Կարծիք

20.10.2011 13:14


Սիրային խոստովանու– թյուններ և բացահայտումներ

Սիրային խոստովանու– թյուններ և բացահայտումներ

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի ներքին քաղաքական դաշտը լցվել է մի շարք սիրային խոստովանություններով՝ քաղաքական իմաստով, իհարկե: Որքան մոտենում են ընտրությունները, այնքան այդ խոստովանություները ավելի են շատանում:

Սիրային խոստովանությունների աժիոտաժը հատկապես ուժեղացավ այն բանից հետո, երբ սկսվեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ հնարավոր է նոր կոալիցիոն հուշագիր առաջարկվի Սերժ Սարգսյանի կողմից կոալիցիոն գործընկերներին, ինչը հիմնականում ուղղված է ճոճանակի պես թափ հավաքող  ԲՀԿ-ին կանգնեցնելուն։ Վերջինիս ղեկավար Ծառուկյանն իր հերթին խոսել էր հանրային լայն կոնսոլիդացիայի մասին՝ ի նկատի չունենալով այսօրվա իշխող կոալիցիան։

Ներիշխանական խառը վիճակի առիթից օգտվելով մի շարք քաղաքական ուժեր, որոնք միշտ հայտնվում են ասպարեզում այն ժամանակ, երբ հազիվ հնարավորություն է ընձեռնված ցույց տալ, որ նախ իրենք դեռ կան և երկրորդ, երբ հնարավորություն է ստեղծվում քծնել իշխանություններին:

Այսպիսով, սիրային խոստովանությունները ուղղված են ՀՀ «ճկուն» նախագահ Սերժ Սարգսյանին, և այս հարցում այսօրվա դրությամբ առաջատար տեղերն են կիսում Միավորված կոմունիստական կուսակցության նախագահ Յուրի Մանուկյանը (http://7or.am/archives/77540) և Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը (http://7or.am/archives/77694), որոնց հաջորդում են Արշակ Սադոյանը, Պարույր Հայրիկյանը, Խոսրավ Հարությունյանը և այլք։

Յուրի Մանուկյանի հարցազրույցից, օրինակ, պարզ դարձավ, որ միավորված կոմինիստների ղեկավարը, դեռևս որևէ առաջարկ չստացած, ցանկություն է հայտնում դառնալ Սարգսյանի գործընկերը, իսկ ավելի ճիշտ՝ նորաթուխ հաճախորդը:

Իշխանության հետ դաշինքի մեջ մտնելը Յուրի Մանուկյանը համարել է իր տարերքը և պատրաստակամություն հայտնել ծառայել Սերժ Սարգսյանի իշխանության կայունության համար: Ըստ նրա՝ ծառայությունը լինելու է անշահախնդիր և իրենք անգամ չեն էլ մտածում խորհրդարան մտնելու մասին: Միավորված կոմունիստական կուսակցության համար ներկայիս իշխանությունները ամեն ինչ անում են ազգի, ժողովուրդի համար, և անգամ նոր հուշագրի ստորագրումը պետականահաճո գործ է:

Դեռևս սկսած 1991թ.–ից ՀՀ այն քաղաքական գործիչները, որոնք փորձում են ծածկել իրենց արած չարածները միշտ հիշում են ազգին, բայց իրականությունն այն է, որ իրենք իրենց տաք տեղերի համար կռիվ են անում ու դա ներկայացնում որպես  պայքար հանուն ժողովրդի: Քանի, որ մանուկյանի գլխավորած կոմունիստները նորովի մտածող հայ կոմունիստներ են, այլ ոչ թե կոմունիստ հայ են, ուրեմն իրենց ծառայությունը անշուշտ նոր ընթացք կստանա:

Նմանատիպ մի կարծիք էլ հայտնեց մարքսիստ Դավիթ Հակոբյանը, ով ինչպես պարզվեց կուսակցության ղեկավարի ծանր աշխատանքը համատեղում է Սերժ Սարգսյանին խորհուրդներ տալու հետ։

–Ոչ թե նա՛ է հայտարարել, այլ ե՛ս եմ հորդորել նախագահին հուլիսի 16–ի ասուլիսի ժամանակ, որ գնան ավելի լայն կոալիցիայի (ինչպես Պուտինը ժողովրդական ճակատ ստեղծեց) և Հանրապետական ոհմակի 50%–ը բարեփոխել նոր, ժողովրդականությո՛ւն ունեցող մարդկանցով։ Այդ ե՛ս եմ հորդորել, և Սերժ Սարգսյանն արդեն նախապատրաստում է դա,– համեստորեն նկատել է մարքսիստը։

Պուտինյան քաղաքականությունից շոյված մարքսիստը, նույնպես պատրաստ է ծառայել «հանուն հայրենիքի» և առաջարկի դեպքում մեծ սիրով կծառայի Սերժ Սարգսյանին, որի դեմ էր պայքարում 2008թ նախագահական ընտրությունների ժամանակ՝ միանալով Լևոն Տեր-Պետրոսյանին։

Ահա այսպիսի բաներ։ Զարգացումները խոստումնալից են թվում, սպասենք  նորանոր խոստովանությունների և բացահայտումների:

Հարություն Խաչիկյան

Այս խորագրի վերջին նյութերը