Մեկնաբանություն

11.08.2023 00:51


Երևա՞ն, թե՞... Էրիվան. սա՛ է առանցքային հարցը

Երևա՞ն, թե՞... Էրիվան. սա՛ է առանցքային հարցը

Սեպտեմբերի 17-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրություններին, դատելով հայտարարություններից, քանականական առումով մի շարք կուսակցություններ են մասնակցելու: Բայց չնայած այդ թվացյալ «բազմազանությանը», արդեն կարելի է ասել, որ քաղաքական բովանդակության առումով պատկերը միանգամայն պարզորոշ է:

Արդեն կարելի է ասել, որ մի կողմում ինքնավերարտադրվելու նպատակ հետապնդող Նիկոլ Փաշինյանն է՝ իր սատելիտներով ու փաշինյանական իշխանությանն սպասարկող զանազան գրպանային ու կիսագրպանային «ուժերով»:

Այս շրջանակի, այսպես ասենք՝ մոտեցումները պարզ են կամ առնվազն կանխատեսելի են: Դե Տիգրան Ավինյանի տեսքով ներկայացող Նիկոլ Փաշինյանի դեպքում, որ՝ հաստատ: Ավելի շատ ասֆալտեղեն փռել, ավելի շատ բարձրահարկ շենքեր տնկել, ավելի շատ փող, ավելի շատ փոշի, ավելի շատ՝ «ծյունինգ» արած կարծեցյալ «լավ կյանք»:

Ուղեկից խմբի հիմնական ասելիքն էլ «մայրաքաղաքային» է լինելու այն իմաստով, որ պարփակվելու է, օրինակ, վերելակներն ավելի լավ փոխելու, ավելի «թույն» ավտոբուսներ բերելու, մի խոսքով մայրաքաղաքային տնտեսության այս կամ այն հարցը լուծելու խոստումներով, պլյուս՝ բոլորին արդեն զզվեցրած աղբահանությունը, մանավանդ Նուբարաշենի՝ պարբերաբար այրվող բնապահպանական աղետ-աղբավայրի անլուծելի հարցի վերաբերյալ երկար-բարակ խոսակցությունները:

Դա, միգուցե լավ կլիներ, եթե Երևանը Հայաստանում չլիներ, այլ Նորվեգիայում ու քաղաքային ավագանի մղվող ուժերն էլ մրցեին զուտ քաղաքային հարցեր լուծելու խոստումներով կամ կարողություններով:

Բայց Երևանը դեռևս Հայաստանում է, իսկ դա նշանակում է, որ վերը թվարկվածների ամբողջ ակտիվության խնդիրը Նիկոլ Փաշինյանի խաղն սպասարկելն է, և՝ ընդամենը:

Արդեն հայտնի է նաև, որ ընդդիմադիր հիմնական ուժերը՝ որպես կուսակցություններ, չեն մասնակցելու այս ընտրություններին, այսինքն՝ անմիջականորեն չեն ներգրավվելու ընտրապայքարում:

Սակայն, ընդդիմադիր «Մայր Հայաստան» շարժումն առավել քան նկատելի ու նույնքան էլ հստակ հայտարարեց ընտրապայքարի մեջ մտնելու մասին: «Մայր Հայաստանը», փաստորեն, միակ ընդդիմադիր միավորումն է, որն Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ՝ մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին:

Երևանի՛: Ու սա հիմնական հարցն է, եթե չասվի՝ հարցերի հարցը:

«Մայր Հայաստանի» ընտրապայքարային ասելիքն ու պայքարի հիմնական ուղղվածությունն իշխանափոխությունն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Մարդիկ բացեիբաց հայտարարեցին դրա մասին: Ու դա է կարևորը:

«Մայր Հայաստանի» մոտեցումն ու նպատակն այն է, որ Հայաստանի մայրաքաղաքը շարունակվի մնալ ու կոչվել Երևան:

Մինչդեռ փաշինյանական իշխանության ու իր արբանյակների գործունեության ուղղվածությունն ու հետևանքն այն է կամ այն է լինելու, որ Երևանը, ընդ որում, տեսանելի ապագայում արագորեն վերածվելու է «էրիվանի», այսինքն՝ ադրբեջանաթուրքական տիրապետության տակ գտնվող կիսահայաբնակ խառնիճաղանջ բնակատեղու: Ընդ որում, որոշակի չափազանցություն է այն պատկերացումը, թե Էրիվանում հայ բնակիչներ էլ են լինելու: Չկասկածեք, որ Նիկոլ Փաշինյանն ու ադրբեջանական թուրքերը հայերին Երևանից էլ դուրս կմղեն կամ կոտորածի կմատնեն:

Հիմա, թե ի՞նչ օդորակիչ կլինի ինչ-որ ավտոբուսի մեջ կամ չի լինի, կներեք, բացարձակապես միևնույն է, եթե Արցախ չի լինելու: Իսկ եթե Արցախ չի լինելու, չի լինելու Հայաստան: Իսկ եթե Հայաստան չի լինելու, ի՞նչ ընտրություն-մնտրություն: Իսկ այդ կործանումը կարելի է կանխել, արգելակել՝ իշխանությունից հեռացնելով Նիկոլ Փաշինյանին: Եվ նման խնդիր դրել է «Մայր Հայաստան» շարժումը: Սա է կարևորը:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը