի մտքով անցնում է ցուցակի մեջ ընդգրկել։ Այսինքն, եթե պիտի ՀՀԿ–ն թարմացնեն չգիտեմ՝ ումով, դա ոչինչ չի տա։ Կարևոր է հասկանալ, որ եթե ՀՀԿ–ն ԱՄԿ–ի ժառանգորդն է, ապա ո՞ւր են իսկական ԱՄԿ–ականները։ Իսկ մեկը պատգամավոր դառնալու համար պետք է մտնի ՀՀԿ–ի ցուցակ, կամ նախագահին, ՀՀԿ–ին կարող է թվալ՝ եթե այդ մարդուն ընդգրկեն ցուցակ, կարծես թե թարմ ուժ է, ապա, ինչպես ասում էր Լուկրեցիոս Կարեսը, ոչնչից նույնիսկ աստվածների կամքով ոչինչ չի ստեղծվում։ Այնպես որ, եթե պետք է սյուր ձևով չեղած բաներից ինչ–որ բան ստեղծել, չի՛ լինելու։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը